«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վախը թույլ չի տալիս մեզ անել ավելին, ասել ավելին և լինել ավելին. Մեսրոպ վարդապետ Պարսամյան

24/08/2020

Վախը մեղավոր մարդկային հոգու տկարության դրսևորումն է: Վախերը լինում են տարբեր՝ ինչպես մարդիկ են տարբեր։ Ոմանք վախենում են մթությունից, ուրիշները՝ փակ տարածությունից կամ բարձրությունից, ոմանք էլ՝ միայնակ մնալուց կամ մարդկանց առաջ խոսելուց։ Տարատեսակ վախեր կան, սակայն դրանց բոլորի ընդհանրությունն այն է, որ դրանք անշարժացնում, կաթվածահար են անում մեր բնականոն կյանքի ընթացքը։

Վախը թույլ չի տալիս մեզ անել ավելին, ասել ավելին և լինել ավելին։ Այն խոչընդոտում է մեր կյանքի ընթացքը և թույլ չի տալիս իրագործելու աստվածային մեր կոչումն այս կյանքում։ Հաճախ վախի հետևանքով պատրանքն ու իրականությունը խառնվում են իրար, և մարդիկ չեն կարողանում դրանք զատորոշել իրարից: Վախը շատ հաճախ նաև լուրջ առողջական խնդիրների պատճառ է հանդիսանում։

Վախը հաղթահարելու լավագույն միջոցը, ինչպես գրում է Սուրբ Հովհաննես Առաքյալը, Աստծո սիրո վրա կենտրոնացումն է. «Սիրո մեջ վախ չկա, և կատարյալ սերը հեռու է վանում վախը, որովհետև վախը տանջանքի ենթակա է, իսկ ով վախենում է, կատարյալ չէ սիրո մեջ»։ (Ա. Հովհաննես 4:18)

Որքան հաճախ ենք սևեռում մեր հայացքը Աստծո սիրո և Նրա հայրական հոգատարության վրա, այնքան ավելի ենք գիտակցում, որ վախը որևէ իշխանություն չի կարող ունենալ մեզ վրա։ Աստծո կատարյալ սերը հեռու է վանում ցանկացած վախ, անորոշություն և մտահոգություն։ Նրա սիրառատ ներկայությունը լուսավորում է մեր անհանգիստ սրտի ամեն մի մութ անկյուն՝ բժշկելով մեր բոլոր վերքերն ու տկարությունները։

Բավական է, որ ծագեն Աստծո սիրո անստվեր լույսի ճառագայթները, «որպեսզի իսկույն վերանա ամեն ապականություն, թախիծն ընկրկի, ողբը նահանջի, խավարը փախչի, մութը վերանա, գիշերը գնա, չարիքը չքվի, տագնապը հեռանա, հուսահատությունը հալածվի անհետ» և մեր նորոգված սրտերում թագավորի ձեռքն ամենակարող մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որին փառք՝ Հոր և Սուրբ Հոգու հետ, հավիտյանս հավիտենից. Ամեն։