«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տեղեկացված ես, ուրեմն խաբված ես. Արայիկ Մկրտումյան

13/10/2023

Պատերազմից հետո երդեն երրորդ տարին է անցնում, բայց Հայաստանում դեռևս ոչ մի ամբողջական վերլուծական աշխատանք հրապարակված չէ, թե ինչ պատահեց և ինչու, ինչպես: Որքան էլ որ զարմանալի է, բայց Google-ում, Youtube-ում օրինակ կարելի է տասնյակ վերլուծական նյութերի հանդիպել՝ վիդեո և տեքստային տարբերակով, հարցազրույցներ և այլն, որոնք վերաբերում են 44-օրյա պատերազմին: Դրանցից ոմանք քննության են առնում պատերազմի ընթացքը, ոման՝ մի մասը, ոմանք խոսում են սպառազինության և քաղաքականության մասին, որոշները մատնանշում պատերազմից առաջ, ընթացքում և հետո գոյություն ունեցող իրադրությունը, գնահատականներ տալիս, մեկնաբանում: Այդ վերլուծությունների մեջ կան և՛ կանխակալ, քարոզչական բնույթ հետապնդողներ, և՛ բավական ռացիոնալ և չոր տրամաբանված նյութեր: Զարմանալի է, բայց նույնիսկ սիրողական մակարդակի բազմաթիվ բլոգերներ բավական որակյալ աշխատանքներ են հրապարակում: Դրանցից բացի կան նաև լուրջ քաղաքագիտական և հումանիտար հետազոտական բնույթի ուսումնասիրություններ և հրատարակումներ, ինչպես օրինակ Պուխովի խմբագրությամբ լույս տեսած «Փոթորիկ Կովկասում» գիրքը, որում 12 քաղաքագետի, ռազմական վերլուծաբանների ուսումնասիրություններ են 44-օրյայի մասին:

Հայաստանում տարօրինակ լռություն է: Հայաստանում զբաղվում են ամեն ինչով, բացի կարևորից: Հայսատանում չունենք որևէ ամբողջական աշխատանք, որն իր մեջ համապարփակ կամբողջացնի տեղի ունեցածը և հասարակությանը հնարավորություն կտա հասկանալու տեղի ունեցածը: Ի վերջո տեղի ունեցածը մեկ կամ երկու դիրքի կորուստ չէր, այլ պարտություն սարսափելի պատերազմում և գումարած դրան՝ Արցախի վերջանակն հայաթափումը: Բայց Հայաստանում չկա ոչ մի աշխատանք այդ ուղղությամբ, եթե կա էլ, ապա կամ գրեթե տարածում չունի, կամ էլ պահանջարկ չունի:

Բացի վերլուծական աշխատանքներից, Հայաստանում չկան նաև վերլուծական կենտրոններ: Կան գիտական վերլուծական լաբորատորիաներ, բայց նրանք հիմնականում զբաղված են կոնկրետ գիտական հարցերով և հաճախ շատ հարցեր չեն մտնում այդ կանոնակարգերի մեջ: Մինչդեռ այդ կենտրոնների գոյությունը օդ ու ջրի պես է անհրաժեշտ, որպեսզի դրանում կատարվող վերլուծական աշխատանքը հասարակությանը հանրամատչելի բացատրի, թե ինչ է կատարվում և հասարակությունն էլ իրոք ռացիոնալ պահանջներ դնի իր և իր քաղաքական կառավարիչների առաջ: Որովհետև եթե դա չկա, իսկ Հայաստանում միանշանակ այդպես է, ապա հասարակությունն այնքան անտեղյակ է, որ նույնիսկ կարճ ժամանակ անց նորմալ չի հիշում, թե ինչ է կատարվել իր հետ և ինչ է դա նշանակում: Օրինակ 44-օրյայի հետ կապված հիմա եթե որևէ սոցհարցում կատարվի, ապա անկախ մասնակիցները հիմնականում կնշեն, որ կատարվել է դավաճանություն իշխանության կամ ընդդիմության կողմից, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը չի օգնել, կամ՝ Ադրբեջանն ու Թուրքիան շատ զենք ունեին և վերջ:

Սա նշանակում է, որ հասարակության միտքը բութ է, հիշողությունը՝ կարճ: Նման հասարակությունները երբեք կայուն չեն լինում և երբեք ի վիճակի չեն ո՛չ կարճաժամկետ, ո՛չ երկարաժամկետ որևէ ծրագիր կազմելու և դա իրականացնելու: Արդյունքում մենք միշտ մնում ենք նույն մակարդակում և չկարողանալով գնահատել տեղի ունեցածը, չենք կարողանում կանխել նաև ապագայում սպասվողը:

Շատ հաճախ որևէ վերլուծական նյութին արձագանքում են լուծման պահանջով: Մարդիկ լուծում են պահանջում: Բայց այդ լուծումը չի կարող տրվել մեկ կամ երկու հոգու կողմից: Այդ լուծումը պիտի անալիզ անեն տասնյակ վերլուծական կենտրոններ և հասարակությունը պիտի առնչվի նրանց նյութերին: Անհատ վերլուծաբանն ու հետազոտողը ամենաշատը որ կարող են անել՝ որևէ կոնկրետ հատվածական խնդիր վերլուծել և խնդիրը բարձրաձայնելն է կամ լուծման մասնավոր առաջարկ ներկայացնելը:

Բայց մարդիկ հաճախ ասում են, որ հերիք է խոսեք, գործ անել է պետք: Բայց նույնիսկ գործը չի հասկացվում, որովհետև խնդիրը մինչև վերջ պարզված չէ, որովհետև չկան այն կենտրոններն ու մասնագիտական պայմանները, որոնք տեղեկատվական մշակում և փոխանցում/փոխանակում կանեն:

Արևմտյան հասարակություններում այդ խնդիրը վաղուց լուծված է, ընդ որում անկախ հետազոտական կենտրոնների հիմնադրմամբ: Օրինակ ԱՄՆ-ում 2003թ. մայիսի վեցին հիմնադրվեց մի վերլուծական կենտրոն, որը կոչվեց Palantir Technologies. Այդ ընկերությունը, որը սկզբնական շրջանում ուներ ընդամենը փոքր կարճատև ստարտափի կարգավիճակ, այժմ բազմամիլիոնանոց բյուջեով(2021թ. դրությամբ մեկ ու կես մլրդ դոլարից ավելի շրջանառությամբ) և բազմաթիվ աշխատողներով մի հսկա կառույց է, որը զբաղված է տեղեկատվության մշակմամբ, տարատեսակ խնդիրների լուծման պլանավորմամբ և տարբերակների առաջարկմամբ:

Palantir-ն այն կառույցն է, որի ծառայություններից անգամ ԿՀՎ-ն է օգտվում և նույնիսկ հանդիսացել է որպես ֆինանսական ներդնող: Եվ զուտ ունենալով նման մի կառույց, ամերիկյան հատուկ ծառայությունները կարող են ուղղակի պատվիրել և ստանալ իրենց պետք եկած տեղեկատվությունը: Տեղեկատվությունը շատ կարևոր զենք է, տեղեկացված ես, ուրեմն զինված ես:

Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում: Վերլուծությամբ զբաղվում են հիմնականում քաղաքական խմբերի կողմից պատվիրված անձինք, որոնց վերլուծությունների հիմնալան թիրախը քաղաքական հակառակորդին սևացնելն է և ուրիշ ոչինչ, մինչդեռ մենք կարող էինք ունենալ գոնե 5-6 վերլուծական անկախ կենտրոն, որոնք որակյալ ինֆոգրաֆիկայով կզբաղվեին: Ամերիկյան Palantir-ը ոչ պետական կառույց է և դա նրան հնարավորություն է ընձեռում խոսւափել բյուջետային դեֆիցիտներից կամ բյուրոկրատիայից: Նրանք աշխատում են մասնավոր սկզբունքով և տալիս բարձր արտադրանք: Այդ վերլուծական կենտրոնը ողջ աշխարհով մեկ հավաքում և մշակում է ամենաթանկարժեք տեղեկատվությունը:

Ոմանք կարող են պնդել, որ Palantir-ն իրականում պետական հովանավորչության տակ է գտնվում, բայց ունի անկախ բիզնեսի անվանական կարգավիճակ: Հետո՞ ինչ: Ի՞նչն է խանգարում ՀՀ ԱԱԾ-ին հիմնել նման կառույցներ, որոնք չեն համարվի պետական, բայց որոնց պատվիրատուն պետությունը կլինի: Մինչդեռ հանցավոր անփութությունը մեզ զրկում է ամենակարևորից և պետությունն ու հասրակությունը շարունակում են ճահճանալ տեղեկատվական քաոսում: Ամեն կուսակցություն և լրատվական անում է, ինչ խելքին փչի և էլ ավելի պառակտում և ահաբեկում հասարակությանը: Եվ մարդիկ տառապում են դրանից, քանի որ չկա այլընտրանք՝ անկախ վերլուծական կենտրոններ: Կեղծ լուրերն այսօր ահռելի մեծ շրջանառում ունեն, դեզինֆորմացիան ամենուր է, իսկ մարդիկ այլևս լուրին չեն հավատում: Սա տեղեկատվական ողբերգություն է:

«Տեղեկացված ես, ուրեմն զինված ես» ասույթը թերևս պետք է դարձնել. «տեղեկացված ես, ուրեմն խաբված ես», քանի որ Հայաստանում դեղին մամուլը ոչ թե բացառություն է, այլ օրինաչափություն:

 Հայաստանում գոյություն ունեցող խնդիրների վերլուծումն ու հասկացումը կարող են ապահովել միայն այդ անկախ կենտրոնները, որոնք կարող են փրկություն դառնալ ճահճացած պետապարատի համար և հասարակությանն էլ նորմալ տեղեկությամբ զինել, որը թույլ կտա նաև ավելի կայացած ու տրամաբանող հասարակություն ունենալ, որին հնարավոր չի լինի քթից բռնած ման տալ և սեփական օրակարգով սնել: Իսկ դա այն է, ինչ անում են մեր թշնամիները:

Արայիկ Մկրտումյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող