«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանում սորոսական և հակասորոսական լինելու հարաբերականության մասին. Աշոտ Ներսիսյան

28/08/2020

2018թ. ապրիլյան իրադարձություններից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում աստիճանաբար ավելի ընդհանրական դարձավ «սորոսական» եզրույթը: Մարդիկ, որոնք ամենևին տեղյակ չէին, թե ինչ է դա նշանակում, իմացան, որ այդ բառը ծագում է միլիարդատեր, այսպես կոչված «բաց» հասարակությունների ստեղծման կամ ամենուրեք «ժողովրդավարության» հաստատման ջատագով Ջորջ Սորոսի անունից: Այն ուժերը, որոնք դեմ էին և շարունակում են դեմ լինել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը, իշխանության շատ ներկայացուցիչների կոչում են սորոսականներ, որոնք, ըստ նրանց, Սորոսի հիմնադրամների փողերով կործանում են մեր երկիրը: Մենք այսօր չենք ուզում քննարկել այն հարցը, թե ով ի°նչ է կործանում և ի°նչ է կառուցում: Հեռու լինելով վերջնական տեսակետ արտահայտելու ցանկությունից այնպիսի երևույթների մասին, որոնց համար փաստերը սակավ են և, որոնց ճշտությունը ապացուցելը հնարավոր չէ, ինչպես լիարժեք սխալ լինելը`պարզապես ցանկանում ենք ուշադրություն սևեռել մի կարևոր խնդրի վրա՝ որքան հնարավոր է պահպանել անաչառությունը: Ընդհանուր առմամբ, երբ դրվում է իշխանությունը մերժելու խնդիր, ապա դրա համար օբյեկտիվ պատճառների կողքին միշտ հորինվում են նաև ստեր և զրպարտանքներ: Սա վաղուց է ապացուցել պատմությունը: Հարկավ, ինչպես Հայսատանում, այնպես էլ շատ այլ երկրներում գոյութուն ունեն սորոսականներ, որոնք իրենց գործունեությունը կարող են կոորդինացնել նրա բացած գրասենյակների կամ հիմնադրամների միջոցով, դրամի տրամադրմամբ լուծել խնդիրներ, որոնք իր առջև դրել է դրանց հիմնադիրը: Բայց թե´ սորոսականները, թե´ այլ զանազան կազմակերպություններ և հիմնադրամներ, տարաբնույթ աղանդավորական կազմակերպություններ, որոնց մասին հիմա ավելի շատ է խոսվում, ե°րբ են հիմնավորվել Հայաստանում: Պարզից էլ պարզ է, որ նախորդ իշխանությունների օրոք: Կարո°ղ է ինչ որ մեկը երաշախվորել, որ նախկինում Հայասատանում չեն գործել պաշտոնյաներ, որոնք եղել են սորոսական կամ առնվազն Սորոսի հիմնադրամից օգտվողներ, հոմոսեքսուալիստներ, բիոսեքսուալիստներ, աղանդավորներ և այլն: Չենք կարծում, որ մեկը կարող է այս հարցին հիմնավոր ժխտողական պատասխան տալ: Բայց, ահա, այսօր մեղադրականների տեղատարափ է իջնում ներկայիս իշխանությունների գլխին, թե նրանք խրախուսում են այն բոլորը, ինչ դեմ է մեր ազգային ավանդույթներին: Ոչ մեկը չի կարող ժխտել, որ կան այդպիսիները և, որոնք մերժելի են մեր հասարակության և պետականության համար և չպետք է տեղ ունենան կառավարման համակարգում: Բայց զավեշտալին այն է, որ մարդիկ, որոնք նախկինում օգտվել են Սորոսի կամ այլ դրամաշնորհներից, հանդես են գալիս դրանց դեմ: Մեր հասարակությանն արդեն հայտնի են նախկին իշխանության տարբեր ոլորտներում աշխատած մարդկանց անուններ, ներկայումս գործող կառույցների ղեկավարներ, որոնք սիրով և հոժարությամբ ստացել են նույն փողերը: Մենք գիշերը չենք պառկում քնելու՝ առավոտյան, օրինակ, Սորոսի կողմից փողեր ստանալու հույսով, ամենաոխերիմ հակառակորդն ենք այնպիսի արժեքների քարոզչության, որոնք խորը հարված են հասցնում մեր արժեքային համակարգին, բայց նաև գտնում ենք, որ այս կամ այն ուժի կամ գաղափարախոսության դեմ պայքարելու համար պետք է զերծ լինել այն «արժեքները» ներառողի կերպարից, որոնց այլ կրողներին դատափետում ես: Այսօր Հայաստանում ի°նչն է արմատավորված՝ իրար քննադատելն ու հայհոյելը, մեկի կողմից ֆիանսավորվելով այլոց դրսի կողմից ֆինանսավորված լինելը մատնանշելը՝ մեր պետականության կործանման եզրին հասցնելը դրանով բացատրելով և այլն: Եթե քեզ փող են տալիս, որ խոսես, նշանակում է մոտ չես իրականության ըմբռնմանը կամ կեղծում ես, իրավունք չունես խոսելու մեկ ուրիշի՝ դարձյալ փողով թելադրված գործունեության մասին: Դժվար է առանց փողի. պետությունը, եթե չունի փող, դրսի ուժերը կարող են տալ և թելադրել, անձը փող չունի դարձյալ դրսի և ներսի փող ունեցող ուժերը կարող են տալ և թելադրել: Փող չունենալը տնտեսություն չունենալու արդյունք է: Բայց ներքաղաքական առումով այսօր Հայասատնում ականատեսն ենք փողով հասարակությունը տարբեր խմբերի բաժանված տեսնելու ցավալի փաստի, խմբեր, որոնք դժվարանում ենք պնդել, որ առաջնորդվում են պետական շահով: Դա, ինչպես էլի ենք մատնանշել տարբեր առիթներով, երևում է հենց միայն այն հանգամանքից, որ քննադատությունների հիմքում տեսնում ես ատելությունը, իշխանությունը անդառնալիորեն կորցնելլու ափսոսանքը: Ոչ մի տեղ, ոչ մի հարցում իշխանությունները ընդդիմադիրների հանդեպ և ընդդիմադիրները իշխանությունների չեն տեսնում ոչ մի լավ բան: Իրար հանդուրժելու միտքն արդեն զավեշտալի է հնչում: Իշխանությունը պահելու և նրան հասնելու մոլուցքը մշուշապատել է պետականամետության գիտակցումը: Վերնագիրը պատահական չընտրեցինք՝ այսօր սորոսական կամ հակասորոսական լինելը հարաբերական է: Ով մեկին շատ է հայհոյում՝ ցանկանում է չեզոքացնել իրեն հայհոյելու վտանգը: Այդպես էլ իրար չսիրեցինք և դրա համար էլ օտարին ենք սիրում: Բայց օտարին սիրելով մեր ձախողումների և սխալների մեղքը էլի միայն օտարի վրա ենք գցում: Բոլորս մեկ-մեկ և ազգովի ճիշտ ենք: Դե ուրեմն շարունակենք ապրել այս կործանարար «Ճշտով»: