«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուս-ուկրաինական անորոշությունն ու Հայաստանը. Արայիկ Մկրտումյան

17/11/2023

2022թ. փետրվարի 24-ից սկսված ռուս-ուկրաինական պատերազմը ոչ միայն մի քանի օրում չավարտվեց, այլև «լռվեց» վերածվելով երկարատև, ծանր և հյուծող պատերազմի: Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով բազմաթիվ արտատարածաշրջանային հարցեր մղվեցին երկրորդական պլան: Ռազմական գործողությունները ոչ միայն ռազմական, այլև քաղաքական ու տնտեսական լրջագույն հետևանքներ թողեցին և շարունակում են թողնել, ընդ որում ոչ միայն Ռուսաստաքնի և Ուկրաինայի, այլև բազմաթիվ երկրների վրա, քանի որ բազմաթիվ երկրներ այս կամ այն կերպ իրենց մասնակցությունն ունեն այդ պատերազմին՝ տնտեսական, քաղաքական և այլ ռեսուրսների տրամադրմամբ, կամ՝ կրելով այդ պատերազմի իրենց բաժին խնդիրները:

Հարավային Կովկասում, մասնավորապես Արցախի և Զանգեզուրի հարցով բոլոր ծրագրերը, թվում է, թե մի կողմ թողնվեցին և բոլորը սպասում էին, թե պատերազմում ինչ բեկում կլինի՝ ըստ այդ իրենց գործողությունները պլանավորելուհամար: Թվուր էր, թե ոչինչ տեղի չի ունենա, քանի դեռ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթող կողմը չի երևացել: Բայց հաշիվները, որ բոլորը կսպասեն պատերազմի ավարտին կամ գոնե հստակ հաղթողի երևալուն և նոր կսկսեն գործել, չաշխատեց: ՄԱսնավորապես Հայաստանի պարագայում: Ադրբեջանը խախտեց իր իսկ կողմից ստորագրված 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը և օկուպացրեց ողջ Արցախը՝ բռնի տեղահանության ենթարկելով նրա բնակչությանը: Չեն դադարում նաև խոսակցությունները Զանգեզուրի միջանցի հարցով:

Ռուս-ուկրաինական պատերազմը, որ թվացյալ ազատ ժամանակ էր և տալիս, մինչև այլ հարցրի մասնակիցները կողմնորոշվեն, ավելի շատ խճճված կծիկի ծայրից քաշված թել եղավ, որը ոչ թե կտրվեց, այլ միանգամից քանդեց ամեն ինչ: Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին շարունակվող Արցախի շրջափակումը վերածվեց երկօրյա արյունալի մարտերի, որից հետո ամբողջապես չցեղասպանվելու համար մարդիկ ստիպված բռնեցին գաղթի ուղին: Այդ իրադարձությունը դեռևս ամբողջովին չգիտակցված, սկսվեց մեկ այլ, ավելի դաժան՝ արաբա-իսրայելական պատերազմը, որը միայն ավելի սրեց, առանց այն էլ երերացող աշխարհակարգը: Արաբա-իրսայելական պատերազմը կարող է շատ արագ վերածվել տարածաշրջանային պատերազմի և շատ ավելի ծանր հետևանքներ թողնել, քան կարելի է պատկերացնել, քանի որ, ի տարբերություն ռուս-ուկրաինականի, որին այլ երկրներ հիմնականում մասնակցություն են ունենում ֆինանսական-ռազմակատեխնիկական առումով, արաբ-իսրայելական պատերազմում շատ ավելի լուրջ ներգրավածություն ունեն Իրանը, ԱՄՆ-ը, արաբական մի շարք երկրներ և զինված խմբավորումներ:

Մյուս կողմից էլ ռուս-ուկրաինական պատերազմը հիմա գրեթե «խրամատային» պատերազմի է վերածվել: Աշխարհի ուշադրությունը շատ առումներով կենտրոնացել է արաբա-իսրայելականի վրա, նույնիսկ ռուս-ուկրաինականը մղվել է երկրորդ պլան: Այս ամենի գիտակցումը շատ կարևոր է այն առումով, որ Հայաստանն այս պահին ունեցած իր անվտանգային հարցերի լուծումը փորձում է իրականացնել ռուսական ազդեցության նվազման և արևմտյան ազդեցության ավելացմամբ: Բայց, քանի որ գոյություն ունեցող արաբա-իսրայելական և ռուս-ուկրաինական պատերազմները իրենց վրա են գրավել ողջ ուշադրությունը, ապա հասկանալի չէ, թե ի՞նչ արձագանք կստացվի Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական հարձակման դեպքում: Կոչերը հաշվի մեջ չեն: Հիշեցնենք, որ  «սպասել լավ ժամանակների» քաղաքականությունը միշտ չէ, որ լավ է աշխատում: Ադրբեջանը Արցախի հայաթափումն իրականացրեց ողջ աշխարհի աչքի առաջ: Դեռևս արաբա-իսրայելականի սկսվելուց էլ առաջ: Եվ լրիվ տրամաբանական հարց է առաջանում, թե ի վերջո ի՞նչ հայեցակարգով է կառուցվելու հայկական պետության անվտանգային ճակատագիրը, հատկապես, որ Զանգեզուրի թեման ոչ միայն մարած չէ, այլև կարող է վերսկսվել ամեն պահի: Եթե ռուս-ուկրաինական պատերազմն այնքնա մեծ ուշադրություն էր խլում աշխարհից, որ Արցախի հարցը մղվեց մի կողմ, ապա, կարող ենք ենթադրել, որ արաբա-իսրայելականը էլ ավելի «կարևոր» կլինի՝ Սյունիքին բավարար չափով ուշադրություն դարձնելու համար: Ի՞նչ ենք անելու, եթե Ադրբեջանը մոտակա շաբաթների ընթացքում հարձակվի: Մանավանդ, որ այդ հարձակման վտանգը խիստ հավանական է, դրա մասին խոսում են տարբեր հեղինակավոր ինստիտուտներ, «բերնից պատահաբար թռցնում է» ԱՄՆ ՊետԴեպ-ը: Արդյո՞ք հայկական կողմը բավարար չափով օպերատիվ է:

 Ռուս-ուկրաինական պատերազմն անվերջ չի շարունակվելու: Անկախ նրանից, թե ով կհաղթի, պատերազմն ավարտվելու է՝ համապատասխան քաղաքական հետևանքներով: Այդ հետևանքների կրողներից մեկը մենք ենք լինելու: Նույնը և արաբա-իսրայելականի դեպքում:

Ի՞նչ պլաններ կան այդ պատերազմի ընթացքի ու ավարտի հարցով: Տարբերակներ ունե՞նք, թե ինչ է կատարվելու և ինչ ենք անելու ռուսական կամ ուկրաինական կողմի հաղթանակի դեպքում: Կողմերից ամեն մեկի հաղթանակը թիթեռի ազդեցությամբ կարող է քանդել մեկ այլ երկիր լրիվ ուրիշ վայրում: Պատերազմի ելքը կարող է կապել Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքերը, կամ՝ հակառակը՝ քարտ բլանշ տալ նրանց: Դրան գումարած արաբա-իսրայելականը:

Հարաբերական խաղաղության այս օրերը չպետք է ինքնախաբեություն դառնան և ապահովության զգացում առաջացնեն: Մեր տարածաշրջանում ընդամենն անորոշ «ընդմիջում» է՝ անորոշ պատերազմից առաջ: Եվ քանի դեռ ընթանում են երկու պատերազմ, Հայաստանը ժամանակ ու տարածություն չունի հուսալու, որ երկու պատերազմներն էլ կավարտվեն հայկական սցենարով: Ռուսաստանում և ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են սպասվում: Եթե Ռուսաստանում Պուտինը անպայման կհաղթի, ապա ԱՄՆ-ում՝ անորոշ է: ԱՄՆ-ում այնքան էլ գոհ չեն դեմոկրատներից, իսկ հանրապետականները իշխանություն գալու դեպքում կարող են նոր անակնկալներ բերել: Այն ինչ այսօր խոսվում է, կարող է մոռացվել վաղը: Մենք իրոք բավական լուրջ մտածելու պատճառներ ունենք: Վաղը կանգնելու ենք նոր իրականության առաջ և օր առաջ պիտի փորձենք մեր տեղն ապահովել  այնտեղ:  

Արայիկ Մկրտումյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող