«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ո՞վ և ինչո՞ւ է հարձակվել Իսրայելի վրա. Արայիկ Մկրտումյան

11/10/2023

Արաբա-իսրայելյան պատերազմի չորրորդ օրը լի է զուսպ արձագանքներով բոլորից:

Ռուսաստանն օրինակ կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները, ԵՄ-ը նույնպես, թեև նրա պրոիսրայելյան կեցվածքը ևս դեռևս շատ համեստ է: Թուրքիան ավելի շատ համակրանք ունի պաղեստինցիների նկատմամբ, ինչը չեն թաքցնում թուրքական քաղաքական գործիչները, իսկ Ադրբեջանը՝ ընդգծված պրոիսրայելական: Ադրբեջանի պարագայում դա լրիվ հասկանալի է, քանի որ Իսրայելն է Ադրբեջանի գլխավոր մատակարարներից մեկն ու Ադրբեջանը շատ թելերով է կապված Թել-Ավիվի հետ: Հետաքրքիր է այն, որ Թուրքիա-Ադրբեջան անբաժան զույգի տեսակետներն այս հարցում տարբերվում են իրարից և Թուրքիայի պահվածքն առայժմ ավելի շատ Իրանին է ձեռնտու: Այն, որ Իրանն աջակցում է ՀԱՄԱՍ-ին ու Հզբոլլահին, գաղտնիք չէ, թեև ոչ ոք Իրանին չի մեղադրել Իսրայելի դեմ կատարված հարձակման համար: Ավելին՝ ԵՄ և ԱՄՆ կողմից կան երկիմաստ արտահայտություններ առ այն, որ չի բացառվում, որ Իրանը կապ ունենա այդ ամենի հետ, թեև ոչ մի ապացույց չկա դրա մասին:

Բավական զուսպ է նաև Իսրայելի գլխավոր դաշնակից ԱՄՆ կեցվածքը: Պատերազմի առաջին օրը շատերն էին սպասում, որ ԱՄՆ-ը մի քանի ժամում ավերակ կդարձնի Պաղեստինի տարածքը և կոչնչացնի ՀԱՄԱՍ-ին, բայց Սպիտակ Տան ազգային անվտանգության խորհրդի ստրատեգիական հաղորդակցությունների կոորդինատոր Ջոն Կիբրին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում զորք ուղարկել այնտեղ և նշել են, որ իրենց օգնությունն այլ տեսակի կլինի: ԱՄՆ կողմից ավիրակրի ուղարկումը տարածաշրջան՝ մեկնաբանվում է որպես Իրանին զսպելու ցույց, քանի որ Վաշինգտոնը շահագրգռված չէ, որպեսզի պատերազմը դուրս գա իր սահմաններից կամ, որ Իրանը խառնվի գործին: Այն, որ Իրանը գործին այսպես թե այնպես խառնված է, հասկանում են բոլորը, բայց ԱՄՆ-ը «դեռևս բավարար ապացույցներ չունի» այդ առումով: ԱՄՆ նախագահ Բայդենը X-ում(Twitter) գրառում է կատարել այն մասին, որ ինքն փոխնախագահ Կամիլա Հարրիսը  Իսրայելի վարչապետի հետ քննարկել են ստեղծված իրավիճակը: Թե ինչ եզրակացության են եկել, պարզ կլինի առաջիկա օրերին:

Այս ֆոնին լրջորեն անհանգստանում են Ուկրաինայում, քանի որ ԱՄՆ հնարավոր աջակցությունը Իսրայելին, կարող է կատարվել Կիևին մատակարարվող օգնության հաշվին: Զելենսկին մեղադրում է ՌԴ-ին՝ ասելով, որ ՌԴ-ն է ձեռնարկել ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա, այդ կերպ ցանկանալով թուլացնել ԱՄՆ ուշադրությունն այդ ուղղությամբ: Վաշինգտոնն էլ իր հերթին ռուսներին չի մեղադրել, բայց շտապել է հանգստացնել նաև ուկրաինացիներին, ասելով, որ չի կարծում, թե Իսրայելին օգնելը կխանգարի շարունակել օժանդակել նաև Կիևին: Այս ամենն իհարկե բանավոր խոստումներ են, որոնք կարող են փոփոխվել ամեն պահ: 

Հետաքրքիր է այն, որ չնայած պատերազմին, բայց նավթի գներն էական փոփոխություն չեն կրել՛ Աճել է ընդամենը 5-6 տոկոսով, բայց պատերազմից առաջ իջել էր 7-9 տոկոսով: Ինչպես նաև տեղի չի ունեցել դոլարի կտրուկ տատանում: Այն տպավորությունն է, որ դեռևս բոլորն ինչ որ բանի են սպասում՝ վճռական գործողություններից առաջ:

Այս բոլոր կարծիքներում զարմանալի օրինաչափություն կա, որ բոլորի մոտ կրկնվում է: Բոլորը կարծես մի կողմ են դրել պաղեստինցիներին և խոսում են Իրանի մասին, իսկ Ուկրաինան մեղադրում է Ռուսաստանին: Ասես բոլորն ընդունում են, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա լրիվ ուրիշ նշանակություն ունի, քան արաբա-իսրայելական չլուծված հակամարտությունը: 

Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումը մի քանի մեկնաբանություններ ունի: Կան կարծիքներ, որ Իսրայելը չափից ավելի ինքնավստահ է եղել, ուշադրության չի արժանացրել պաղեստինցիներին և այդ պատճառով էլ չի կարողացել ինչպես հարկն է պաշտպանություն կազմակերպել: Ամեն դեպքում բարդ է պատկերացնել, թե ինչ աստիճանի անփութություն պիտի լիներ, որպեզի հնարավոր լիներ ճեղքել գերժամանակակից պաշտպանությունն ու մոտացիկլետներով ու պարապլաններով ներխուժել բնակավայրեր ու ջարդ սարքել:

Կան նաև այս հարձակման իրանական ու իսրայելական տեսակետների կողմնակիցներ: Ըստ իրանական տեսակետի՝ Իրանը կարող էր կանգնած լինել այս հարձակման հետևում մի քանի պատճառով և առաջին հերթին հանուն իր իսկ անվտանգության, քանի որ Իսրայելը երկար ժամանակ է, ինչ Ադրբեջանն օգտագործում է հակաիրանական գործողությունների համար և Իրանին այլ ելք չի մնացել իր անվտանգությունն ապահովելու համար, քանի իր հովանավորյալ խմբավորումների ձեռքով հարվածելու Իսրայելին և այդկերպ նախ ստուգել, թե ինչ պոտենցիալ ունի Իսրայելը պրակտիկայում և ապա ուժեղ հարվածելով նրան՝ հետ գցել իսրայելական պետության զարգացումը մի քանի, գուցե և մի քանի տասնյակ տարով:

Իսրայելական տարբերակի կողմնակիցները հակված են այն կարծիքին, որ ՀԱՄԱՍ-ին գրգռել և հարձակմանը նպաստել է հենց Իսրայելը, որպեսզի հետագայում կարողանա լրիվ լեգիտիմ իրավունքով հարձակվել Իրանի վրա կամ տարածաշրջանում անցկացնել հակաահաբեկչական լայն օպերացիաներ: Հայտնի բլոգեր Լապշինն իր հերթին հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ը ստեղծել է հենց Իսրայելը, որպեսզի պատճառ ունենա պաղեստինցիներին ճնշելու, քանի որ նրանք այդքան էլ կրոնական ծայրահեղականներ չեն և ՀԱՄԱՍ-ին օգտագործելով Իսրայելը առիթ է ստանում վերջանակապես լուծել պաղեստինյան հարցերը: Այս վարկածի կողմնակիցները պնդում են, որ Ադրբեջանը չկարողացավ բավականաչափ ուժեղ և ճարպիկ լինել և նվեր ստանալով Արցախը, չապահովեցին Իսրայելի կարիքներն ամբողջությամբ, այդ իսկ պատճառով էլ ընտրել են նման արկածախնդիր ճանապարհ: Եթե իրանական տարբերակն ավելի հավանական է, ապա իսրայելական դավադրապաշտական է թվում, քանի որ նման պարագայում միշտ էլ վտանգ կա, որ «փորձաճագարը» կարող է դուրս գալ վերահսկողությունից և անել ավելին, քան պահանջվում է:

Նեթանյահուն հայտարարել է, որ պատասխանը ցավոտ է լինելու: Առանց ԱՄՆ լուրջ աջակցության, դա հազիվ թե ստացվի: Արդյունքում կարող է շատ մեծ առևտուր տեղի ունենալ, որի ընթացքում գուցե նաև լուծվեն Իրան-ԱՄՆ որոշ խնդիրներ, ինչը կարող է կայծակի ազդեցություն թողնել շատ մեծ մասշտաբով: Իրանը կարող է Իսրայելի չեզոքացման դիմաց հրաժարվել ռուսական ծրագրից: ԱՄՆ-ը կստանա ավելի լոյալ Իրան ու Արաբական ողջ ախարհ՝ իրենց ողջ նավթային ու գազային պաշարով հանդերձ: Ռուսական գազն ու նավթը կարող է արժեզրկվել միանգամից: Այդ դեպքում ռուսները լրիվ մենակ կմնան նաև Զանգեզուրի միջանցքի հարցում: Թուրքիան իրեն պետք եկած ժամանակ է հիշում, որ նման հարց կա, բայց նաև ասում է, որ իրենք Իրանի տարածքով էլ կգնան ու կգան: Ռուսները կարող են շատ ծանր խաղ տանուլ տալ ու դուրս մղվել և՛ Անդրկովկասից, և՛ Ուկրաինայից: Նման պարագայում G-20-ի քարտեզը կարող է իր նախնական ուղին փոխել և անցնել Իրանով: Իրանի դեպքում առավել հավանական է, որ ճանապարհը շարունակվի Հայաստան-Վրաստան երթուղով և ապա Ռումինիա, դեռ հստակ չէ, թե ինչ ուղղությամբ կանցնի այդ ճանապարհը: Ի վերջո Թուրքիան ևս իր տարբերակն ունի այդ ճանապարհում՝ ներառելով Քաթարն ու Իրաքը, որոնք երկուսն էլ հակաիսրայելական դիրքորոշում ունեն: Եթե Իսրայելի վիճակը ծանրանա, դրանից չեն հապաղի օգտվել նաև Լիբանանն ու Սիրիան, որոնք բավական երկար ժամանակ է, ինչ կրում են իսրայելական հարևանության ծանրությունները: Շատ բան կախված կլինի Սաուդյան Արաբիայից:

Բայց այս ամենը դեռևս ենթադրություններ են: Ինչ վերաբերում է մեզ, ապա մեր հաշվով մեր կարծիքը պիտի լինի չոր, տրամաբանված ու ռացիոնալ: Որքան որ շանսեր կան, որ այս կոնֆլիկտը կարող է մեզ շնչելու ժամանակ տալ, այնքան էլ սա կարող է վերաճել լայն ու մեծ պատերազմի, որը քարը քարի վրա չի թողնի ողջ տարածաշրջանում:

 

Արայիկ Մկրտումյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող