«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայերը կարող են գոհ լինել ցեղասպանության ճանաչումից, բայց կա այս հարցի մի բացասական կողմ․ ամերիկացի վերլուծաբան

24/04/2021

Tert.am-ը ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլի հետ զրուցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դա կարող է լինել, քանի որ ամբողջ աշխարհում ճանաչման գործընթացն առաջ է ընթանում:
«Կարծում եմ, որ ամեն ինչ կապված է նախագահ Բայդենի՝ իր խոստումները կատարելու ցանկության հետ: Թուրքիայի հետ կապված խնդիրները կարող են հեշտացնել դա, բայց պատճառը դրանք չեն»,- ասում է նա։
-Պարո՛ն Գոբլ, համաշխարհային մեդիան գրում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դուք դրա մասին ի՞նչ կարծիք ունեք․ կա՞ն նախապայմաններ դրա համար։
-Այո՛, կարծում եմ, որ դա կարող է լինել, քանի որ ամբողջ աշխարհում առաջընթաց է ապրում ճանաչման գործընթացը, որ այն, ինչ տեղի ունեցավ 1915-ին, պետք է դատապարտվի ավելի անկեղծ ձևով։
-Ի՞նչը կարող է լինել Բայդենի կողմից պատմական ճշմարտության ճանաչման պատճառը․ տրված խոստո՞ւմը՝ ԱՄՆ հայ համայնքին քարոզարշավի ընթացքում, թե՞ Թուրքիայի հետ քաղաքական խնդիրները:
-Կարծում եմ, որ ամեն ինչ կապված է նախագահ Բայդենի՝ իր խոստումները կատարելու ցանկության հետ: Թուրքիայի հետ կապված խնդիրները կարող են հեշտացնել դա, բայց պատճառը դրանք չեն:
-Եթե ճանաչման վերաբերյալ կանխատեսումներն իրականություն դառնան, ապա դա ի՞նչ նշանակություն կունենա Թուրքիայի համար:
-Անկարան կբարկանա, բայց այդ զայրույթը ճնշող չի լինի: Կարծում եմ, որ Թուրքիայի ղեկավարները գիտեն, որ իրենք գտնվում են այս հարցի պարտվողական կողմում:
-Ի՞նչ կտա ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանին:
-Հայերը կարող են գոհ լինել, բայց կա այս հարցի մի բացասական կողմ․ 1915-ի զանգվածային մահվան դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելուն ձգտելը սփյուռքի ինքնության կենտրոնն է եղել այնքան ժամանակ, որ այս հաղթանակին հասնելով` Հայաստանից դուրս գտնվող շատ հայեր հավանաբար ավելի քիչ մոտիվացիա կունենան աշխատելու Հայաստանի համար, քան նախկինում։