«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Վոլեյբոլային» դիվանագիտություն. Գարիկ Քեռյան

28/12/2023

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Հայ-ադրբեջանական ոչ բարեկամական, կոնֆլիկտային հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը սկսել են անվանել էլեկտրոնային դիվանագիտություն, ես կասեի վիրտուալ-էլ. փոստով դիվանագիտություն: Այն շատ նման է վոլեյբոլի խաղի, երբ կողմերից յուրաքանչյուրը որսալով գնդակը, այն նետում է խաղի մեջ մտած իր մրցակցին: Այնպես որ կարող ենք անվանել նաև վոլեյբոլային դիվանագիտություն: Այս դեպքում գնդակը խաղաղության պայմանագրի նախագիծն է, որը հերթական մշակումից հետո էլ. փոստով ուղարկվում է Երևան, որոշ ժամանակ անց Երևանից Բաքու: Դժվար է ասել, թե երբ և ինչ արդյունքներով կավարտվի այս կարգավորումը նման գործիքակազմով: Դժվար է կանխատեսում անել, որովհետև և հայկական, և ադրբեջանական տարբերակները չեն հանրայնացվում և գաղտնաղերծվում: Մինչ Արցախի հայաթափումը գլխավոր խոչընդոտը այնտեղ գոյատևող հայկական իշխանությունն էր և հայկական զինված ուժերը: Այժմ հակասությունների կենտրոնում, ինչպես, որ հուշում են պետական այրերի որոշ հայտարարություններ, սահմանների ճշտման, անկլավների, Զանգեզուրով միջանցքի և փախստականների վերադարձի շուրջ տարակարծություններն են: Փորձագիտական շրջանակները լրիվ անտեղյակ են մանրամասներին, որի պատճառով դեկլարատիվ դատողություններից և քարոզչական հայտարարութուններից այն կողմ չեն անցնում: Իհարկե դիվանագիտական աշխատանքն ինքնին գաղտնիություն է պահանջում, ինչպես, որ հատուկ ծառայությունների և հետախուզության դեպքում է: Սակայն կա նաև հարցի մյուս կողմը: Զարգացած երկրներում որպես կանոն, պետական մարմինները որոշումներն ընդունում են ուղեղային-հետազոտական կենտրոնների առաջարկությունների ու նրանց իրականացրած փորձաքննության արդյունքների հիման վրա: Սահմանների ճշտման, անկլավների, կապուղիների և փախստականների խնդիրների լուծումից է կախված անվտանգային իրավիճակը, Հայաստանի ներքին և արտաքին կայունությունը: Երևանում ստացել են Բաքվից ուղարկված հերթական տարբերակը, ի պատասխան Երևանից ուղարկվածի: Եվ այսպես շարունակ ձգվում է էլեկտրոնային դիվանագիտության երկկողմանի խաղը, որը կարող է ձախողվել և լարվածության նոր ալիքի պատճառ դառնալ: Իմ կարծիքով առավել մտահոգիչ և վտանգավոր է Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի մասին Բաքվում շրջանառվող գաղափարը: