«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԶՈՐԱՎԱՐԸ. «Ամեն մեկս մի փաշա, հիմա դարձել ենք բոշա ... »

26/02/2021

Երբ Անդրանիկը վարում էր իր ՄԵԿ ՀԱՅԸ՝ ՄԵԿ ՈՍԿԻ քաղաքականությունը՝ ամեն մի հայ մանուկի դիմաց քրդերին տալով մեկ ոսկի, օրերից մի օր այնպես եղավ, որ հերթական մանուկի դիմաց ֆիդայիները այլևս չունեին գեթ մեկ ոսկի. Մախլուտոն ձեռքը տարավ գրպանը, դատարկ դուրս եկավ: Իսկ երեխան շարունակում էր նայել աղերսական հայացքով: Այդ պահին Անդրանիկն իր մոտ կանչեց Ալադին Միսակին՝ ֆիդայիների երգչին. դա նշանակում էր, որ Անդրանիկի հոգին ալեկոծվում է: Ալադին Միսակը սկսեց երգել քրդերեն.

Սիրտս լիքն է, ձեռքս փակ,
Մուշը դարձավ ավերակ,
Փլվեց Նորշեն ու Բերդակ,
Աշխարհն էսպես ու՞ր կերթա:

Ամեն մեկս մի փաշա,
Հիմա դարձել ենք բոշա,
Նեղված ընկել ենք խոսքով,
Որբ ենք գնում կես ոսկով:

Լամուկ, ու՞ր է քո պարոն,
Ու՞ր է մեր քաջ Արաբոն,
Քաջի պատիվ տուր քաջին,
Մեր որբուկին դիր խուրջին:

-Քո երգը ոսկուց զորավոր էր, վերցրու մանուկին,-ասաց քուրդը...