«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանի ձիու քայլը. Աշոտ Ներսիսյան

08/10/2023

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Տարբեր առիթներով նշել ենք, որ չափազանց անակնկալ եղավ Արցախի վրա գրոհը և ապա` տեղի հայության էթնիկ զտումը: Մարդիկ իրենց տները, կահկարասին թողնելով` հաշված օրերի ընթացքում դատարկեցին իրենց բնօրրանը: Կապ կա՞ արդյոք այս ամենի և հոկտեմբերի 8-ի արշալույսին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակվելու միջև: Կարծում ենք, որ կա: Հայտնի է, որ Իսրայելը հանդիսացել է և հանդիսանում է Ադրբեջանի գլխավոր զինողներից մեկը: Այդ զենքերն էին մեր դեմ նաև գործում թե 44-օրյայի ընթացքում և թե ցայսօր: Իսրայելը և ՆԱՏՕ-ն, որի զորավարժություններին Հայաստանում մեկ օր էր մնում, դատարկել տվեցին Արցախը, ուր ամեն րոպե կարող էին մտնել ՆԱՏՕ-ի զորքերը և որի հայաթափումից առաջ գրավյալ տարածքներում Իսրայելը պլացդարմներ է ստեղծում ընդդեմ Իրանի: Ռուսները չխառնվեցին պատերազմին հօգուտ հայոց, խուսափելով երկրորդ ճակատի բացումից, որն արդեն ենթադրում էր, որ Արցախը պետք է լիովին օգտագործել` Իրանին հարվածելու համար: Իրանը դա տեսնում էր, համարում էր դա Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում,բայց չէր կարող չտեսնել, թե ինչպես է Իսրայելը Ադրբեջանին օգտագործում իր հետագա նպատակների համար: Ուստի անընդհատ զգուշացնում էր, որ չի հանդուրժելու սահմանների փոփոխություն տարածաշրջանում, բայց կարծես թե արդեն վերջնականապես պարզ էր, որ ինքը հարվածից զերծ չէր մնալու և արդյունքում ՀԱՄԱՍ-ը սկսեց պատերազմը: Իրանը ողջունեց դա, ավելին` անցած գիշեր այնտեղ տեղի ունեցան հրավառություններ: Հայտնի է, որ ՀԱՄԱՍ-ի հիմնական ֆինանսավորողներից է Իրանը` Քաթարի հետ: Ենթադրել կարելի է, որ հենց նա է դրդել ՀԱՄԱՍ-ին` սկսելու պատերազմը: Դա ձիու քայլ է նրա կողմից, որովհետև ողջ արաբական աշխարհը կմիանա այդ պատերազմին, ավելին, նման ցանկություն ունեն նաև թալիբները: Բացի այդ, բուն Իսրայելի ներսում ընդդեմ նրա են հանդես գալիս մուսուլմանները: Դառն են հիշողություններն արաբ ժողովրդի` կապված հրեաների և փաստացի նրանց կողմից կառավարվող ԱՄՆ-ի և Արևմուտքի նկատմամբ: Նրանք քանդեցին Իրաքը, բարգավաճ Լիբիան, պատերազմի մեջ քաշեցին Սիրիային: Հիմա արաբական աշխարհի վրեժի պահն է, որի թիկունքին է Իրանը: Պատերազմին ամեն րոպե կարող է միանալ «Հեզբոլլա»-ն: Գիշերը Իսրայելը հրթիռակոծել է Լիբանանը, պատասխան է ստացել, բայց այլևս չի համարձակվի խփել Իրանին: Այսպիսով, եթե մեր ենթադրությունները իրականանան, Ադրբեջանը կզրկվի Իրանի հանդեպ ունեցած ախորժակից և եթե համարձակվի թույլ տալ իր տարածքից անել այն, ինչ հրեաների հետ էր ծրագրում, կհրթիռակոծվի Իրանի կողմից: Երեկվա պատերազմը թերևս անակնկալ էր Էրդողանի համար, որ կողմերին դիմեց պատերազմից զերծ մնալու հորդորով: Նույնն արեց նաև Պուտինը, որի պետության շահերից է թերևս բխում պատերազմը, որը շարունակվելու դեպքում ՆԱՏՕ-ին կթուլացնի Ուկրաինայում: Ստեղծված իրավիճակում ինչ է պահանջում մեր շահը`ճիշտ հասկանալ Իրանին և պատեհ պահին ռազմաքաղաքական դաշինք կնքել նրա հետ, որն ըստ իրավիճակի կանի Ռուսաստանը ևս: Ադրբեջանը ուզում է ութ անկլավներ «ազատագրել»,ինչպես ասել է Ալիևը Միշելին, բայց արդեն դժվար նման քայլ անի: Իսկ մեր անկլավները ե՞րբ է տալու: Թե նվիրելու ենք դրանք էլ: Մենք Արևմուտքում գտնելու բան չունենք: Նուրբ գործել է պետք տարածաշրջանում, որի դեպքում կարող ենք շահեկան դուրս գալ: