«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մերձավոր Արևելքը կրակի մեջ․ Արայիկ Մկրտումյան

09/10/2023

Իսրայելի և Պաղեստինի միջև ռազմական գործողությունների վերսկսումը վկայում է այն մասին, որ «պատերազմով հարցեր չլուծելու» կարգախոսը ոչ միայն հնացած է, այլև՝ լրիվ ավելորդ: Ընդ որում արաբա-իսրայելական հակամարտության թեժացումը ցույց է տալիս, որ մինչև 2010թ. գոյություն ունեցող աշխարհակարգն այլևս գոյություն չունի: Դրա ապացույցն են հանդիսանում 2010-ից սկսված արաբական գարունը, Ղրիմի անեքսիան, Արցախի 44-օրյա պատերազմը, ռուս-ուկրաինական պատերազմը և օրերս վերսկսված արաբա-իսրայելակական հակամարտությունը:

Թե ինչքան կտևի և ինչով կավարտվի կոնկրետ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված մարտական գործողությունները՝ դժվար է ասել: Այն կարող է տևել մի քանի օր, մի շաբաթ և նորից վերադառնալ իր «սողացող» կարգավիճակին, երբ տարածաշրջանի ուժերը ձգտում են մեկը մյուսի դեմ պայքարել անուղղակի, պրոքսի ուժերի միջոցով:

Այս ռազմական գործողությունները, բացի նրանից, որ հանդիսանում են նոր աշխարհակարգի ստեղծման(կամ հնի փլուզման, նայած ով ինչպես է մեկնաբանում) հերթական արար, նաև երկու շատ կարևոր կողմ ունեն՝ ռեսուրսի և լոգիստիկայի առումով:

Հավանաբար շատերն են հիշում, որ 1970-ականների արաբա-իսրայելական հակամարտության սրման ժամանակ ԱՄՆ-ը և Եվրոպան աջակցեցին Իսրայելին, իսկ ԽՍՀՄ-ը՝ արաբներին: Արաբական երկրների կողմից դեպի Եվրոպա արտահանվող նավթի վրա էմբարգո դրվելուց հետո ԽՍՀՄ նավթի գինը մի քանի տարում աճեց գրեթե 20 և ավելի անգամ: Հիմա իրավիճակը ինչ որ առումով նման է 70-ականների պատերազմին, բայց հիմնական փոփոխությունն այն է, որ այժմ Անդրկովկասում կան անկախ պետություններ, Իրանը շատ ավելի հզոր է և հավակնոտ, Ռուսաստանը՝ անհամեմատ ավելի թույլ, Թուրքիան՝ ավելի ագրեսիվ: Իսրայելն արդեն իսկ մեղադրում է Իրանին այդ հարձակման համար, Իրանն իր աջակցությունն է հայտնում ՀԱՄԱՍ-ին: Բացառված չէ, որ մարտական գործողությունների մեջ մտնի(եթե դեռ չի մտել) Հզբոլլահը, Ալ-Ջազիրայի տեղեկություններով ՀԱՄԱՍ-ին արդեն իսկ միացել է «Իսլամական ջիհադ» խմբավորումը: ԱՄՆ-ի համար ևս պատային իրադրություն է ստեղծվել այն առումով, որ եթե նա ակտիվորեն աջակցի Իսրայելին, ապա արաբական երկրները կարող են դեմ դուրս գալ և նորից կիրառել նավթային լծակը, որը ձեռնտու է Իրանին և Ռուսաստանին: Երկուսն էլ պատժամիջոցների տակ են գտնվում և այս հակամարտությունը երկուսին էլ խիստ ձեռնտու է: ԱՄՆ կողմից ուկրաինական ճակատին տրվող օգնությունը քիչ դժգոհություններ չի հարուցել ամերիկյան հասարակության մոտ, որոնք տնտեսական դժվարությունների մեջ են հայտնվել, իսկ իսրայելական ճակատին օգնելը Բայդենի համար կարող է ներքաղաքական անկայուն իրավիճակ ստեղծել: Արդյո՞ք Բայդենը կգնա Իսրայելին ծանրակշիռ օգնություն ցույց տալու ճանապարհով:

Իհարկե պետք չէ սպասել, որ պաղեստինյան առումով ստատուս քվոյի փոփոխություն կարձանագրվի, այնպես, որ հետքրքիր է, թե ՀԱՄԱՍ-ը ինչ վերջնակետ ունի և ինչի է ձգտում: Հաշվի առնելով այն թափը, որ վերցրել է ՀԱՄԱՍ-ը, նրանք երկար են պատրաստվել և հավանաբար ավելի մեծ նպատակներ ունեն, քան 2021թ. երբ կրկին մարտական գործողություններ էին ընթանում նրանց ու Իսրայելի միջև: Թե՛ ՀԱՄԱՍ-ը, թե՛ Հզբոլլահը վայելում են իրանական աջակցությունը և այս պատերազմը շատ հանգիստ կարող է վերածվել լայն ու ավերիչ փոթորկի ոչ միայն Իսրայելի ու Պաղեստինի համար, այլ հրդեհել ողջ տարածաշրջանը:  Այս ֆոնին չի կարող անտարբեր մնալ նաև Ադրբեջանը, որի տարածքը որպես տրամպլին օգտագործում էր Իսրայելը 2020թ. Իրանի դեմ դիվերսիաներ կատարելու համար:

Ավելի համարձակ մեկնաբանությունները պնդում են, որ սա շատ լավ առիթ է Իսրայելի համար լեգիտիմացնել իր գործողությունները Իրանի դեմ՝ հայտնելով, որ ունի ապացույցներ, որ Իրանն է խառնված իր դեմ իրականաված հարձակման հովանավորությանը:

Պատային իրավիճակ է նաև ՌԴ համար: Թե՛ Իրանը, թե՛ Իսրայելը կարևոր են ՌԴ համար և դժվար է գուշակելը, թե ինչ դիրք կբռնի ՌԴ-ը այս հարցում: Գուցե արևմուտքը ՌԴ-ի հետ պայմանավորվի հարմար գնով Ուկրաինայո՞ւմ:

Որքան էլ որ տարօրինակ հնչի, բայց այս պատերազմը մինչև որոշակի փուլի կարող է ձեռնտու լինել նաև Իսրայելի հետ բավական լավ հարաբերություններ ունեցող Թուրքիային: Հիշենք, որ Թուրքիան բողոքել էր G-20-ի կողմից հրապարակված առևտրական մեծ ճանաապարհի նախագծային քարտեզից, որը պիտի անցներ Հորդանանով, Իսրայելով և ապա՝ Հունաստան: Թուրքիան առաջարկում էր փոխել այդ ճանապարհն ու Հորդանանի և Իսրայելի փոխարեն անցկացնել Քաթարով և Թուրքիայով:

Այդ քարտեզի հրապարակումից հետո նշվում էր, որ Մերձավոր Արևելքը և հատկապես Իսրայել, Լիբանան, Սիրիա, Հորդանան և հարակից տարածքները աչքի են ընկնում իրենց հրավտանգությամբ և խիստ կասկածելի է, որ նման լուրջ բիզնես ճանապարհն անցնի այդտեղով: Իսկ գուցե նախնական քարտեզը հենց այն խայծն էր, որ միանգամից կուլ տվին շատերը՝ առաջարկելով սեփական ծառայություններն ու գինը: Ընդ որում քարտեզից դուրս էր մնում Իրանը: Հաստատ է մի բան՝ Իսրայելը գոնե այս պահի դրությամբ չի կարող երաշխավորել նման հավակնոտ ծրագրի իր բաժին անվտանգությունը: Իսկ թե՛ Թուրքիան, թե՛ Իրանը պատրաստ են իրենց տարածքով անցկացնել այդ ճանապարհը, որը նրանց թույլ կտա ոչ միայն դուրս չմնալ խոշոր ծրագրերից, այլև չմեկուսացվել: Իսկ այդ ճանապարհներից մեկի՝ իրանյան առաջարկը անմիջապես առնչվում է Հայաստանին: Չի բացառվում, որ հիմա ուժեղանանան նաև Զանգեզուրի միջանցքի հետ կապված սպեկուլյացիաները թե ռուսական, թե՛ ադրբեջանական կողմից:

Այս հակամարտությունը, ինչպիսին էլ որ լինի նրա ընթացքը, տևողությունն ու գործնական հետևանքները, չի կարող ազդեցություն չունենալ նաև մեզ վրա, չափազանց շատ ուժեր և շահեր են բախվում: Հայաստանի գերխնդիրն է խիստ հավասարակշռված և նուրբ կեցվածք դրսևորել: Ինչպես արդեն նշվեց՝ հին աշխարհակարգը վաղուց չի աշխատում և մեզ նոր քաղաքականություն է անհրաժեշտ:

Արայիկ Մկրտումյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող