«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանական կեղծարարության թիրախում է հայտնվել Հաղարծին վանական համալիրը

29/01/2024

«Ադրբեջան արհեստածին կազմավորումը շարունակում է պետական մակարդակով  տարածքային հավակնությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ օրեցօր  խորացնելով զավթողական  քաղաքկանությունը: Տաթևի  վանական համալիրից, Էջմիածնի Մայր տաճարից, Հառիճավանքից հետո ադրբեջանական կեղծարարության թիրախում  հայտնվեց  Հաղարծին վանական համալիրը»,- ահազանգում է «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը։

«Հաղարծին վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18կմ հյուսիս՝ Հաղարծին գյուղում:

Հաղարծինի ուսումնակրթական կենտրոնը մատենագրության մեջ հիշատակվում է XIII դարից և կարճ ժամանակահատվածում վերածվում մշակութային հայտնի օջախի։ Կենտրոնի վերելքն առավելապես կապված է Խաչատուր Տարոնացու բազմաբեղուն գործունեության հետ։

Վանական համալիրի ինքնատիպությունն ապահովում են պատմական տարբեր ժամանակաշրջաններում կառուցված երեք եկեղեցիները, երկու գավիթը (մեկը ավերված) և սեղանատունը: Դրանցից ամենահինը` Ս.Գրիգոր եկեղեցին է (մոտ Xդ.), որը խաչաձև-գմբեթավոր կառույց է։ Արևմուտքից կից է 4 սյուներով մեծ գավիթը, որը XIIդ. վերջին կառուցել է Իվանե Զաքարյանը։ Գավթի անկյունային միահարթ առաստաղների բարձրաքանդակներին (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ և այլն, նաև՝ փոքրիկ արձանագրություններ) բնորոշ է XIIIդ. հայկական քանդակի յուրատիպությունը: Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանադամբարանների մնացորդներ: Եկեղեցուն հյուսիսից կից է թաղակապ մատուռը, իսկ արևելյան մասում կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից կառուցված Ս.Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին (1244թ.):

«Ադրբեջանական  պետական  քարոզչամեքենան ոչ միայն խեղաթյուրում  է նշանավոր  այս վանական համալիրի պատմությունը, այլ նաև որպես «ադրբեջանական պատմական  բնակավայրեր» է  ներկայացնում Դիլիջան քաղաքն ու Հաղարծին  գյուղը: Այս ամենը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Ադրբեջանը չունի  ո’չ  պատմություն,  ո՛չ  մշակույթ, այլ  յուրացնում է  տարածաշրջանի  տեղաբնիկ  ժողովուրդների  պատմությունն ու մշակույթը, որոնք  ստեղծվել  են  հազարամյակներ շարունակ:

Այն, որ  Ադրբեջանում  ամեն ինչ  կեղծ և արհեստական է,  դիպուկ  կերպով նշված է գեներալ-լեյտենանտ Դենիկինինի աշխատությունում. «Ադրբեջանական Հանրապետությունում ամեն ինչ արհեստական էր, «ոչ իսկական»` սկսած անվանումից, որը վերցված էր Պարսկաստանի նահանգներից մեկից: Արհեստական տարածք, որն ընդգրկում էր Լեզգիական Զաքաթալան, Բաքվի և Ելիզավետպոլի հայ-թաթարական նահանգները և ռուսական Մուղանը՝ միավորված թուրքական քաղաքականությամբ` որպես պանթյուրքիզմի հենակետ Կովկասում: Արհեստական պետականություն,  քանի որ այս հողերը, որոնք ընկած էին ժողովուրդների մեծ գաղթի ճանապարհին և ենթարկվում էին իրար հաջորդող նվաճողների տարբեր մշակույթների ազդեցությանը, միշտ բնակեցված էին ցրված փոքրաթիվ ցեղերով, որոնք թշնամանում էին միմյանց դեմ և դեռ պահպանում էին քոչվորական կյանքի առանձնահատկությունները: Ի վերջո, արհեստականորեն պահպանվում էր նաև ադրբեջանական կառավարությունը. սկզբում՝ Նուրի փաշայի կամքով, հետո՝ գեներալ Թոմսոնի, իսկ հետագայում՝ պարզապես իներցիայով»:

Վերջերս ադրբեջանական տիկտոկյան ալիքները  հրապարակեցին  տեսանյութեր, որոնցում  Հաղարծին վանական համալիրը ներկայացվում է որպես  աղվանական:
Այս և բազմաթիվ այլ փաստերն ակնհայտորեն  ույց  են  տալիս Ադրբեջանի  հակահայկական քաղաքականության դիմագիծը, որն իրականացվում է պետական  մակարդակով»,-  ասված է հաղորագրության մեջ։