«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանցիները ոչ մի սմ առաջ չեն եկել, գիշերն էլ հանգիստ է անցել. Վերին Շորժայի ղեկավար

12/01/2022

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա բնակավայրի դիրքերի ուղղությամբ գիշերը հանգիստ է եղել, այժմ էլ է իրավիճակը հանգիստ։ Այս մասին 24News-ին ասաց Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

Ըստ նրա՝ երեկ ադրբեջանական կողմից Վերին Շորժայի հատվածում կրակոցներ եղել են 7-10 դիրքերից, փոխհրաձգությունը տևել է ժամը 17։30-ից 21։00-ն։ «Դիրքերի ուղղությամբ են կրակոցները եղել, բնակավայրի ուղղությամբ ոչ մի կրակոց չի արձակվել, բնակիչների տները չեն վնասվել», - նշեց Վերին Շորժայի ղեկավարը։

Մայիսի 12-ից ադրբեջանական ուժերը ներխուժել են Վերին Շորժա ու ամրացել, երեկվա բախումների հետևանքով, ըստ Արտյոմ Երանոսյանի, նոր առաջխաղացում չի եղել։ «Ոչ մի սանտիմետր առաջխաղացում չի եղել, ոչ էլ կարող էին առաջ շարժվել»

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն ասաց, որ ոչ միայն Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ են կրակոցներ եղել, այլ նաև Գեղամասրի մեջ ընդգրված Նորոբակ բնակավայրի դիրքերի ուղղությամբ, այսինքն՝ բախումների ընդհանուր գիծն ընդգրկել է Վերին Շորժայից Նորաբակ հատվածը։ «Ադրբեջանցիները հակառակ կողմից երբ խփում են դիրքերին կարող է նաև գյուղը տուժել, նայած՝ ինչ զենքով են կրակում, քանի որ գյուղը գտնվում է դիրքերի ուղղությամբ», - ասաց Ավետյանը։

Ինչ վերաբերում է բնակիչների կողմից ԱԹՍ-ներ նկատելուն, ապա Ավետյանն ասաց, որ ադրբեջանական ԱԹՍ-ները հաճախակի են նկատվում երկնքում, նույնիսկ հանգիստ օրերին։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն՝ երեկ ժամը 15։15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, և հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել էր։ Կրակոցների հետևանքով մեկ զինծառայող ստացել էր միջին ծանրության հրազենային վիրավորում։

Այնուհետև ՊՆ-ն հայտարարել էր, որ ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել էին կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Որից հետո պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր, որ ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։ Հայ-ադրբեջանական փոխհրաձգության հետևանքով երեք զինծառայող զոհվել էր, իսկ երկուսը՝ վիրավորվել։