«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի խոցելիության մակարդակը տարածաշրջանային էսկալացիաների նկատմամբ. Վահան Վարդանյան

24/10/2023

Վերջերս Մերձավոր Արևելքում Իսրայելի ու ՀԱՄԱՍ խմբավորման միջև վերսկսված հակամարտությունը հումանիտար մեծ աղետի պատճառ դարձավ։ Բացի այդ, մեծ հավանականություն կա, որ այս հակամարտությունը կարող է տարածվել ամբողջ տարածաշրջանով, ինչը անկանխատեսելի հետևանքներ է ունենալու բոլոր պետությունների՝ այդ թվում Հայաստանի համար։ Ստեղծված իրավիճակում տրամաբանական հարց է առաջանում, թե որքանո՞վ ենք մենք պատրաստ հնարավոր արտակարգ իրավիճակներին և հումանիտար աղետներին։

Դեռևս Քառասունչորս օրյա պատերազմի ընթացքում ավելի ակնհայտ սկսեցին երևալ պետական համակարգի մի շարք առանցքային խնդիրներ։ Առաջին հերթին վատ պատրաստվածության, կամ ավելի ճիշտ կլինի ասել անպատրաստության պատճառով ամբողջությամբ ձախողվեց համընդհանուր մոբիլիզացիան։ Հետևողական աշխատանքի բացակայության պատճառով երկրում չկար քիչ թե շատ պատրաստված պահեստազոր, ինչը հսկայական զոհերի ու ձախողված ռազմական պլանների պատճառ դարձավ։

Նույն պատճառներով ձախողվեց նաև թիկունքի կամ քաղաքացիական բնակչության մոբիլիզացիան՝ բանակի մատակարարման ուղղությամբ։ Այն ամբողջությամբ ընկած էր կամավորների ուսերին, իսկ կամավորների հետ մեկտեղ մեծ ակտիվությամբ գործում էին նաև խաբեբաներ, թալանողներ, թշնամու գործակալներ, որոնց գործունեության պատճառով զգալիորեն խաթարվում էր կամավորների աշխատանքն ու բանակի մատակարարումը։ Պետությունը որևէ կերպ չկարողացավ համակարգել այս գործընթացը։

Եվս մեկ առանցքային խնդիր կարող ենք համարել տեղեկատվական անվտանգության բացակայությունը։ Երկրում մեդիա գրագիտության համընդհանուր բացակայության պատճառով պատերազմի ընթացքում աննախադեպ տարածում ստացավ կեղծ ինֆորմացիաների տարածումը, որի պատճառով հասարակությունը ցնցումների մեջ էր հայտնվում, իսկ պետական մարմինները հաճախ ապակողմնորոշվում էին։ Բացի դրանից մեծ տարածում ստացավ նաև կարևոր գաղտնի ինֆորմացիաների տարածումը, որի պատճառով թշնամին մշտապես մեկ քայլ առաջ էր մեզանից։ Այս տեղեկատվական քաոսը մեծապես իրականացվում էր հենց հասարակ բնակչության կողմից, որին մեդիագրագիտության բացակայության պատճառով շատ հեշտ էր կառավարելը։

Այս խնդիրները առկա են նաև այսօր, և պատշաճ լուծում չեն ստացել, ինչը մեզ զգալիորեն խոցելի է դարձնում Ադրբեջանի դեմ հավանական պատերազմի դեպքում։

Բացի վերոնշյալից վերջերս ի հայտ եկավ նաև Հայաստանի խոցելիությունը հումանիտար աղետների նկատմամբ։ Խոսքը գնում է Արցախի ցավալի կորստի մասին, որի հետևանքով մոտ հարյուր հազար արցախահայ արտաքսվեց իր հայրենիքից։ Հայաստանը պետական մակարդակով պատրաստ չէր Արցախի հայաթափմանը, թեև ամիսներ տևող Արցախի շրջափակումը խիստ հավանական էր դարձնում այս տարբերակը։ Դրա արդյունքում բազմաթիվ զոհեր եղան հենց միայն արցախահայերի Հայաստան տեղափոխության ընթացքում։ Ավելի մեծ աղետից հնարավոր եղավ խուսափել միայն կամավորների իրականացրած աննախադեպ մեծ աշխատանքի, իսկ մասսամբ նաև այն հանգամանքի շնորհիվ, որ շատ արցախահայեր Հայաստանի Հանրապետությունում բարեկամական կապեր ունեին և ինքնուրույն լուծեցին իրենց մինիմալ խնդիրները։

Իսկ հիմա եկեք պատկերացնենք ավելի բարդ իրավիճակ։ Արդեն նշված Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը դանադաղ կերպով դուրս է գալիս Պաղեստինի սահմաններից և կարող է տարածվել ամբողջ տարածաշրջանում։ Միայն Իսրայելը չի շրջափակված իրանամետ խմբավորումներով, Իրանի շուրջը նույնպես տարածված են իսրայելական բազաներ։ Բացի այդ, հակամարտությանը երկու կողմերից կարող են ներգրավել այլ խաղացողներ։ Հիմա եկեք պատկերացնենք, որ իրանական քաղաքները նույնպես ռմբակոծության են ենթարկվում։ Սա նշանակում է տասնյակ, անգամ հարյուր հազարավոր փախստականների տեղաշարժ բոլոր ուղղություններով։

Ի՞նչ կարող է անել Հայաստանը, եթե պատերազմից մազապուրծ փախչող փախստականների հսկայական զանգված որոշի գալ Հայաստան։ Հայ-իրանական սահմանը փակելու տարբերակը միանգամից կարող ենք բացառել, այսօրվա դրությամբ Իրանին «նեղացնող» ցանկացած գործողություն մեզ համար պետական մակարդակով հավասարազոր է ինքնասպանության։ Արդյո՞ք Հայաստանը նման դեպքերի համար ունի գործողությունների հստակ ծրագիր, քիչ հավանական է։ Հայաստանը չունի բավարար ռեսուրսներ՝ փախստականների մեծ խմբեր ապաստանելու և նրանց սոցիալական մինիմալ կարիքները բավարարելու համար։ Հայաստանի տարածքով փախստականների տեղափոխությունը այլ երկիր իրականացնելիս՝ առանց հստակ կազմակերպչական աշխատանքների ու արտակարգ միջոցառումների իրականացման կարող է հանգեցնել բազմաթիվ մարդկային կորուստների, ինչը մեծ հարված է լինելու մեր միջազգային հեղինակությանը։ Բացի այդ մեր հարևան Վրաստանը կարող է ծայրահեղ քայլի դիմել և փակել իր սհմանը, ինչը էլ ավելի կբարդացնի մեր վիճակը։

Թվարկված բոլոր խնդիրներն ու հավանական զարգացումները անվտանգության ոլորտում պետությանն ուղղված ամենատարրական հարցադրումներն են։ Դրանք պետք է լուրջ վերլուծությունների ենթարկվեն և ավելի պրակտիկ ու կենսունակ ռազմավարություններ մշակվեն արտակարգ իրավիճակների, ռազմական դրության և հումանիտար աղետի դեպքում։

Վահան Վարդանյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող