«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական ինքնաթիռների թռիչքները շարունակում են զարմացնել

18/09/2021

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում և մամուլում կրկին ակտիվորեն քննարկվում են Հայաստանի տարածքով Ադրբեջան-Թուրքիա թռիչքները։ Հատկանշական է, որ պատերազմի ավարտից ի վեր յուրաքանչյուր նման հրապարակում ուղեկցվում է մեկնաբանությամբ, թե տեղի ունեցողը «առաջին անգամ է»՝ Արցախյան առաջին հակամարտությունից ի վեր։

Սեպտեմբերի 8-ին ռուսական Вестник Кавказа-ն գրեց, որ Ղարաբաղյան պատերազմից հետո առաջին անգամ ադրբեջանական ինքնաթիռը ներքին թռիչք է իրականացրել Հայաստանի օդային տարածքով։

Նյութն ակտիվորեն տարածվել էր նաև հայկական լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում։

Չնայած այն փաստին, որ Հայաստանի օդային տարածքի՝ թուրքական և ադրբեջանական ինքնաթիռների համար փակ լինելը հերքվել էր մի քանի անգամ, հակառակը պնդող տեղեկությունները շարունակում են մեծ ակտիվությամբ տարածվել  լրատվականների և սոցիալական ցանցերի հայկական էջերում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել նաև ռուսական լրատվականի տարածած պնդումը՝ Գյանջա-Նախիջևան թռիչքի մասին։

«Վեստնիկի» ինքնաթիռը 

Вестник Кавказа-ն, որպես Հայաստանի օդային տարածքով առաջին թռիչք, նշել էր «Թուրքական ավիաուղիների» TK326 (TC-JHU գրանցման համարով) ինքնաթիռը։ Այդ ինքնաթիռն իսկապես սեպտեմբերի 4-ին Հայաստանի օդային տարածքով իրականացրել էր Բաքու-Նախիջևան թռիչք։ Իրականում, սակայն, ուսումնասիրելով ինքնաթիռի թռիչքների պատմությունը, տեսնում ենք, որ նույն ինքնաթիռը նմանատիպ թռիչք իրականացրել է առնվազն սկսած այս տարվա մայիսից։ Ինքնաթիռի իրականացրած թռիչքների պատմությանը կարելի է ծանոթանալ այստեղ։

Այսինքն՝ ռուսական լրատվամիջոցի պնդումը, թե սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած թռիչքն առաջին «ներքին» թռիչքն էր, նկատի ունենալով Ադրբեջանի տարածքից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն թռիչքը, իրականությանը չի համապատասխանում․ նման թռիչքներ իրականացվել են առնվազն մայիսից։ Սակայն մինչ այդ և այժմ էլ դեպի Նախիջևան թռիչքների մի մասն իրականացվում է հարևան Իրանի տարածքով։

Թռիչքները պատերազմից հետո

Հայաստանի օդային տարածքով դեպի Ադրբեջան, որոշ դեպքերում՝ տարբեր երկրների կառավարական ինքնաթիռների Երևան-Բաքու կամ հակառակ ուղղություններով թռիչքները խուճապ էին առաջացնում մամուլում և սոցիալական ցանցերում։