«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պատմության քաղաքական դասերը և նրանց նշանակությունը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական ռազմավարության ու մարտավարության մշակման համար. Գարիկ Քեռյան, քաղաքական գիտ. դոկտոր. պրոֆեսոր

28/04/2021

  Ապագա ունի այն ազգը, որը քննադատաբար է նայում իր անցած պատմությանը: Եթե ազգի քաղաքական միտքը զբաղված է մերկ պարծենկոտությամբ, համաշխարհային քաղաքակրթության մեջ տվյալ ազգի ներդրման անհարկի ուռճացմամբ, ապա նրա ապագան դառնում է մշուշոտ: Եվ ընդհակառակը, իրատեսական գնահատականները, համեստությունն ու շրջահայեցությունը, սեփական ձեռքբերումների ճիշտ վերլուծությունները հնարավորոիթյուն են տալիս գտնել ապագայի ամենաարդյունավետ զարգացման ճանապարհները: Օրինակաները բազմաթիվ են: Նայենք  խնդրեմ Ղազախստանին: Ղազախները, որոնք ոչ պետություն են ունեցել, ոչ էլ կարող են հպարտանալ իրենց մշակույթի համաշխարհային նշանակություն ունեցող կոթողներով,  սրընթաց կերպով առաջ են գնում, կերտելով Կենտրոնական Ասիայի հզոր պետություններից մեկը, որն այսօր ունենալով մեծաքանակ ռուս բնակչություն առանց հակամարտության դինամիկ զարգացնում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ և հավակնում է դառնալ տարածաշրջանային ուժային կենտրոն: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ղազախները շատ լավ հաշվի են առել պատմության դասերը, ճիշտ գնահատել են ինչպես իրենց, այնպես էլ հզոր հարևաններին` Ռուսաստանին և Չինաստանին, որոնց հետ փոխհարաբերությունները տարածաշրջանում շատ անգամ վճռորոշ են դառնում զարգացումների համար: Այլ օրինակաների մեջ չխորանալով դառնանք դեպի մեզ:

  Առանց խուսանավումների և այլևայլությունների ուղղակիորեն նշեմ. իմ կարծիքով հայ քաղաքական միտքը չունի պատմությունից դասեր քաղելու մշակույթ: Եթե հաշվի չառնենք մի քանի բացառիկ դեպքեր, նորագույն ժամանակներում, նաև այսօր, քաղաքական որոշումների ընդունման ժամանակ պատմության դասերը մեծամասամբ հաշվի չեն առնվել: Գաղտնիք չէ, որ սուբյեկտիվ գործոնի /քաղաքական ընտրանու, պետական ղեկավարների, քաղաքական լիդերների/ դերը յուրաքանչյուր ազգի քաղաքական զարգացման, ապագայի և ճակատագրի գործում շատ մեծ է: Եթե քաղաքական-պետական ղեկավարները, ազգի ընտրանին, ունակ չեն ընկալել անցյալի դասերը, նրանք  չեն կարող ապագայում ճիշտ որոշումներ կայացնել: Իսկ ինչ է անհրաժեշտ:

  Այս ուղությամբ առաջնահերթը սեփական պատմության քննական վերլուծությունն է: Ինչու՞: Անցյալի դասեր, պատմության դասեր ասելով ես ավելի շատ հասկանում եմ սխալների բացահայտում, որովհետև հաղթանակների ու հաջողությունների փառաբանումից դժվար թե հնարավոր լինի դասեր քաղել: Ունի՞ արդյոք հայ պատմագիտական միտքը հայոց պատմության քննական վերլուծության մշակույթ և ավանդույթներ: Իմ կարծիքով միանշանակ, ոչ: Բոլորիս քաջ հայտնի է, որ 17-րդ դարից սկիզբ առած ազատագրական շարժումներն ու ձեռնարկումները տարբեր արտահայտչաձևերով շարունակվեցին 18, 19-րդ դարերում և 20-րդ դարի սկզբին և իրենց հանգուցալուծումը գտան եղեռնով ու Արևմտյան Հայաստանի ոչնչացմամբ: Եթե անկեղծ լինենք և փորձենք ճշմարտությունն ասել, ապա պիտի արձանագրենք - նոր և նորագույն ժամանակաշրջանի հայ ազգային ազատագրական շարժման արդյունքը զրո է: Որտեղից պետք է դասեր քաղենք, եթե չունենք գիտա-հետազոտական լուրջ աշխատություններ, որոնցում բացահայտված լինի ազատագրական շարժման ձախողման իրական պատճառները և արված լինեն քաղաքական հետևություններ: Չէ որ դրանք շատ կարևոր են Հայաստանի  արդի ներքին և արտաքին քաղաքականության ռազմավարության մշակման համար: Մեր պատմության քաղաքական դասերն ըմբռնելու համար դեռ կարիք ունենք հայ քաղաքական կուսակցությունների գործունեության ճշմարիտ ու օբյեկտիվ գնահատականի, որը նույնպես չկա: Հրապարակի վրա չկան նաև եղեռնի կանխարգելման գործում հայ քաղաքական կուսակցությունների անգործության, առաջին հանրապետության արտաքին քաղաքական ձախողումների, 1920-21թթ. տարածքային կորուստներին և մի շարք այլ պատմական իրադարձությունների քաղաքական դասերին նվիրված հետազոտություններ: Եթե գանք մեր օրերին, արդեն կարող ենք արձանագրել, որ Երրորդ հանրապետության պատմության քաղաքական դասերն հաշվի առնելու անհրաժեշտություն կա, որը կրկին անտեսվում է: ժամանակն է մշակել հայոց պատմության քննական վերլուծության և ձախողումների բացահայտման մշակույթ:

  Հաջորդը, քաղաքական դասերի տեսանկյունից ազգային խորհրդանիշների հարցն է: Յուրաքանչյուր ազգ վերցնում է իր պատմությունից որոշակի փառքի սիմվոլներ /ազգային ոգին ամրապնդող խորհրդանիշներ/, որոնց միջոցով իրականացվում է երիտասարդության ռազմա-հայրենասիրական դաստիարակությունը, այսպիսով իրականացնելով կարևորագույն քաղաքական մի գործընթաց, որն է` ազգային համախմբումը ազգային պետության շուրջ: Ազգային-հայրենասիրական ոգու ամրապնդման համար ինչ խորհրդանիշներ ենք վերցրել մենք մեր պատմությունից: Ես իմ տված հարցի պատասխանը չունեմ, սակայն կարող եմ բոլորի ուշադրությունը հրավիրել Հայոց Մեծ եղեռնի խորհրդանիշ դառնալու հանգամանքի վրա, չնայած  գիտակցում եմ, որ այս հարցում կարող եմ արժանանալ մեծամասնության քննադատությանը, բայց չեմ խուսափի իմ կարծիքը հայտնելուց: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից արված հայտարարությունը այս հարցադրումը դարձնում է առավել արդիական:

  Եղեռնը խորհրդանիշ է դարձել աննկատ, բայց դա արդեն իրողություն է: Այսօր մենք փորձում ենք աշխարհում մեզ ճանաչել տալ նրանով, որ ցեղասպանության ենթարկված ազգ ենք: Եղեռնի փաստով մենք դաստիարակվում ենք դպրոցում, այդ փաստով փորձում ենք քաղաքական մշակույթ ձևավորել և արտաքին աշխարհին ներկայանալ: Ցեղասպանության իրողությունը ապացուցելը և նրա միջազգային ճանաչման համար պայքարը դարձել է արդի հայկական պետության և հայ ասգի այցեքարտը միջազգային հանրության ներկայանալու համար:  

Իմ կարծիքով այս երևույթը բարոյահոգեբանական և պատմական դասեր քաղելու խեղաթյուրում է: Հայաստանը պետք է աշխարհին ներկայանա որպես քաղաքակրթության օրրաններից մեկը, իսկ ազգի հայրենասիրական ոգու ամրապնդումը պետք է հենվի հայրուրամյակներ ձգվող հայկական պետականությունների իրական հաղթանակաների քարոզչության և կործանումների քաղաքական և այլ պատճառների լուսաբանման վրա: Իհարկե, մենք  երբեք չպետք է մոռանանք, մենք միշտ պետք է հիշենք որ ունեցել ենք հայրենիք, որ մեր ժողովրդի մի մասը ոչնչացվել է, բայց սա երբեք չպետք է վերածենք ազգային խորհրդանիշի: Մենք պետք է աստիճանաբար, գիտակցաբար եղեռնի հիշողությունը տողափոխենք այլ ոլորտ, արտաքին աշխարհին ներկայանանք որպես հին, բայց ոչ թե զառամյալ ազգ, որը ապագա կերտելու ինչ որ շանսեր ունի: Իմ խորին համոզմամբ հանգիստ, անաղմուկ, առանց ավելորդ քաղաքական  շոուների, հաշվեկշռված գործողությունները հայոց եղեռնի միջազգային ճանաչմանը գործընթացը չպետք է դարձնել արտաքին քաղաքական ռազմավարության գերխնդիր: Անցյալում Հայկական հարցի, իսկ այժմ էլ Հայոց ցեղասպանության միջազգային քննարկումները հստակորեն ցույց են տալիս, որ օտար պետություններն այն օգտագործում են որոշակի քաղաքական նպատակների, հիմնականում Թուրքիայի վրա  ճնշում գործադրելու համար: Այս պարզ իրողությունը, որի մասին նույնիսկ դպրոցական դասագրքում է գրված, արդի հայ քաղաքական միտքը այդպես էլ չի կարողանում, թե չի ուզում ընկալել, դժվար է ասել: Հայաստանն այսօր ունի իրական գերխնդիր, որի լուծումից կախված է մեր երկրի զարգացման ու կայացման գործը: Դա Ղարաբաղի հարցն է, որի համար մարդկային և նյութական հսկայական կորուստներ ենք տվել և շարունակում ենք տալ: Չպետք է մոռանանք նաև, որ արտագաղթով և այլ սոցիալ-տնտեսական կործանարար երևույթներով պարուրված և ռեսուրսներից զուրկ Հայաստանը պետք է արագորեն հասնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Առաջնայինը սա է, և ոչ թե ցեղասպանության միջազգային ճանաչումը, որն ավելի է կոշտացում Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ  և որպես հետևանք լուրջ վնաս հասցնում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանըԵլնելով պատմության դասերից բոլոր ժամանակների ամենատաղանդավոր այրերից մեկը, Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը մարգարեաբար զգուշացրեց իր հայրենակիցներին, որ Գերմանիան երբեք չի կարող հաղթել երկու ճակատում: Այս քաղաքական կտակը հաշվի չառան ոչ կայսր Վիլհելմ Երկրորդը, ոչ էլ Ադոլֆ Հիտլերը: Ինչով ավարտվեց դա, բալորս էլ գիտենք: Հայաստանը Գերմանիայի հետ համեմատվելու ոչ մի շանսեր չունի իր ռեսուրսների և կարողությունների իմաստով, ուստի եկել է  ժամանակը հասկանալու, որ պայքարը երկու ճակատով Հայաստանի ներկա միջազգային կացության պայմաններում անհեռանկար է ու վնասակար:

Այսպիսով նշենք, որ խնդիր ունենք իմչպես արտաքին աշխարհին ներկայանալու ազգային խորհրդանիշների ընտրության, այնպես էլ արտաքին քաղաքական ռազմավարության մեջ ցեղասպանության միջազգային ճանաչման տեղի հարցում։

 Հաջորդ պատմական դասը, որն այսօր մեզ համար ինչ որ տեղ քաղաքական նշանակություն ունի,  հայ ժողովրդի պատմության մեջ այսպես կոչված բարոյական հաղթանակների անհարկի փառաբանումն է: Ինչ ասել է բարոյական հաղթանակ, թերևս մի փոքր պարզաբանման կարիք ունի, սակայն Վարդանանց պատերազմի դասական օրինակով կարելի այսպես հասկանալ. պայքարել ենք, ապացուոցել ենք, որ ճիշտ ենք, աչքի ենք ընկել հայրենասիրությամբ, ապացուցել ենք մեր հավատարմությունը ինչ որ վեհ  արժեքներին, բայց ...: Ահա այստեղ կանգ ենք առնում և խորիմաստ բայցից հետո նշում ենք իրողությունների հաջորդ շարանը. ավերվել է երկիրը, քայքայվել է տնտեսությունը, կոտորվել են հազարավորները, կործանվել են եկեղեցիները, դպրոցները, բնակչությունը դիմել է արտագաղթի և այլն, և այլն: Սակայն այստեղ չի տրվում երևույթների քաղաքական գնահատականը, որպեսզի մեր ապագա սերունդները կարողանան ճիշտ որոշումներ կայացնել: Ինչն  է մեզ խանգարում օրինակ Վարդանանց պատերազմի հերոսությունները դրվատելով, նշել նաև որ ամեն դեպքում կրոնի համար մղված այս պատերազմը էական օգուտ չտվեց Հայաստանին: Պարսավելով Վասակ Սյունուն այնուամենայնիվ խոստովանենք, որ նա ուներ հայկական պետության վերականգնման ավելի լուրջ ծրագիր և կրոնամոլ չէր: Կամ գալով նորագույն ժամանակները, ինչու համարձակորեն չխոստովանենք, որ հնչակյանների  և դաշնակցականների ակտիվ մասնակցությամբ կազմակերպված ապստամբությունները 19-րդ դարի վերջերին և 20-ի սկզբներին հանգեցրին զանգվածային կոտորածների և կրկին իրական ոչ մի օգուտ չտվեցին: Փաստացիորեն դրանք նույնպես բարոյական հաղթանակներ են և ուրիշ ոչինչ, որովհետև ցույց են տվել, որ «պայքարը շարունակվում է, ժողովուրդը չի կորցրել իր ոգին» և այս կարգի այլ բարոյական գնահատականներ: Չեմ ուզում երկարացնել միտքս և բերել այլ օրինակներ, նշեմ միայն, որ բարոյական հաղթանակների փառաբանման վնասակար ավանդույթը հայ քաղաքական մտքի  մեջ ինչպես անցյալում, այնպես էլ ներկայումս մեծապես խանգարում է պրագմատիկ իրատեսական քաղաքականության մշակմանը և որոշումների ընդունմանը: Շատերին այս մտքերը կարող են թվալ որպես փիլիսոփայական դատողություններ կամ անհատական երևակայության արդյունք, բայց կարող եմ բերել այժմեական օրինակներ: Ղարաբաղյան հակամարտության ծանր բեռն իր վրա կրող, աղքատության մեջ թաղված բնակչությամբ, տնտեսական շրջափակման մեջ գտնվող և  իսլամական աշխարհի քթի տակ գտնվոող Հայաստանի ինչին էր պետք  Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի աղմկահարույց տոնակատարությունը այն էլ Հռոմի պապի մասնակցությամբ: Միթե առանձնակի տաղանդ էր պահանջվում հասկանալու, որ այս բարոյական հաղթանակի տոնակատարությունը ադրբեջանական պետական քարոզչությունը կարող է օգտագործել հակահայկական տրամադրությունների բորբոքման համար: Ավելի ճիշտ չէր լինի սահմանափակվել խիստ համեստ միջացառումներով, ելնելով տիրող ռազմա-քաղաքական իրավիճակից: Այս նույն բնութագրումը կարելի է տալ նաև Մեծ Եղեռնի 100- ամյա տարելիցի նշումը, որոնք ավելորդ հանդիսություններով անցան և նման չէին սգո արարողությունների: Հաստատ համոզված եմ, որ Ադրբեջանին վճռական քայլերով օգնելու և Հայաստանին ռազմաքաղաքական ջախջախման տանելու ծրագրերը Անկարայում հենց այդ օրերին էլ մշակվել են, որի իրականացման ականատեսը եղանք 2020 թ.:

Նորանկախ Հայաստանի քաղաքական ղեկավարները ցավոք սրտի չժառանգեցին Խորհրդային Հայաստանի տնտեսական և ազգային ոլորտների շինարարության լավագույն ավանդույթները:  Ամենահասարակ, ամենօրյա տնտեսական և սոցիալական խնդիրների լուծման փոխարեն երբեմն տարված ենք եղել անիմաստ և ամպագոռգոռ միջոցառումներով, ծախսելով ժամանակ և ռեսուրսներ: Օրինակ՝  Հայաստանում շատ սահմանային գյուղեր կան, որոնք դատարկվում են խմելու ջուր չլինելու և այլ պատճառներով: Գյուղերի համար լուծելով այս և այլ խնդիրներ  կարելի էր կանգնեցնել արտագաղթը, որն ազգային անվտանգության լուրջ ապառնալիք է Հայաստանի համար: Բայց ոչ թե  լուծվեցին այդ խնդիրները, այլ հսկայական գումարներ  ծախսվեցին երկրում և երկրից դուրս ազգի «բարոյական» ոգին բարձրացնող ինչ որ ցուցադրական միջոցառումների վրա / համահայկական խաղեր, Արագածի շուրջպար, եղեռնին նվիրված միջոցառումներ, անտեղի ու անհարկի, անճաշակ երգի փառատոներ/: Այսինքն իրականությունը թողած, կրկին բարոյական հաղթանակների վրա ենք աշխատում, առանց հաշվի առնելու պատմության դասերը:

  Պատմությունը մեզ կրկին շանս է տվել 21-րդ դարի սկզբին կերտել մեր անկախ պետականությունը և պատմության ամենաուրջ քաղաքական դասը ես համարում եմ իրական նվաճումներից զուրկ բարոյական հաղթանակների արատավոր գործելակերպի մերժումը արտաքին ու ներքին քաղաքականության ռազմավարության մշակման ժամանակ:

  Պատմությունից բխող հաջորդ քաղաքական դասը ես կվերագրեի հայերի և հարևան ազգերի փոխհարաբերություններին: Այստեղ միանշանակորեն կարող ենք ասել, որ մինչև օրս չենք գիտակցել հարևան ազգերի հետ ապրելու, համագործակցելու, նրանց հետ ինտեգրվելու և համատեղ զարգանալու վճռական նշանակությունը հայկական պետության կայացման և ազգային անվտանգության համար: Հայոց նորագույն պատմության ողբերգական ընթացքը պիտի որ ապացուցած լինի «չկան մշտական բարեկամներ ու դաշնակիցներ, այլ կան մշտական ազգային շահեր» դրույթի ճշմարտացիությունը, սակայն որքան որ տարօրինակ է հայ քաղաքական միտքը և քաղաքական ղեկավարությունը այս ճշմարտությունը ինչպես անցյալում այնպես էլ ներկայումս լիովին չի ընկալել: Իհարկե որոշակի առաջընթաց ունենք Իրանի հետ հարաբերություններում, բայց ընդհանուր առմամբ հարևան ազգերի հետ ապրելու ու զարգանալու մշակույթ դեռ չունենք, իսկ պատմության դասերը ցույց են տալիս դրա առանձնակի կարևորությունը: Նույնիսկ անվտանգության առումով վճռորոշ նշանակություն ունեցող Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունն է թուլացել:

  Իհարկե կան նաև պատմության այլ դասեր, որոնք պակաս կարևոր չեն ներքին և արտաքին քաղաքականության մշակման համար, որոնց մասին անշուշտ արժե խոսել, բայց այստեղ ես կուզենայի ևս մեկ դասի մասին խոսել:11-րդ դարի 20-ական թթ. սկսած, Բագրատունյաց պետության կործանումից հետո, ինչպես գիտենք, սկսվեց, հարյուրամյակներ շարունակվեց և միչև օրս էլ շարունակվում է մեր պետականության կայացմանը և ազգային անվտանգությանը սպառնացող ամենալուրջ վտանգը` արտագաղթը: Սեփական հայրենիքը թողնելու ու այլ երկրներ հեռանալու հազար տարի տևող երևույթը վերածվել է ազգային գենի: Եթե մենք, առաջին հերթին  պետության քաղաքական ղեկավարները, շատ կարճ ժամանակամիջոցում չկարողանան գտնել այդ գենի ոչնչացման հակաթույնը, ապագան հավատացեք, շատ տխուր է լինելու: Խորհրդային Հայաստանի 3.5 – 4 մլն. բնակչությունից, նույնիսկ անզեն աչքով դիտելով պարզ երևում է, որ երկու միլիոն հազիվ է մնացել: 11-րդ դարից մինչև 21-րդ դար ձգվող արտագաղթերի պատմությունը մեզ միայն մի դաս է տալիս. հայը իրեն հայրենիք ընկալում է միայն այն երկիրը, որն իրեն  տալիս է առաջին հերթին անվտանգություն, երկրորդ հերթին բարեկեցություն:   Մնացյալը երկրորդական է: Եթե Ղարաբաղի հարցն էլ լուծենք, եթե ծովից ծով Հայաստան էլ ստեղծենք, միևնույն է հայը լքելու է Հայաստանը, եթե նրա մեջ չի տեսնելու իր բարեկեցությունն ու անվտանգությունը; Հայկական պետությունը պետք է ձեռք տա հային: Արագածի շուրջը պարելով, առավոտից երեկո երգելով, սպորտային նվաճումներով, հեղափոխություններով ու հակահեղափոխություններով  հային Հայաստանում չես պահի: Այստեղ իհարկե գյուտ չենք անում, արձանագրում ենք միայն իրականությունը: Իսկ ինչ է մեզ պարտադրում պատմության այս դասը. առավելագույնս տնտեսականացնել երկրի արտաքին քաղաքականությունը և արտաքին քաղաքականության գերակայությունների մեջ մտցնել հատկապես տարածաշրջանային հարևանների հետ տնտեսական հարաբերությունների զարգացման, հաղորդակցության ուղիների բացման և ինտեգրացիոն ծրագրերին մասնակցության խնդիրների լուծումը: Որպես միջազգայանագետ-քաղաքագետ կամ որպես խնդրի կարևորությունը գիտացող քաղաքացի բավականին երկար ժամանակ է արդեն ուշադիր հետևում եմ արտաքին քաղաքականության մեջ այս ուղղությամբ որևիցե ձեռքբերում կամ իրական առաջընթաց տեսնելու ակնկալիքով, բայց ավաղ: Ավարտելով խոսքս կրկին ցանկանում եմ ընդգծել պատմության ամենակարևոր դասը. հայկական պետությունը պետք է լինի անվտանգ և բարեկեցիկ, հակառակ դեպքում այն հայաթափ է լինելու, անկախ  իր տարածքից, կարգավիճակից և բոլոր մյուս հանգամանքներից: