«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայ - ռուսական փոխհարաբերություններ․ վատթարացման ռիսկերը, Վահան Վարդանյան

10/10/2023

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները արդեն վաղուց չի կարելի համարել բարեկամական։ Բնականաբար սա ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, բայց փաստացի երկկողմ հարաբերությունները բարեկամական են միայն պաշտոնական փաստաթղթերի մակարդակով։ Անշուշտ մենք շատ հարցերում կարող ենք մեղադրել Ռուաստանին իր դաշնակցային պարտականությունները չկատարելու համար, կարող ենք ինչ որ հիմքեր էլ գտնել Ռուսաստանից հրաժարվելու և դեպի Արևմուտք գնալու մղումների արդարացման համար, բայց պետական քաղաքականության հարցերում չձախողվելու համար ցանկացած քաղաքական գործիչ պետք է առաջին հերթին առաջնորդվի իրավիճակի ու առկա հնարավորությունների սթափ գնահատման ու բացառապես պետական շահի տեսանկյունից։

Փաստացի հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը լավագույն կերպով ներկայացվում է բրիտանական Չաթեմ Հաուս (Chatham House) փորձագիտական կենտրոնի կողմից հրապարակված հոդվածում։ Ըստ այդ հոդվածի՝ Արցախի շուրջ հատկապես վերջին շրջանում կատարված իրադարձությունները և Ռուսաստանի անգործությունը զգալիորեն խաթարում են վերջինիս հեղինակությունը տարածաշրջանում որպես կայունության ու անվտանգության երաշխավոր։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հոդվածում արտահայտվում է այն կարծիքը, որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումն ու Ռուսաստանի նկատմամբ հակակրանքի մեծացումը հեռանկարում չի ազդի Ռուսաստանի հետ փոխգործակցության վրա։ Ըստ հոդվածի՝ Հայաստանը խիստ կախյալ  Ռուսաստանից, մանավանդ  առևտրատն տեսական առումով և համագործակցությունից հրաժարվելը Հայաստանի համար աղետ է դառնալու։

Հայ-ռուսական առևտուրը՝ հատկապես Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո, իսկապես շատ է մեծացել։ Բավական է նշել, որ բացի սովորական ապրանքաշրջանառությունից, Հայաստանը դեպի Ռուսաստան ռազմավարական նշանակության կիսահաղորդիչների մատակարարման ծավալների մակարդակով չորրորդ տեղն է գրավում (համաձայն Բլումբերգի տեղեկության)։

Այնուամենայնիվ արևմտյան վերլուծական կենտրոնները և ընդհանրապես Ռուսաստանից Հայաստանի կախվածության մասին խոսող ցանկացած անձ մոռանում են նշել այդ կախվածության ամենացավալի կետը։ Ես նկատի ունեմ 2013 թ․ դեկտեմբերի 2-ի իրադարձությունները, որոնք վստահաբար կարող ենք դասել անկախ Հայաստանի հանրապետության պատմության ամենասև էջերի շարքում։ Այդ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր պատվիրակությամբ ժամանում է Հայաստան և ներդրումներ կատարելու պատրվակով վաճառվում են Հայաստանի վերահսկողության տակ մնացած ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսական բոլոր օբյեկտները։

Անշուշտ, Հայաստանի տնտեսությունը դեռ 1990-ական թթ․ սկսել էր կախվածության մեջ ընկնել օտարերկրյա կապիտալից։ 2000-ական թթ․ տնտեսական օբյեկտների վաճառքը՝ «Գույք պարտքի դիմաց» սկզբունքով ավելի մեծ թափ հավաքեց, բայց Հայաստանի տնտեսությունը վերջնականապես ինքնուրույնությունից զրկվեց հենց 2013 թ․ դեկտեմբերի 2-ին։ Այդ օրվանից Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ փաստացի տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն ձեռք բերեց։

Այս ամենի ֆոնին մանկամիտ քայլ կարելի է  համարել Հայաստանի կողմից վերջերս ընդունված Հռոմի ստատուտը։ Թեև պաշտոնապես հայտարարվել է, որ այն ընդունվել է ադրբեջանական հանցագործներին միջազգային դատարանի մջոցով պատասխանատվության ենթարկելու համար, բայց եթե ուսումնասիրենք Հռոմի ստատուտը կարող ենք արձանագրել, որ ադրբեջանցիներին նման մեթոդով պատասխանատվության ենթարկելու որևէ հնարավորություն չկա։ Ադրբեջանը չի ստորագրել այդ ստատուտը, ըստ այդմ նա իր քաղաքացիներին հանձնելու պարտավորություն չունի, իսկ եթե հանցագործություններ կատարած ադրբեջանցիների դեմ քրեական գործեր հարուցվեն, նրանք ուղղակի չեն այցելի այն երկրներ, որոնք ստորագրել են Հռոմի ստատուտը։ Այս միջազգային դատարանը Ադրբեջանին ճնշելու որևէ մեխանիզմ չունի, ըստ այդմ այն Ադրբեջանի դեմ օգտագործելու իմաստ չունի։

Բոլորի համար պարզ է, որ Հռոմի ստատուտը ընդունվել է հենց ի հակադրություն Ռուսաստանի, բայց սրանով ի՞նչ խնդիր է Հայաստանը լուծում։ Եթե մեր նպատակը Ռուսաստանին Հայաստանից հեռացնելն է, ապա այս փաստաթուղթը ոչ մի դեր չի խաղում այդ հարցում, եթե մեր նպատակը Պուտինի այցերը դեպի Հայաստան կասեցնելն է, ապա այս փաստաթուղթը կրկին դեր չի խաղում, որովհետև Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների շփումը շատ հանգիստ իրականացվում է հեռակա կարգով, Հայաստանի վրա ազդելու համար Հայաստան այցելելու կարիք ուղղակի չկա։

Հայաստանի տնտեսության մեծ մասը Ռուսաստանից է կախված, Ռուսաստանը Հայաստանին համարում է իր անվտանգային գոտի, Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազան նախատեսված է ոչ թե հայ-թուրքական սահմանը պաշտպանելու, այլ Ռուսաստանի հարավային սահմանները պաշտպանելու համար։ Ռուսաստանը սեփական կամքով տարածաշրջանից չի հեռանալու, եթե մենք փորձենք Ռուսաստանի դեմ բացահայտ քայլեր կատարել, նրան հեռացնելու համար, Ռուսաստանը մեր դեմ պատերազմ չի սկսի, դրա կարիքը նույնիսկ չկա, նա ուղղակի մեր դեմ տնտեսական պատժամիջոցներ կսահմանի և Հայաստանը նորից կվերադառնա մութ ու ցուրտ տարիներ։

Տեսանելի հեռվում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ամենահավանական տարբերակը վրացական սցենարն է։ Վրաստանի պես Հայաստանի իշխանությունները նույնպես ամեն կերպ կքննադատեն Ռուսաստանին, բոլոր ոլորտներում կհակադրվեն Ռուսաստանին բացի տնտեսական ոլորտից։ Այս դեպքում հնարավոր կլինի որոշակի բալանս պահել Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Ստեղծված իրավիճակում Ռուսաստանից ամբողջությամբ հրաժարվելը տնտեսական ինքնասպանություն է լինելու Հայաստանի համար։ Ռուսաստանը այլևս մեր դաշնակիցը չի և առնվազն տեսանելի ապագայում մենք դաշնակիցներ չենք դառնա, բայց թեև տարածված կարծիքին այս պահի դրությամբ համարժեք տնտեսական այլընտրանք մենք չունենք, ըստ այդմ պետական քաղաքականության հարցում պետք է գործենք հնարավորինս սառնասիրտ ու բացառապես սեփական շահերը հաշվի առնելով։

Վահան Վարդանյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող