«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Միջազգային մրցույթ-փառատոներում արցախցիները համոզիչ հաղթանակ են գրանցել

30/08/2021

Չեխիայում և Հունաստանում կայացած միջազգային մրցույթ-փառատոններին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ուսանողները զբաղեցրել են առաջին մրցանակային տեղերը:

Հունաստանում կազմակերպված «Golden Fleece Cup» մրցույթ-փառատոնին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի այս տարվա շրջանավարտ քանոնահարուհի Ալեքսանդրա Մխիթարյանը արժանացել է առաջին մրցանակային տեղին։

«Արտերկրում նման մրցույթի առաջին անգամ եմ մասնակցում: Մրցույթը եղել է օնլայն տարբերակով։ Մենք ուղարկել ենք տեսագրությունը, իսկ նրանք մեկ ամիս անց՝ արդյունքները։ Քանի որ հատկացված էր 10 րոպե, նվագել եմ Ծովինար Հովհաննիսյանի «Կոնցերտ N1»՝ 9, 12 րոպե տևողությամբ», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Մխիթարյանը:

Նույն մրցույթ-փառատոնին մասնակցել է նաև քանոնահարների համույթը (Վանեսսա Բաբայան, Ալեքսանդրա Մխիթարյան, Յանա Բաղդասարյան) և արժանացել «Գրան պրի» մրցանակին։

Իսկ Չեխիայում կայացած «Pearls of Europe» միջազգային մրցույթ-փառատոնին Ստեփանակերտի Սայաթ֊ Նովայի անվան երաժշտական քոլեջի 3-րդ կուրսի ուսանողուհի, քանոնահարուհի Վանեսսա Բաբայանն զբաղեցրել է առաջին մրցանակային տեղը։

«Մրցույթի մասին իմացա իմ ուսուցչուհուց՝ Գոհար Միրզոյանից, ումից շատ շնորհակալ եմ։ Նրա տված գիտելիքների և իմ աշխատասիրության շնորհիվ արժանացա առաջին մրցանակին։ Նվագել եմ Խ. Ավետիսյանի «Կոնցերտ N2»֊ի ֆինալը։ Առաջին անգամ էի մասնակցում եվրոպական մասշտաբային մրցույթի։ Ճիշտն ասած՝ գիտեի, որ կհավանեն կատարումս, բայց շատ ուրախացա, երբ առաջին մրցանակին արժանացա», - մեզ հետ զրույցում ասաց Վ. Բաբայանը: Նույն մրցույթ-փառատոնին մասնակցել է նաև քանոնահարների համույթը և գրավել 2-րդ մրցանակային տեղը։