ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ն, Իսրայելը և ԵՄ-ն են մեղավոր այն ամենում, ինչ տեղի ունեցավ Արցախում. Լուիս Մորենո Օկամպո
Ալիևը ինչ-որ բան անելուց առաջ նախ փորձում է՝ հասկանալու, թե ինչպիսին կլինի արձագանքը: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:
«Ալիևը նախ փորձում է՝ հասկանալու, թե ինչպիսին կլինի արձագանքը։ Տեսեք, թե ինչ եղավ Լաչինի միջանցքում։ Սկզբից նա ուղարկում է, ինչպես ինքն է անվանում, էկոակտիվիստների, որ Ադրբեջանի կառավարության անդամներ չեն, հետո նա անվտանգության ուժեր է այնտեղ տեղակայում, մասնակի շրջափակելով Լաչինի միջանցքը, այնուհետև էսկալացնում է շրջափակումը։ Նա տեսավ, որ ոչինչ չպատահեց։ Այո, որոշ երկրների ղեկավարներ զանգեցին նրան, բայց ոչինչ չպատահեց։ Նա հիմար չէ, նա ստուգում է նրանց ռեակցիան»,- ասել է Օկամպոն։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն, Իսրայելը, ԵՄ-ն են մեղավոր այն ամենում, ինչ տեղի ունեցավ Արցախում, քանի որ Ադրբեջանին թույլ են տվել դա անել:
«Սխալը մյուս երկրներինն է՝ այդ թվում ԱՄՆ, Իսրայել, ԵՄ, որ թույլ են տալիս նրան անել դա։ Այդ պատճառով ինձ համար կարևոր է հասկանալ՝ ինչ է պատահել, երբ էթնիկ զտումն անվանում ենք ցեղասպանություն։ Այն իր մասշտաբներով նման չէ հոլոքոսթին կամ Հայոց ցեղասպանությանը, բայց այն միևնույն է, ցեղասպանություն է, ինչպես Համասի հարձակումը Իսրայելի վրա։
Այն իր մասշտաբներով ավելի փոքր է, բայց, միևնույն է, ցեղասպանություն է։ Իրավական տեսանկյունից դա ցեղասպանություն է, և պետությունն ունի իրավական պարտավորություն՝ կանխելու ցեղասանությունը։ Այդ պատճառով շատ կարևոր է, որ Իսրայելը դադարեցնի զենքի տրամադրումը Ադրբեջանին, որ ԱՄՆ-ը դադարեցնի ֆինանսական օգնությունն Ադրբեջանին։ Դրանք այն ազդակներն են, որ Ալիևը կհասկանա: Իհարկե, ի վերջո մարդիկ իրենք են որոշում՝ ինչ պիտի անեն։ Մենք պիտի ավելի լավ աշխատենք, ավելի լավ տեղեկացնենք նրանց»,- ընդգծել է Օկամպոն։
Նախկին դատախազի կարծիքով՝ հիմա պետք է ամեն ինչ անել, որ Ադրբեջանը ազատ արձակի Բաքվում պատանդ պահվող բոլոր անձանց։
«Հիմա առաջնահերթությունը պիտի լինի ոչ թե Ալիևին ստիպելը, որ նա կանգ առնի, չհարձակվի, այլ վերադարձնի Ղարաբաղն այս մարդկանց, և ազատ արձակի Բաքվում պատանդ պահվող բոլոր անձանց։ Ալիևը 55 մարդու է պահում բանտում, որոնցից 16-ը գերեվարվել է սեպտեմբերի հարձակումից հետո։ Նրանցից որոշները քաղաքական գործիչներ են, որոշները սովորական մարդիկ, մի մասն էլ զինվորականներ։ Նրանցից ոչ մեկ ազատ չի արձակվի առանց միջազգային կառույցների ու այլ երկրների ուժեղ ճնշման, քանի որ Ադրբեջանում անկախ դատական համակարգ չկա։ Ոչ մի դատավոր Ադրբեջանում Ալիևին հակառակ չի գնա։
Պետդեպարտամենտը 2022-ի իր զեկույցում նշում է, որ Ադրբեջանում անկախ դատական համակարգ չկա։ Ուստի այսօր Ադրբեջանի բանտերում գտնվող այս մարդիկ ցեղասպանության զոհեր են։ Նրանք բանտերում են առանց պատճառ, նրանք ադրբեջանական բանտերում են, որպեսզի ազդակ ուղարկվի հայերին, որ եթե դուք վերադառնաք ԼեռնայինՂարաբաղ, ապա ենթարկվելու եք կտտանքների, ձերբակալվելու եք կամ սպանվելու եք։ Ահա թե ինչու են այս 55 պատանդները պահվում Բաքվի բանտերում»,- եզրափակել է Օկամպոն։