«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ-ն ազատվում է Ռուսաստանից կախվածությունից, ինչն արգելակում էր Պուտինի դեմ որոշումները. Բորել

05/07/2022

Եվրամիությունն աստիճանաբար ազատվում է ռուսական կախվածությունից, ինչը երկար ժամանակ արգելակում էր քաղաքական որոշումների կայացմանը՝ չնայած նախագահ Վլադիմիր Պուտինի ագրեսիվությանը։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հոդվածում։

«Մինչև 2022 թվականի վերջը ԵՄ-ն 90%-ով կնվազեցնի ռուսական նավթի ներկրումը։ Մենք նաև արագորեն կրճատում ենք գազի ներկրումը։ Վլադիմիր Պուտինը հավանաբար կարծում էր, որ Եվրոպան չի համարձակվի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանից իր էներգետիկ կախվածության պատճառով։ Դա էական սխալ հաշվարկներից մեկն է, որը թույլ է տվել ռուսական ռեժիմը այս հակամարտության ընթացքում»,- ասվում է հոդվածում։

Բորելը խոստովանել է, որ ռուսական էներգակիրներից արագ հրաժարվելը լուրջ դժվարություններ է ստեղծում ԵՄ շատ երկրների, ինչպես նաև տնտեսության մի շարք ոլորտների համար։ «Բայց սա այն գինն է, որը մենք պետք է վճարենք մեր ժողովրդավարությունը և միջազգային իրավունքը պաշտպանելու համար, և մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ՝ լիակատար համերաշխության ոգով լուծելու այդ խնդիրները», ընդգծել է նա։