«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՛՛ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐՁԻԿ՛՛. Վահե Դավթյան Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

27/08/2020

Նախկին իշխանությունների կողմից սկսված և ներկայումս շարունակվող փոքր ՀԷԿ-երի նպատակային թիրախավորումը, ջրային տնտեսության բոլոր խնդիրները բացառապես հիդրոգեներացիայով պատճառաբանելու արատավոր ավանդույթը կարող է լուրջ ռիսկեր ու վտանգներ ստեղծել Հայաստանի էներգետիկ անվտանգության համար։ Կառավարության կողմից փոքր ՀԷԿ-երի համար շուրջ 64 մլն դրամի փոխհատուցման վճար սահամնելը՝ վերջիններիս կողմից սահմանվածից ավելի մեծ ծավալով ջրի օգտագործման դեպքում, վկայում է տվյալ ոլորտի կառավարումն առավելապես “ոստիկանական”, այլ ոչ թե ռազամավարական ու հակաճգնաժամային մեթոդներով իրականացնելու մասին։ Ակնհայտ է, որ ջրագողության դեմ անհրաժեշտ է պայքարել։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Սակայն այդ պայաքարը չպետք է ինքնանպատակի վերածել ու տարածել այն անխտիր բոլոր ՓՀԷԿ-երի վրա։ Հայտնի է, որ Հայաստանի գետերի մեծ մասը հալոցքային են և, հետևաբար, գարնանը էապես ավելանում է ջրերի հոսքը, ինչը հավելյալ ծավալի ցածր ինքնարժեք ունեցող էլեկտրաէներգիայի գեներացման հնարավորություն է ստեղծում։ Ավելին՝ ըստ որոշ գնահատականների, այդ ջրերը հոսում են Ադրբեջան և Թուրքիա՝ օգտագործվելով այնտեղ ոռոգման նպատակներով։ Բոլոր այս հանգամանքներն անհրաժեշտ է հաշվի առնել նախքան ոստիկանական մեթոդների կույր կիրառումը։ Հատկապես այս հանգամանքները կարևոր են սահմանամերձ ՓՀԷԿ-երի շահագործման գնահատման ժամանակ։ Ներկայումս Հայաստանում ՓՀԷԿ-երի ընդհանուր հզորությունը կազմում է մոտ 365 ՄՎտ։ Դրանց տեսակարար կշիռը երկրի էլեկտրաէներգիայի գեներացման կառուցվածքում հասնում է մոտ 20%, ինչը թույլ է տալիս խոսել հիդրոէներգետիկայի անվտանգային նշանակության մասին։ Չմոռանանք, որ հենց հիդրոէներգետիկայի շնորհիվ 2019 թ. հուլիսի 10-ին հնարավոր եղավ խուսափել խորքային էներգետիկ blackout-ից։ ՋԷԿ-երի աշխատանքի կասեցման և ԱԷԿ-ի՝ պլանային վերանորոգման մեջ գտնվելու պայմաններում հենց հիդրոէներգետիկան հանդես եկավ որպես “անվտանգության բարձիկ”՝ ապահովելով երկրի էներցետիկ անվտանգությունը։ Ավելին՝ հենց փոքր հիդրոէներգետիկայի համակարգի կայացած լինելու հանգանանքն է, որ թույլ է տալիս իշխանություններին ու առանձին փորձագետներին տարբեր միջազգային հարթակներում վստահորեն խոսել Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման դրական դինամիկայի մասին։ Ուստի, փոքր հիդրոէներգետիկան պահանջում է առանձնահատուկ, եթե ուզում եք՝ պրոտեկցիոնիստական մոտեցում կառավարության կողմից։ Մոտեցում, որի հիմքում, բացի ջրագողության դեմ պայքարից, պետք է ընկած լինի ՓՀԷԿ-երի մոդեռնիզացման ու դրանում պետության մասնակցության ապահովման, ինչպես նաև երկրի ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետության շարունակական բարձրացման սկզբունքները»։