«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զինդատախազը այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան. մի քանի զորակոչիկներ հետ են վերադարձվել կրկնակի հետազոտությունների համար

01/04/2021

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային հանալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, որտեղ հետեւել է զորակոչի կազմակերպման, անցկացվող վիճակահանության գործընթացներին, սահմանված կարգին եւ պայմաններին դրանց համապատասխանությանը:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Կենտրոնական հավաքակայանում զինվորական դատախազը հաղորդակցվել է զորակոչիկների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները: Վահե Հարությունյանը կարեւորել է այն հանգամանքը, որ զորակոչիկները վիճակահանության անաչառությամբ խնդիրներ չեն մատնանշել, դժգոհություններ չեն արտահայտել, ինչը եւս վկայում է հատկապես հետպատերազմյան շրջանում իրականացվող առաջին զորակոչի շրջանակներում այս գործընթացի պատշաճ եւ հանրային բավարար վստահության ներքո անցկացվելու մասին՝ վստահեցնելով, որ այն գտնվում է ՀՀ զինվորական դատախազության ակնդետ ուշադրության կենտրոնում:
Վահե Հարությունյանը ներկա է գտնվել նաեւ հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպման աշխատանքներին, որի ընթացքում առանձնազրույցներ է ունեցել ինչպես տարբեր բժիշկ-մասնագետների, այնպես էլ հետազոտվող զորակոչիկների հետ, ծանոթացել վերջիններիս ներկայացրած առողջական գանգատներին: Առանձին անձանց առողջական վիճակի վերաբերյալ առկա կասկածները փարատելու համար նա հանձնարարել է վերջիններիս ենթարկել կրկնակի ու ավելի մանրազնին հետազոտության:
Զինվորական դատախազին զեկուցվել է, որ մի քանի զորակոչիկներ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանից ետ են վերադարձվել կրկնակի հետազոտություններ անցկացնելու նպատակով, ինչի կապակցությամբ տրվել է հանձնարարական՝ տվյալ զորակոչիկների անձնական գործերն ուսումնասիրության նպատակով ուղարկել ՀՀ զինվորական դատախազություն:
Ելնելով իրեն ներկայացված առաջարկությունների, գանգատների ու մտահոգությունների բնույթից՝ ՀՀ զինվորական դատախազը ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային հանալրման ծառայության պետին տվել է զորակոչի գործընթացը եւ կազմակերպչական հարցերն առավել բարելավվելուն ուղղված կոնկրետ ցուցումներ: