«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենի նախընտրական ծրագրերը. Գարիկ Քեռյան

08/03/2024

Մարտի 7-ի երեկոյան Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև իր ուղերձով հանդես եկավ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը ընդարձակ ելույթ էր դեմոկրատական վարչակարգի ներքին և արտաքին քաղաքականության դրական արդյունքների մասին: Ներկա նախընտրական ամիսների ընթացքում շատ է խոսվում նրա պատկառելի տարիքի մասին, սակայն ուշագրավ էր, որ նա շատ առույգ և կայտառ, առանց թղթին նայելու մեկ ժամից ավելի տևողությամբ բավականին երկար ելույթ ունեցավ, հստակ և առանց մտքի ու խոսքի տրամաբանական սխալների: Անցած չորս տարիների ընթացքում մենք բազմիցս ականատես էինք եղել նրա տարօրինակ պահվածքին, հիշողության կորստին և սայթաքումներին աստիճանների վրա: Բոլորը կարծում էին, որ նա այլևս ի վիճակի չի լինելու մասնակցել նոր ընտրարաշավին, բայց ուղիղ հակառակը եղավ: Բայդենը և առաջադրվեց և հաղթեց նախնական ընտրություններում և երեկ խոսում էր ինչպես կխոսեր նախկին երիտասարդ սենատոր կամ ոչ այդքան ծեր փոխնախագահ Բայդենը: Հավանաբար երկարամյա քաղաքական առաջնորդը երկրորդ երիտասարդության տարիների շեմին է: Իդեպ նա շատ դիպուկ արտահայտվեց իր տարիքի մասին, նշելով, որ առաջ իրեն հանդիմանում էին ասելով որ մի շտապի քո քաղաքական կարիերիայում, դու դեռ երիտասարդ ես, իսկ այժմ հորդորում են հեռանալ՝ որովհետև ծեր եմ: Այսքանը տարիքի մասին: Բայց, հավելեմ նաև, որ ինչպես անցյալում այնպես էլ այժմ, երբ շատ է նշվում երիտասարդ լինելու առավելությունը, իրականությունն ապացուցում է, որ պետական-քաղաքական կառավարման ոլորտում որպես կանոն, միշտ էլ բազմամյա փորձով ձեռք բերված հմտությունները հաղթում են երիտասարդ անփորձությանը:

Բայդենի ուղերձը ուներ հստակ քաղաքական նախընտրական հաղորդումներ ինչպես ամերիկյան հասարակությանն այնպես էլ միջազգային հանրությանը: Դրանք կարևոր են այնքանով, որքանով որ հաղթանակի դեպքում դառնալու են Բայդենի երկրորդ վարչակարգի գործունեության ծրագիրը: Արտաքին քաղաքական ոլորտում ինչն է կարևոր առանձնացնել նրա ուղերձից: Ինչպես և սպասվում էր առաջինը ուկրաինական թեման էր հետևյալ շեշտադրումներով՝ ՌԴ-ն և նրա առաջնորդը դեմակրատական աշխարհի և հատկապես Եվրոպայի կործանարարն են, մենք շարունակելու ենք զինել Ուկրաինային, որը նշանակում է ԱՄՆ պայքար իր անվտանգության համար: Այստեղ նա խուսափեց կոնկրետ նշել թե իր երկրի քաղքացիների ուսերին դա ինչ բեռ է լինելու և ինչ զոհողություններ են պահանջվում: Հետևություն, որ շարունակվելու է կոշտ առճակատումը Ռուսաստանի հետ, բնականաբար նաև պահպանվելու է գլոբալ ջերմամիջուկային աղետի վտանգը: Երկրորդը. աջակցություն Իսրայելին, զուգակցելով պաղեստինցի քաղաքացիական բնակչության օգնության և արաբական պետությունների հետ հարաբերությունների բարելավմանը: Երրորդ. ԱՄՆ պահպանելու է թիվ մեկ գերտերության կարգավիճակը հենվելով իր տնտեսական և ռազմական պոտենցիալի վրա: Չորրորդ. Ուղերձում բավականին մեծ տեղ էր հատկացված չինական թեմային: Չինաստանը չպետք է լինի ԱՄՆ-ից ավելի հզոր, արտադրական հզորությունները տեղափոխվում են երկիր, կանխվելու է ամերիկյան առաջավոր բարդ տեխնոլոգիաների օգտագործումը Չինաստանի կողմից, վերացվելու են նրա հետ անազնիվ առևտրի պայմանները: ԱՄՆ այլևս չի նպաստելու Չինաստանի վերելքին: Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը պնդում է, որ Միացյալ Նահանգները Չինաստանի հետ հակամարտություն չի փնտրում և, ենթադրաբար, լավագույնս պատրաստ է հաղթել Չինաստանի հետ մրցակցությունը 21-րդ դարում. «Մենք ցանկանում ենք մրցակցություն Չինաստանի հետ, ոչ թե հակամարտություն», «21-րդ դարում մենք լավագույն դիրքերում ենք հաղթելու Չինաստանի կամ որևէ այլ երկրի հետ մրցակցության մեջ»,- կարծում է ԱՄՆ նախագահը։ «Տարիներ շարունակ ես իմ հանրապետական ընկերներից և շատ ուրիշներից լսել եմ, որ Չինաստանը վերելք է ապրում, իսկ Ամերիկան հետ է մնում: Նրանք այդ ամենը սխալ են հասկացել: Ամերիկան վերելք է ապրում»,- ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից հրապարակված Բայդենի ուղերձի տեքստում։ «Մենք ունենք աշխարհի լավագույն տնտեսությունը։ Այն պահից, երբ ես ստանձնեցի նախագահի պաշտոնը, մեր ՀՆԱ-ն աճել է։ Իսկ Չինաստանի հետ մեր առևտրային դեֆիցիտը այժմ ամենափոքրն է վերջին տասնամյակում: Մենք դեմ ենք Չինաստանի անարդար առևտրային գործելաոճին ես համոզվեցի, որ ամերիկյան նորագույն տեխնոլոգիաները չեն կարող օգտագործվել չինական զենքի մեջ։ Անկեղծ ասած, չնայած Չինաստանի վերաբերյալ բոլոր կոշտ հայտարարություններին, իմ նախորդի մտքով չի անցել դա անել»: ԱՄՆ նախորդ նախագահը հանրապետական Դոնալդ Թրամփն էր, որի անունը Բայդենը երբեք չհնչեցրեց, դա յուրօրինակ առհամարանքի ձև էր: Հիգերրորդ. Թայվանի կարգավիճակը պահպանվելու է, ընդլայնվելու են հարաբերությունները հեռավորարևելյան-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մյուս պետությունների հետ: «Եվ մենք պաշտպանում ենք խաղաղությունն ու կայունությունը Թայվանի նեղուցում»,- պնդել է ամերիկացի առաջնորդը, նշելով որ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ես ակտիվացրել է գործընկերություններն ու դաշինքները։

Այս դրույթներն առանձնացրի, որովհետև դրանք պետք է հուշեն մեզ, որ ՌԴ-Արևմուտք-Չինաստան եռանկյունին շարունակելու է մնալ բարդ, հակասական, սուր մրցակցային բնույթի, բացառված չէ նաև նոր ուկրաինական սցենարների ծնունդը: Այս իրողությունները պարզ հուշում են, որ այս փխրուն և անկայուն միջազգային կարգի պայմաններում կտրուկ շրջադարձերի ժամանակ չէ, արտաքին քաղաքական քայլերում Հայաստանի կառավարությանը անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր բացասական հետևանքները, հատկապես տնտեսական կոլապսի սպառնալիքը:

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, ք․ գ․ դ․, պրոֆեսոր Գարիկ Քեռյան  

Generalnews.am