ԽՈՀԵՐ Վ. ՊՈՒՏԻՆԻ ՄԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ. ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Բավական հետաքրքիր և խոհերի տեղիք տվող հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում: Նա Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելիության հարցի վերաբերյալ, ինչպես հաստատում է РИА Новости-ն, հետևյալն է ասել. «Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Դա նշանակել է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և՛ ԼՂ-ն, և՛ հարակից բոլոր շրջանները համարվել են և համարվում են Ադրբեջանական անբաժանելի մասերը»: Եվ այս պատճառով է, ըստ նրա, պայմանավորված Ռուսաստանի չներքաշվելն հակամարտության մեջ: ՀԱՊԿ-ին անդամակցության պայմանները Ռուսաստանին չեն պարտավորեցնում ներքաշվել հակամարտության մեջ, որովհետև այն Հայաստանի կողմից ճանաչված չէր: Պուտինի ասածները հետևյալ հարցադրումներն են առաջ բերում.
- Նա նախապես հայտարարել է, որ Ադրբեջանին պետք է զիջել 5+2 շրջանները: Եթե ՀՀ –ն մինչև աշնանային պատերազմը ճանաչած լիներ ԱՀ – ն, ապա Ռուսատանը մի՞թե դա նորմալ կհամարեր և սկսվող պատերազմում կօգներ Հայաստանին: Չէ° որ այդ դեպքում նա չպետք է պնդեր 7 շրջանների հանձնման մասին:
- Եթե նա ակնարկում է, որ ՀՀ – ն դա պետք է աներ պատերազմի ժամանակ, ապա պետք է հասկացներ այդ մասին, երբ մերժեց Փաշինյանի դիմումը օգնության վերաբերյալ: Հենց պատերազմի սկզբից Ադրբեջանը փաստորեն գրավել էր հիշյալ շրջանները: Արդյունքում ստացվում է, որ ինքը միջամտեց և եռակողմ համաձայնություն կնքեց՝ ելնելով մարդասիրությունից: Բայց եթե իրոք այդպես էր, այդ դեպքում թող միջամտեր փոքր – ինչ ավելի շուտ, գոնե Շուշիի անկումից առաջ: Ուրեմն, խնդիրը մարդասիրական չէր, այլ քաղաքական:
- ՀՀ կողմից Արցախի անկախության ճանաչումը ինչպե°ս կարող էր նրա կողմից հիմք հանդիսանալ, որ միջամտեր, երբ նա ՀՀ – ին կարող էր օգնել միայն նրա տարածքի վրա ոտնձգության դեպքում, որի օրինակներ եղան պատերազմի ընթացքում: Արցախի ճանաչումը չէր նշանակում նրա Հայաստանի մաս դառնալ
- Նա կարող էր ՀՀ –ի կողմից Արցախը իր մասը ճանաչելու դեպքում միջամտեր, բայց մինչև այդ ինքն էլ պետք է աներ նույնը: Բայց դա հնարավոր չէր: Դրանով նա կշեղվեր ՄԱԿ – ի անվտանգության խորհրդի բանաձևից, Մադրիդյան սկզբունքներից և Կազանյան փաստաթղթից, որոնցով էր առաջնորդվում պատերազմի ընթացքում:
- Եթե նա գտնում է, որ Արցախը պետք է ճանաչվեր ՀՀ կողմից որպես անկախ պետություն, հակառակ դեպքում համարվում է Ադրբեջանի մաս, ուրեմն անտեսում է ազգերի ինքնորոշման սկզբունքը, որով առաջնորդվել է տեղի հայությունը:
Այս ամենից ելնելով՝
- Կարելի է ենթադրել, որ նա հայկական կողմին մեսիջներ է ուղարկում ԱՀ անկախությունը ճանաչելու առումով, որովհետև փաստորեն Ադրբեջանը տիրացել է այն տարածքներին, որի շուրջը բանակցություններ էին գնում տարիներ շարունակ և դեռ մի բան էլ ավելին: Այս պայմաններում նա կարող է ճանաչել Արցախի անկախությունը ՀՀ – ի ճանաչումից հետո՝ պահելով իր ազդեցության տակ:
- Բայց սա կասկածելի է, քանի որ լինելով Մինսկի համանախագահող երկիր, այդ խնդիրը պետք է համաձայնեցնի մյուս երկրների հետ:
- Պարզապես դիվանագիտություն է անում՝ արդարացնելով այն վերաբերմունքը, որ դրսևորեց հայերի նկատմամբ 44 -օրյա պատերազմի ընթացքում, չթաքցնելով, որ Ադրբեջանն էլ է իր ռազմավարական գործընկերը:
Ինչ որ է, սովորություն չունենք կարդալու քաղաքական առաջնորդների մտքերը, որովհետև դրանք կարող են արտահայտված լինել պահի տակ, կամ էլ հետամուտ են ավելի խորքային նպատակների: Այնուամենայնիվ, մենք մնում ենք այն կարծիքին, որ պետք է շատ նրբորեն աշխատի մեր դիվանագիտությունը և ռուս խաղապահների առկայության պայմաններում փորձի բանակցություններում գրանցել հաղթանակներ, քանի որ սոսկ ստորագրված է համաձայնություն, որը պետք է դառնա պայմանագիր և տևական ժամանակ հետո: Իսկ դրանից առաջ շուտափույտ պետք է փակվի արցախյան պատերազմի ավարտով անմիջապես բացված ներքին ճակատը, որը շատ վտանգավոր է, մանավանդ, որ իշխանության հասնելու խնդիրը չի հիմնավորվում լուրջ ծրագրերով: Հայոց բանակը չի պարտվել, հերոսաբար պաշտպանվել է, հակառակ դեպքում մենք այսօր ռուս խաղապահներին կարող էինք տեսնել ՀՀ – Ադրբեջան սահմանագծին: Իշխանության հասնելու մոլուցքը ստվերում է մեր բանակի հաղթական խոյանքները և դեռ զոհերը չթաղված, առանց լուրջ հաշվեկշռի ենթարկելու եղածի պատճառները, փորձ է արվում հասնելու բաղձալի աթոռին: Բայց դրա համար կան օրենքներ և դրան կբերի ժամանակը, որը կաշխատի նրա համար, ով չի հապաղում: