«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մենք նահանջելու տեղ չունենք. Աշոտ Ներսիսյան

18/11/2023

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Արդեն վերջնականապես պարզ է, որ ՀՀ իշխանությունները գնում են այն ճանապարհով, որը նախատեսում է «նավարկել» Արևմուտքի ուղարկած լաստի վրա, այն տրամաբանությամբ, որ ռուսական քաղաքական լաստը «խարխուլ է և վտանգավոր»: Հարկավ, ռուսական պետության մեր հանդեպ որդեգրած քաղաքականության մեջ արդեն երկու հարյուր տարուց ավել միշտ էլ կարելի է գտնել խարդավանք և դա բնական է: Բայց դա վերաբերում է հավասար չափով և Արևմուտքին, որն ինքնին պետք է ենթադրի, որ այն շռնդալից ելույթներն ու հանդիպումները, որոնք տեղի են ունենում Արևմուտքում հընթացս ռուսական կողմից առաջարկված հանդիպումների մերժման, դեռևս նույն Արևմուտքի կողմից հայտարարություններից զատ, որոնք ուղղված են Ադրբեջանի դեմ և որոնք կտրուկ շեշտվածություն ունեն ընդդեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների բացառման, արցախցիների իրավունքների հարգման, Արցախի մշակութային ժառանգության պահպանման և այլնի վերաբերյալ, տեսական նշանակությունից այն կողմ չեն անցել: Ադրբեջանը դեռևս մտադրություն չունի դուրս գալու մեր սուվերեն տարածքից, երբեք չի հայտարարել, որ պատրաստ է ճանաչել 29800 քառ. կմ տարածքի վրա ՀՀ անկախությունը, այն դեպքում, երբ մեր կողմից հստակ մատնանշվել է նրա տարածքի կոնկրետ չափը և շատ նրբորեն է խաղում Ռուսաստանի և Արևմուտքի հակասությունների միջև: Անշուշտ, որևէ բանական մարդ չի կարող դեմ լինել խաղաղությանը, բայց դրան գնալու մեր կողմի պատրաստակամությունը, որի մասին հայտարարություններ են հնչում Արևմուտքում և այլուր, չնայած այն տպավորության ներշնչմանը, որ բան չմնաց պայմանագրին, միշտ մի պատճառաբանությամբ, ինչ որ կետերի հետ կապված, հեռու է վանում այն: Ադրբեջանը երկակի ստանդարտներ կիրառելով, հասավ նրան, որ նախ, շեղվելով Նոյեմբերյան համաձայնագրից Արևմուտքում հասավ նրան, որ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, ապա շրջափակեց այն և ի վերջո, մեկօրյա հրետակոծությունից հետո հայաթափեց: Միշտ այն կարծիքն ենք արտահայտել, որ դա միայն Ադրբեջանով չէր պայմանավորված: Քաղաքականությունից տարրական պատկերացում չունենալու դեպքում միայն կարելի է պնդել, որ ռուսներին ձեռնտու էր հայաթափումը: Եթե իրոք այդպես էր, նրանք 44-օրյան կթողեին երկարեր, պատերազմը կկանգնեցնեին միայն ամբողջ Արցախի գրավումից հետո: Իսկ սեպտեմբերյան հարձակումը նրանք չէին կարող կանգնեցնել, որովհետև, ինչպես բազմիցս նշել ենք, նրանց ավելի ձեռնտու էր Արցախի զոհաբերումը, քան այստեղ Արևմուտքի ցանկությանը փաստացի գնալով, մի նոր կրակ բորբոքելը: Այս ամենից հետո Ադրբեջանը թերևս հասկանալով, որ Արևմուտքում պայմանգիր կնքելը հաճելի չէ ռուսների քիմքին,և քանի որ իրեն ձեռնտու է պայմանագրի ձգձգումը, չգնաց Գրանադա, Բրյուսել, չի գնալու Վաշինգտոն, որը հիմա նրան պետք չի: Նա շատ լավ հասկանում է, որ Արևմուտքն այստեղ իր համար զսպաշապիկ չէ ցանկացած իրավիճակում Հայաստանի դեմ և որ Ռուսաստանը երբեք չի հանդուրժի պայմանագիր առանց իր մասնակցության: Ուրեմն ինչու պետք է շտապի: Հարկավ, դրվատելի է ՀՀ վարչապետի առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը, բայց դրա իրականացման մասին խոսելը շատ զգացմունքային կլինի: Դրան դեմ է նախ և առաջ Ռուսաստանը, որը բացահայտ հայտարարում է Զանգեզուրով անցնող ճանապարհների վրա իր դաշնային ծառայությունների վերահսկողության անհրաժեշտության մասին: Անվարան, մենք ճիշտ ենք, որ մեր երկրի տարածքով անցնող ճանապարհները մենք պետք է վերահսկենք: Բայց դա քաղաքական հայտարարություն է, որի իրականացման հիմքը ուժեղ բանակն է: Ունենք այն, գնանք այս ուղղությամբ: Բայց այս առումով կասկածամտությունը ընդհանրության է հասել: Սա նշանակում է, որ մեր ճակատագիրը դեռ մենք չենք որոշում: Պատմության անիվը կարծես սկսում է պտտվել ռուսների օգտին: ԱՄՆ -ի պետբյուջեից հանվեց Ուկրաինային ֆինանսներ նախատեսելու մասը, որը նշանակում է Ուկրաինայի պարտություն,բայց ոչ կապիտուլյացիայի տեսքով, այլ բաժանման: Զելենսկին, որին խաղի մեջ մտցրել Արևմուտքը, նույնի կողմից տարվում է զոհաբերման: Արևմուտքը, որի շատ երկրներ գնում են ռուսական գազը, թերևս նույն ռուսների հետ կնստի կլոր սեղանի շուրջը հանուն Ուկրաինայում խաղաղության: Այդ ժամանակ ռուսները կմարեն այստեղ կրակը, որպեսզի կենտրոնանան մերձավորարևելյան խնդիրների վրա: Արևմուտքից սպասելիքները արդեն զրոյանում են: Ակնհայտ է, որ մեծ խաղում տանուլ է տալիս Իսրայել-ԱՄՆ-ԵՄ առանցքը հօգուտ Չինաստան-Հնդկաստան-Ռուսաստան-Պարսկաստան առանցքի: Տանուլ է տալիս, որովհետև ձախողվեց Իրանին հարվածելու հրեա-ամերիկյան ցանկությունը: Իսկ մենք ինչ պետք է անենք, եթե «գնացած» ռուսները վերադառնան մեր նրանցից երես թեքած կողմ լինելու իրավիճակում: Կկորցնենք ինչ որ կտոր`հօգուտ ավելի խելոք հարևանի: Ինչքան էլ հայհոյենք Էրդողանին, նա մեծ խաղացող է: Ինքնուրույն է և ուժեղ, ավելի ուժեղ, քան Քեմալը: Իսրայելա-արաբական մեծ կոնֆլիկտում նա այն գիծն է տանում, ինչ Ռուսաստանն ու Իրանը: Ալիևը նրա միջոցով ռուսների մեզնից դժգոհ հայացքի ներքո,կարող է մեզնից ինչ որ բան էլ պոկել: Կարծում ենք, որ այս պահին քաղաքական կտրուկ շրջադարձերն ավելորդ են: ՀԱՊԿ-ի հավաքներին չգնալը, նշանակում է մերժել ռուսներին, որովհետև դեռ շուտ ենք գրել կամ ասել` «Կա Ռուսաստան, կա ՀԱՊԿ, չկա Ռուսաստան`չկա ՀԱՊԿ»:

Արևմուտքին հարաբերվելուն ով կարող է դեմ լինել, զենքեր բերելուն առավելապես, բայց պետք է չափազանց զգույլ լինել, որպեսզի չկրկնվի 1920թ.-ը, որպեսի չլինի նոր Լոզան,ուր զոհաբերվեց Հայկական հարցը: Մեր ձին ոչ թամբ ունի, ոչ սանձ և ամեն րոպե կարող է մեր տակից փախչել: Չպետք է թույլ տանք, որ մեզ էլ «գցեն» ինչպես վրացիներին և արդեն ուկրաինացիներին: Մենք նահանջելու տեղ չունենք: