«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նարեկ Հարությունյան. «Երբ երկյուղածությամբ, հարգանքով, սիրով չես մոտենում քո ժողովրդին, ազգիդ, շատ բան ես կորցնում»

08/02/2021

«Աստծո տվածը մարդը չի կարող վերցնել: Ժամանակավոր կարող է գրավել, բայց այն մեզ է պատկանում»,- սա «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանի համոզմունքն է նաև այսօր, երբ թշնամուն են մնացել նրանց կառուցած Քնարավան գյուղը և Շուշիի «Նարեկացի» արվեստի կենտրոնը:

Ամերիկահայ Հարությունյանների ընտանիքը Արցախում երկու խոշոր ծրագիր է իրականացրել՝ Քարվաճառում (Շահումյանի շրջան) կառուցել է Քնարավան գյուղը և Շուշիում հիմնադրել «Նարեկացի» արվեստի կենտրոնը: Արցախում իրագործած այդ երկու ծրագրերի համար Հարությունյանները ներդրել էին մոտ 2 մլն ԱՄՆ դոլար: Արցախյան երկրորդ պատերազմից հետո դրանք մնացին թշնամուն հանձնված տարածքներում:     
 

Image result for Նարեկ Հարությունյան

Քնարավանը ամերիկահայ Կարապետ Հարությունյանի ընտանիքը հիմնադրել էր 2004թ.-ին: Բազմազավակ և անտուն ընտանիքների համար գյուղում 15 տուն էին կառուցել, դպրոց, բուժկետ, համայնքապետարան: Հայաստանի տարբեր բնակավայրերից՝ Արտաշատից, Վեդիից, Գավառից, Երևանից Քնարավան տեղափոխված ընտանիքներին բարերարները տունը նվիրել էին մի պայմանով՝ նվազագույնը 10 տարի պետք է ապրեն այդտեղ: Քնարավանի բնակիչները 17 տարվա բնակությունից հետո 2020թ. նոյեմբերին հարկադրված եղան լքել գյուղը: Հեռանալուց առաջ վառեցին սեփական տունը, որպեսզի թշնամին չվայելի տարիների իրենց ստեղծածը:

Նարեկ Հարությունյանն առաջին անգամ 2002թ.-ին է եղել Արցախում: Ասում է, որ այն ժամանակ Արցախի կառավարությունը տարածքներ էր տալիս՝ պայմանով, որ դրանք կառուցվեն: 2002թ.-ին մահացել էր մայրը՝ Քնար Հարությունյանը, և հոր ցանկությունն էր կնոջ հիշատակին որևէ խորհրդանշական բան անել հայրենիքում:

«Մտածեցինք փոքրիկ գյուղ կառուցել ազատագրված հողերի վրա և մայրիկիս անունով այն կոչեցինք Քնարավան: Գյուղը ազատագրված տարածքում կառուցեցինք, որովհետև Քարվաճառը հայոց պատմական հողն էր: Գյուղի վերևում՝ մի կողմում Հանդաբերդն է, մյուս կողմում եկեղեցի կա, տարածքում շատ խաչքարեր կային, որոնք հայկականության դարերի վկայությունն էին այդ հողատարածքներում»,- ասում է Ն. Հարությունյանը:

Image result for քնարավան

«Այսօր յուրաքանչյուր հայի պարտականությունն է Արցախի վերաշինությանն աջակցելը: Մենք պարտավոր ենք շարունակելու մեր նախնիներու ավանդած գործը, պարտավոր ենք վերապրելու, պարտավոր ենք փոխանցելու հայու անունը, հայրենի հողը մեր զավակներուն: Քնարավանը պիտի սկսի ուռճանալ և մեծանալ, կամաց-կամաց պիտի ծնին նոր Քնարավաններ»,- հայտնել էր բարերար Կարապետ Հարությունյանը 2004 թ. սեպտեմբերի 3-ին գյուղի բացմանը:

Քնարավանի կառուցապատումը դեռևս ավարտված չէր, հիմնադիրները նպատակ ունեին հյուրատներ կառուցել այնտեղ, որպեսզի այցելուները մնալու տեղ ունենան, իսկ գյուղացիները՝ աշխատանք: «Երբեք չենք մտածել, որ մի օր այն կարող ենք կորցնել, երբեք չենք պատկերացրել, որ կարող ենք այդ աստիճան սխալներ գործել, որ այն կկորցնենք: Բայց փաստ է, որ իբրև ազգ չկարողացանք այդքան կազմակերպվել»,- ասում է Նարեկ Հարությունյանը:

Քնարավան համայնքի ղեկավար Արտավազդ Միքայելյանը 2006թ.-ին Վեդիից ընտանիքով տեղափոխվել էր այնտեղ: «Քարվաճառը մեզ համար հայրենիք էր, ինքս էի խրախուսում, որ մարդիկ գան այնտեղ ապրելու: Գյուղում մեծ դպրոց կար, բուժկետ, համայնքապետարան, որոնք կառուցել էր Կարապետ Հարությունյանը: Բոլորս շնորհակալ էինք նրանց, որ մեզ ապահովել էին ամեն ինչով: Չենք մտածել, որ մի օր ազատագրված տարածքները կվերադարձնեն: Ես վերջին օրերին եմ դուրս եկել Քնարավանից, երկու տղաներիս հետ մասնակցում էինք կռվին, մինչև վերջին օրը չէի հավատում, որ գյուղը պետք է լքենք»,- ասում է համայնքապետը:

Ա. Միքայելյանի խոսքով՝ Քնարավանում մարդիկ համեմատաբար լավ էին ապրում: Աշխատում էին զորամասում, դպրոցում, անասուն էին պահում, մեղվաբուծությամբ էին զբաղվում:

Քնարավանի բնակիչները՝ 15 ընտանիք, կրկին անօթևան են: Ինչպես համայնքապետն է ասում՝ ցրվել են տարբեր տեղեր, ծանոթները բնակվելու տեղ են տվել: Արտավազդ Միքայելյանը 11 հոգանոց ընտանիքի հետ վերադարձել է Վեդի՝ իր ծննդավայր, որտեղ ոչինչ չունի, ժամանակավոր բնակվում են Ռուսաստանում գտնվող հարազատներից մեկի տանը:

Շուշիի  կենտրոնում ամփոփված էին արցախցի երեխաների երազանքներն ու ապագան

Image result for նամ շուշի

արությունյանների ընտանիքը Քնարավան գյուղի կառուցմանը զուգընթաց նախ Երևանում, այնուհետև Շուշիում հիմնեց «Նարեկացի» արվեստի միությունը (ՆԱՄ): Երևանում ՆԱՄ-ը իր գործունեությունը սկսեց 2004 թ.-ին, Շուշիում կենտրոնի բացումը տեղի ունեցավ 2006թ.-ին:

«Շուշիում մեզ տվեցին եռահարկ քանդված շենք, որպեսզի կառուցենք՝ հայկական մշակույթի լավագույն արժեքները պահպանելու, արվեստագետներին համախմբելու, շնորհալի երիտասարդներին նեցուկ կանգնելու մեր ստանձնած առաքելությունն իրականացնելու համար»,- պատմում է «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:

Ամբողջությամբ վերակառուցված շենքը միջոցառումների դահլիճ ուներ, վարչական մաս, գրադարան և սրահներ, որտեղ արցախցի 8-12 և 13-18 տարեկան երեխաներին ու պատանիներին 14 տարի անվճար արվեստ և արհեստ էին ուսուցանում: Կենտրոնն ուներ գեղանկարչության, փայտափորագրության, մանրանկարչության, կարպետագործության, կավագործության, ասեղնագործության, լուսանկարչության, կիթառի, քանոնի, երգի, պարի, թատերական, հեքիաթասացի, ասմունքի և այլ խմբակներ:

«Մարդիկ լրջորեն նվիրվել էին կրթելուն, գաղափարախոսություն էին մտցրել իրենց աշխատանքում, դաստիարարակել էին և այլն»,- ասում է կենտրոնի տնօրեն Հայկ Պապյանը՝ նկատի ունենալով կենտրոնի աշխատանքներում ներգրավված վարպետներին և արվեստագետներին:

ՆԱՄ-ի հիմնադրման առաջին տարիներին 200-300 երեխա է հաճախել տարբեր խմբակներ, վերջին տարիներին 50-70 երեխա էր հաճախում: Երեխաների թվի նվազումը պայմանավորված էր քաղաքում արվեստի դպրոցների, խմբակների ավելացմամբ: Ուստի, ՆԱՄ-ը որոշ չափով փոխել էր աշխատանքի ուղղվածությունը՝ միջոցառումներ էին իրականացնում նաև Շուշիի մեծահասակ բնակչության համար: Ամեն շաբաթ տարբեր տեղերից պրոֆեսիոնալ խմբեր էին հրավիրում՝ համերգներ, թատերական ներկայացումներ էին ցուցադրում, նկարիչների ցուցահանդեսներ էին կազմակերպում և այլն:

Երկու տարի կենտրոնում «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումն էին անցկացնում, որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից, և 15-20 օր տևող սիմպոզիումի ժամանակ իրենց ստեղծած քանդակները թողնում էին այնտեղ:

Image result for նամ շուշի

«Վերջին տարիներին լուրջ արվեստ էինք ստեղծում, պայքարել ենք դասական մշակույթ ներմուծելու համար, արվեստ ենք զարգացրել հայկականի հենքի վրա: Հյուրեր ենք ունեցել Բելառուսից, Ուկրաինայից, Իսրայելից, որոնք հիացած էին կենտրոնի գործունեությամբ և նշում էին, որ որոշ տեղերում տեսել են այդպիսի աշխատանք»,- պատմում է Հայկ Պապյանը:

Շուշիի «Նարեկացի» կենտրոնն իր գործունեությունն ընդլայնելու նպատակով 600 քմ տարածքով ևս մեկ երկհարկանի շենք էր վերակառուցել, որն անվանել էին «Հեքիաթների տուն»: Այն լինելու էր ժամանցի վայր, շենքի առաջին հարկում սրճարանն էր, երկրորդ հարկում դահլիճն էր՝ թատերական ներկայացումների և համերգների համար: Վերջին մեկ տարին քաղաքի բնակչությունը սրճարան էր այցելում որպես հանգստի վայր: 

Հայկն ասում է, որ հոկտեմբեր ամսին 15 հոգով ապրում էին ՆԱՄ-ի Շուշիի կենտրոնում, մինչև պատերազմի վերջին օրը մարդ է եղել այնտեղ: Հոկտեմբերի 29-ին ինքը կանանց դուրս է բերել Շուշիից, որովհետև ԱԹՍ-ները շատ էին հարվածում: Կենտրոնի կենսագրությունն ավարտվեց 2020թ. նոյեմբերի 4-ին, երբ տղամարդիկ դուրս եկան Շուշիից: Այնտեղ թողեցին մի քանի տասնյակ քանդակներ, հումք, 14 տարվա ընթացքում կենտրոնի ձեռք բերած ամբողջ գույքը, մանկական թատրոնի տիկնիկները և այլն:

«Բոլորը հույսեր էին փայփայում, որ իրենց տարիների աշխատանքը չի կարող նման դաժան ճակատագրի արժանանալ: Չէ՞ որ կենտրոնում ամփոփված էր ոչ միայն ՆԱՄ-ի տարիների հսկայական աշխատանքը, այլև կենտրոն հաճախող արցախցի երեխաների երազանքներն ու ապագան»,- ասում է վերջին չորս տարիներին կենտրոնը ղեկավարած Հայկ Պապյանը:

Քնարավան գյուղը և Շուշիի արվեստի կենտրոնը կորցնելուց հետո «Նարեկացի» արվեստի միությունը մշակութային գործունեությունը վերափոխել է մարդասիրական աջակցության: ՆԱՄ-ը օգնություն է տրամադրել ավելի քան 300 արցախցի ընտանիքի, այդ թվում Հայաստանում հաստատված Քնարավան գյուղի նախկին բնակիչներին:

«Երբ լինում է անկշտություն, անարգանք, ագահություն և երկյուղածությամբ, հարգանքով, սիրով չես մոտենում քո ժողովրդին, ազգիդ, շատ բան ես կորցնում, ինչն էլ տեսանք վերջին 30 տարիներին»,- կատարվածից այսպիսի եզրահանգում է անում Նարեկ Հարությունյանը:

Նա շեշտում է, որ հայրենիքի հետ կապը Աստծուց է գալիս, սփյուռքում ծնվելով՝ կապը հայրենիքի հետ ավելի է մեծանում: Առանց հայրենիք՝ սփյուռքը դատապարտված է սպիտակ ջարդի: Միայն այս վերջին կորստից հետո հասկացան, որ հայրենիքի ճակատագիրն էլ է վտանգված:

Image result for նամ շուշի

«Ամենամեծ կորուստը մեր զինվորներն են, հազարավոր վիրավորները: Այս տխուր և ողբերգական վիճակից հետո այլևս չեմ մտածում տարածքների կորստի մասին: 1992թ.-ին մոնթեներն ազատագրեցին այդ հողերը, նրանք զոհվեցին, բայց նրանց հավատքը, խիզախությունը մեզ փրկեց: Մեզ համար հոգու պարտք էր տեր լինել, շենացնել ազատագրված հողերը, որպեսզի երկնքից նայող տղաները հպարտ լինեին»,- ասում է ՆԱՄ-ի հիմնադիր նախագահը:

Լուսանկարները տրամադրել է «Նարեկացի» արվեստի միությունը

hetq.am