«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հակառակորդը որդեգրել է բնակավայրերում դրոշներով լուսանկարվելու քաղաքականություն

13/10/2020

ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմում Ադրբեջանի Զինված ուժերի` վերջին մի քանի օրվա ընթացքում որդեգրած քաղաքականությունը: Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Հովհաննիսյանը նշեց, որ այդ քաղաքականությունը ձևավորվել է պատերազմում ռազմական էական հաջողություններ չունենալուց հետո: 

«Վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ն որդեգրել է հետևյալ քաղաքականությունը` հեռախոսախցիկներին գործողություններով մերձռազմաճակատային տարբեր բնակավայրերում արագ ներթափանցումներ իրականացնել, տեղեկատվական ակցիաներ իրականացնել, տարբեր շենքերի վրա դրոշներ պարզելով նկարվել, որպեսզի հոգեբանական ազդեցություն թողնեն իրենց, հետո նաև մեր հասարակության վրա: Խնդիրը հետևյալն է` արդեն երկարաժամկետ մարտական գործողությունների ընթացքում, կոտրելով սեփական զինված ուժերի մեծ ներուժը, հարձակողական մարտերում մեծ, էական առաջընթաց ու հաջողություններ չունենալով, Ադրբեջանի հասարակությանը պետք է կերակրել նման տեղեկություններով»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ այս օրերի ընթացքում Ադրբեջանի երեք-չորս բանակային կորպուսին հաջողվել է մեկ գնդի առջև առկա խնդրի չափով առաջխաղացում ունենալ:

«14-15 օրվա ընթացքում մեկ գնդի առաջ առկա խնդրի ծավալով առաջխաղացում ապահոված ադրբեջանական երեք-չորս բանակային կորպուսները մեծ հաշվով մեծ գովելու բան չունեն: Ցանկացած օտարազգի ռազմական փորձագետ կհաստատի իմ ասածը: Դրանից հետո ոչինչ չի մնում, բացի նրանից, որ դիվերսիոն խմբերն արագ ներթափանցումներ կատարեն տարբեր բնակավայրեր, նկարվեն տարբեր շինությունների մոտ ու ներկայացնեն դրանք որպես բնակավայրի գյուղապետարան կամ քաղաքապետարան»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: