«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անդրանիկ փաշան կամ «խենթի պես քաջը»

25/02/2021

«Ամեն օր ձեր գլուխը բարձին դնելուց ու քնելուց առաջ հիշեք, թե այդ օրը ի՛նչ եք արել ձեր ազգին համար»:

 Զորավար Անդրանիկ

«Ես միշտ հանձին Անդրանիկի տեսնում էի ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատության մարտիկին, որ խորապես սիրում է իր Հայրենիքը։ Ես առանձնակի հաճույքով էի միշտ կարդում ռուսերեն թարգմանությամբ քաղվածքները հայկական թերթերի հոդվածներից, որտեղ Անդրանիկին հարգանք էր մատուցվում՝ իբրեւ ազգային հերոսի, որն իր գլուխը միշտ քաջաբար պահեց Հայաստանի դարավոր թշնամու դեմ պայքարում ազգային իդեալները իրագործելու համար»:

 Գեներալ-լեյտենանտ Չեռնոզուբով

Անդրանիկի հանդեպ սերն առանձնահատուկ է, ամենահայ սիրելի զորավարը, ում պաշտում է ոչ միայն հայ ժողովուրդը, այլեւ նրանք, ում բախտ է վիճակվել ազատագրվել թուրքական յաթաղանից նրա բազկի զորությամբ։ Անդրանիկին սիրել ու գնահատել են նրանք, ովքեր տեսել, զինակցել են նրան, նրա հետ կռվել ու պայքարել, սիրել ու գնահատել են նրան. նրա մասին սոսկ լսածները, իսկ նրա լուսանկարները` հատկապես խորհրդային տարիներին, «անլեգալ», զարդարում էին փոխադրամիջոցների դիմապակիները, կոշկակարների կրպակների պատերը, ինչը մի տեսակ ժողովրդական մշակույթի մաս էր դարձել ու հպարտության առարկա, քանզի «խենթի պես քաջ» էր, ինչպես նրա մասին արտահայտվել է ռուս զորավար Յուդենիչը։ Նրա հայրենասիրությունը, ես կասեի` արվեստ էր, ինչպես Թումանյանի հզոր քառատողերը, եւ նա էլ` Թումանյանի պես համաժողովրդական սիրո առարկա, ում շնորհիվ յուրաքանչյուր անհատ սեփական պատվի, կամքի ու բազկի զորությունն է զգում եւ իրեն դնում այն բարձրության վրա, ուր մեծերն են հասցնում ազգին։

Անդրանիկի հետ կապված ամեն բան սրբություն է նրան ճանաչողների համար. նրա հետ կապված իրերը երկյուղածությամբ են փոխանցվել միմյանց ու, ի վերջո, հանգրվանել «Զորավար Անդրանիկ» ֆիդայական շարժման թանգարանում։ Նրա արձանները կանգնեցված են աշխարհի տարբեր քաղաքներում ու անկյուններում, եւ որքան մեծ է սերը նրա հանդեպ բարեկամների, նույնքան մեծ է վախն ու ատելությունը թշնամիների շրջանում. մինչ օրս էլ թուրքերը վախենում են անգամ նրա անունից կամ որեւէ բանից, որ կարող է հիշեցնել նրան, ինչպես որ 2011 թ. մայիսին, երբ Անդրանիկի արձանը կանգնեցվեց Վոլոնկա (Սոչի) գյուղում, նույն օրն էլ հանվեց. թուրքերը հայտարարել էին, որ կբոյկոտեն 2014 թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը, եթե արձանը մնա։ Եվ դա հայտարարում են այն թուրքերը, որոնց հայրերն ու պապերն իրագործել են աշխարհի ամենաքստմնելի արարքներն ու ցեղասպանությունները մարդկության հանդեպ, այն թուրքերը, որ չեն ուզում սրբել իրենց վրայից միլիոնավոր անմեղ զոհերի արյունը, որ հեղել են դարերի ընթացքում եւ որով միայն պարծեցել են եւ ոչ երբեք ապաշխարել։ Նրանք իրենց ոճրագործ ու բարբարոս պապերի ժառանգորդներն են ու հավիտյան պատասխանատուն, քանզի այսօր էլ շարունակում են նույն վայրագություններն ու ոտնձգություններն իրենց հայրենիքներում խաղաղությամբ ապրող ստեղծագործ ժողովուրդների հանդեպ, եւ վաղուց ժամանակն է, որ աշխարհը համախմբվի ու համարժեք քայլեր ձեռնարկի, իսպառ վերացնի չարիքի բույնը, որ միայն ցավ ու թշվառություն է տարածում ամենուրեք, որտեղ ոտք են դնում թուրքական մոլեռանդ ամենատիրությունն ու ամենաթողությունը…

Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865 թ. փետրվարի 25-ին` Արեւմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ Ի սկզբանե նրա բախտը չի բերել, եւ ճակատագիրն, ասես մի երեսով է ժպտացել նրան. մայրը մահացել է, երբ մեկ տարեկան էր փոքրիկը. մորից զրկվելով` վայելել է քրոջական սիրո խնամքն ու գուրգուրանքը… Ամուսնացել է շատ վաղ` 17 տարեկանում, եւ ճակատագիրը նույն խաղն է խաղացել նրա հետ` կինը մահացել է մեկ տարի անց` ծննդաբերելիս, որդին` ծնվելուց մեկ օր անց… Ողբերգություններով հարուստ անձնական կյանքը վաղ է հասունացրել նրան, հատկապես երբ այն ձուլվել է հասարակական կյանքի` ազգային ողբերգության հետ՝ ընտանիքի հոգսի ու ազգի պահպանման խնդիրը դնելով ուսերին։ Եթե անձնական կյանքի անարդարության դեմ հնարավոր չէր սուր ճոճել, ապա պարտավոր էր ըմբոստանալ այն անարդարության դեմ, որն ստիպում էր ուղղակի՛ սուր ճոճել, եւ նա` որպես արիասիրտ այր, չէր կարող իրեն հանդիսատեսի դեր վերապահել այն դեպքում, երբ «Կարմիր սուլթան» հորջորջված արյունարբու Աբդուլ Համիդը հանիրավի սկսել էր հայերի դեմ հալածանքներն Օսմանյան կայսրության` բոլոր մուսուլմաններին իր իշխանության տակ առնելու մառազմատիկ ծրագրերն իրականացնելու ճանապարհին։ Անդրանիկը 17 տարեկան էր, երբ բանտարկվեց թուրք ժանդարմին ծեծելու համար, ով ահաբեկում էր հայ բնակչությանը։ Սա, կարելի է ասել, հանուն արդարության ու ազգի փրկության զինվորագրվելու մկրտությունն էր, որից ետ չկանգնեց ողջ կյանքի ընթացքում, ավելին` դրանից բացի այլ գործ չկարեւորեց, ինչպես ինքն է խոստովանում. «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի եւ պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության եւ բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը եւ ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»:

Արդարության ու ազնվության համար պայքարը չէր սահմանափակվում ազգային շրջանակներում. նրա ազատատենչ ոգին ծառայում էր համընդհանուր խաղաղությանն ու բարեկեցությանը, եւ նրա համար տարբերություն չկար, թե որտեղ եւ երբ սուր կվերցնի արյունարբու ոսոխի դեմ, որպիսին թուրքն է, եւ ինչպես կռվի նրա դեմ` միայնա՞կ, խմբո՞վ, հայդուկային ջոկատներո՞վ, թե՞ կազմակերպված զորքով. կարեւորը թշնամուն ճնշելն էր թե՛ բարոյապես, թե՛ զենքի ուժով։ Այսպես՝ 1912-1913 թթ.` Գարեգին Նժդեհի հետ միասին, նրա գլխավորությամբ հայ կամավորներից կազմված վաշտը մտավ բուլղարական բանակի աշխարհազորի կազմ եւ մարտնչեց Օսմանյան կայսրության բանակի դեմ։ Բուլղարական հրամանատարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մասնակցությունն Առաջին բալկանյան պատերազմին, որի ժամանակ նաեւ Բուլղարիայում Անդրանիկի գրած պարտիզանական պայքարի մասին «Մարտական հրահանգների» փորձը լավագույնս ծառայեց բուլղարացիներին։ Արեւմտյան Հայաստանի ազատագրության համար բազում մարտեր մղած զորավարն Առաջին համաշխարհայինի ժամանակ շտապեց թուրքերից փրկելու Արեւելյան Հայաստանը, որին նույն ճակատագրական ցեղասպանության վտանգն էր սպառնում։ 1914 թ. օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպում է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաեւսկուն ու Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամություն հայտնում։ Անդրանիկի կազմակերպած կամավորական գունդը, անհավասար ու աննահանջ մարտեր մղելով թուրքերի դեմ, ապշեցնում է ռուսական հրամանատարությանն իր քաջությամբ ու խիզախությամբ։ Այնտեղ, որտեղ անհնար ու խենթություն էր թվում պայքարը, Անդրանիկը պատրաստ էր սակավ ուժերով սեպի պես խրվել թշնամու խիտ ու կազմակերպված զորքի խորքերն ու ցրիվ տալ այն։ Նա բազմաթիվ հերոսական մարտեր մղեց Կովկասյան տարածաշրջանում, Իրանում, Հայկական լեռնաշխարհում` թույլ չտալով թուրքերին հաստատվել այդտեղ, եւ հատկապես նրա կամքն անսասան էր Զանգեզուրի՛ պաշտպանության հարցում, սակայն նորակազմ  հանրապետությունների ղեկավարները դեռեւս 1918 թ. հունվարին պատրաստ էին բանակցել թուրքերի հետ, իսկ թուրքերին սոսկ Անդրանիկի՛ կարծիքն էր հետաքրքրում, քանի որ Կովկասը գրավելու հիմնական խոչընդոտը նա էր, իսկ Անդրանիկին, ցավոք սրտի, իր գործն ավարտին հասցնելուն խոչընդոտ դարձավ Անտանտի դաշնակիցների, Հայաստանի Հանրապետության որոշ ղեկավարների եւ բոլշեւիկների դավաճանությունը, որի պատճառով այդուհետ զորավարն ստիպված էր խորին ցավով ու ափսոսանքով լքել հայրենիքն ու հեռանալ արտասահման։

Մեծ զորավարը վախճանվեց 1927 թ. օգոստոսի 31-ին ԱՄՆ-ում` սրտի կաթվածից` «Գործս կիսատ մնաց…» վերջին խոսքերը շուրթերին։ 1928 թ. հունվարին Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատնից Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանոց տեղափոխված նրա անհանգիստ սիրտը 2000-ին, ի վերջո, հանգիստ գտավ հայրենիքում` Եռաբլուրում, այնտեղ, այն հարազատ միջավայրում, որտեղ հանգրվանում են հանուն հայրենյաց պայքարում զոհված բազում հայորդիների աճյունները։

https://armenpress.am