«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զանգեզուրի միջանցք. Մեծ խաղ, խոշոր խաղադրույքներ. Արայիկ Մկրտումյան

14/11/2023

Շաբաթներ առաջ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի անունից Պոլիտիկոն լուր տարածեց այն մասին, որ իրենք մտավախություն ունեն, որ Ադրբեջանը մոտակա շաբաթների ընթացքում կարող է հարձակվել Հայաստանի վրա: Այնուհետև այդ հայտարարությունը փոքր ինչ ավելի մեղմ տոնով ներկայացվեց, միաժամանակ շեշտելով, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չէ:

Ադրբեջանի հարձակման հավանականությունը շարունակում է բարձր մնալ, մանավանդ, որ 2021թ. սկսած Բաքուն արդեն մի քանի անգամ հարձակվել է ՀՀ վրա և տարածքներ օկուպացրել, իսկ 2020թ. նոյեմբերի 9-ի փխրուն ստատուս-քվոն վերջնականապես վերացնելով 2023թ. սեպտեմբերին Արցախի վերջնական գրավումով ու արցախցիների զանգվածային բռնագաղթով, միայն ընդգծում է այդ հարձակման հավանականությունը: Դա ինչ որ նոր բան չէ: Այստեղ այն է հետաքրքիր, թե ինչու է Բլիքենը նախ այդպիսի հայտարարություն անում, իսկ հետո՝ խմբագրում այն: Միամտություն կլիներ կարծեսլ, թե դա իրոք լեզվի ծայրից թռած անզգույշ նախադասություն էր: ԱՄՆ պետքարտուղարը չի կարող շփոթվել կամ բերանբացություն անել: Մեծ քաղաքականության մեծ շփոթվելը ևս ծրագրված քայլ է: Եվ այսպես, ինչո՞ւ Բլինքենը նման բան ասաց: Նա ցանկանում էր հայերին զգուշացնել, թե՞ ադրբեջանցիներին: ԱՄՆ պետքարտուղարությունը նախ հայտարարելով, որ Բաքուն կարող է հարձակվել, ասես ցանկանում էր նշել, որ շատ լավ հասկանում է, թե ով երբ ինչ է ցանկանում, իսկ «խմբագրված» տեքստով, մեղմացնելով այդ հարձակման հավանականությունը և դե մի բան էլ հայտարարելով, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չէ, կարծես անուղղակի կերպով տեղեկացնում է, որ անձամբ ԱՄՆ-ը թույլ չի տալու նման կարգի փոփոխություններ: Այդ զգուշացումն ամենայն հավանականությամբ ուղղված է ՌԴ-ին ու Թուրքիային և նրանց պրոքսի պետություն Ադրբեջանին, քանի որ ՀՀ տարածքի հետ կապված միայն մի հարց կա՝ Զանգեզուրի  միջանցքը: Թե՛ ՌԴ-ը, թե՛ Թուրքիան վերջին շաբաթներում մի քանի անգամ անդրադարձել են այդ թեմային, թեև ամեն անգամ իրենց խոսքը ձևակերպել են տարբեր կերպ:

Թուրքիայի նախագահ Էրդողանը, ով առիթը բաց չի թողնում Հայաստանի պարտավորությունների մասին խոսելու համար, միաժամանակ նաև մի քանի անգամ ասել է, որ եթե Հայաստանը միջանցքը չբացի, ապա իրենք կարող են ճանապարհն անցկացնել Իրանի տարածքով: Ինչպես հայտնի է, Իրանը տարածաշրջանի ակտիվ խաղացողներից է, որը կտրուկ դեմ է արտահայտվում ցանկացած տարածքային փոփոխության: Իրանը գուցե և պատրաստ լինի Զանգեզուրի միջանցքի այլընտրանքը տրամադրել ու փակել ՀՀ-Իրան սահմանային փոփոխության հարցը, բայց այստեղ էլ մի այլ հարց է առաջանում՝ արդյո՞ք Թուրքիան կհամաձայնվի սեփական ձեռքերով իրեն շղթայել ու բանալին էլ տալ Իրանին: Անցնել Իրանի տարածքով՝ նշանակում է ինչ որ առումով ենթարկվել նրան, իսկ Թուրքիան ու Իրանը վաղեմի հակառակորդներ են: Կա նաև Ռուսաստանը, որին ընդհանրապես ձեռք չի տալիս այդ տարբերակը: Բաքվից ավելի շատ հենց Ռուսաստանն է ցանկանում Զանգեզուրի միջանցի բացումը, որով նա կկարողանա հսկել Հայաստանին, Ադրբեջանին, Թուրքիային և Իրանին: Իսկ եթե Զանգեզուրի փոխարեն ճանապարհը անցնի Ադրբեջան-Իրան-Թուրքիա ճանապարհով, ապա ՌԴ դերն այդ հարցում զրոյանում է, ինչն էլ անիմաստ է դարձնում 2020թ. նոյեմբերի  9-ի համաձայնագիրը, ինչի կայացման համար ՌԴ-ը քիչ ջանք չի թափել: Վերջին օրերին կրկին ակտիվացան ռուսների կողմից թեմայի շոշափումները՝ այս անգամ այն ներառելով «խաղաղության խաչմերուկ» համատեքստում: Ու հենց այդ ժամանակ էլ ԱՄՆ պետդեպ-ը «միամիտ» հայտարարություն է տարածում Ադրբեջանի հարձակման հավանականության, ապա նաև ՀՀ տարածքի անձեռնմխելի լինելու մասին: Այնպես է ստացվում, որ այս հարցում համընկնում են Իրան ևԱՄՆ շահերը: ԱՄՆ-ը, բացի նրանից, որ Թուրքիայի դաշնակիցն է,  կարիք ունի նաև զսպելու Թուրքիային ու չափավորելու նրա ախորժակը: ՌԴ-ը և Թուրքիան պատրաստ են իրար հետ աշխատել միջանցքը Հայաստանի տարածքով տեղափոխելու համար, բայց ՌԴ-ը չի պատրաստվում որևէ մեկի հետ կիսել դրա ղեկավարումը: Այսպես, թե այնպես Էրդողանը ստիպված է լինելու «ենթարկվել» կա՛մ Ռուսաստանին, եթե միջանցքն անցնի Հայաստանով, կամ՝ Իրանին, եթե  անցնի Իրանի տարածքով: Ո՞ւմ և ի՞նչ կընտրի Էրդողանը:

Միջանցքի հարցը ավելի է խճճվում, որովհետև դրա լուծումն ինչ որ չափով կախված էր ռուս-ուկրաինական պատերազմի ելքից, բայց այդ պատերազմը հիմա ծանր կերպով ճահճացած է, իսկ արաբա-իսրայելական պատերազմն ավելի է իրար խառնում ամեն ինչ: Այնպես է ստացվել, որ Զանգեզուրի միջանցքի հարցը հիմա երրորդական կամ չորրորդական պլան է մղած: Արաբա-իսրայելական պատերազմում միմյանց են բախվում պետությունների շահեր, որոնք միր հարցում համընկնում են, մի հարցում՝ ոչ: Միաբևեռ քաղաքականությունը վաղուց այլևս չի աշխատում: ՌԴ-ը և Իրանը միմյանց հետ պայքարում են Արևմուտքի գերևիշխանության դեմ, բայց միաժամանակ Իրանը ԱՄՆ հետ միասին դեմ է որևէ սահմանային փոփոխության տարածաշրջանում: Միաժամանակ արաբա-իրսայելական պատերազմում Իրանն աջակցում է արաբներին, ԱՄՆ-ը՝ Իսրայելին: Թուրքիան, որ ԱՄՆ դաշնակիցն է, ներկայումս ցուցադրաբար «հակաիսրայելական» դիրքորոշում է ցույց տալիս(խոշոր հաշվով Էրդողանին, միևնույն է․ չի հաջողվելու բոլոր մահմեդականների խալիֆ դառնալ), մինչդեռ հենց իր ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ը՝ Իսրայելի դաշնակիցն է: «Իմ ընկերոջ ընկերն իմ ընկերը չէ» և ոչ էլ «Իմ թշնամու թշամին իմ բարեկամն է» արտահայտություններն այլևս վաղուց չեն աշխատում: Ողջ աշխարհում շատ խճճված իրավիճակ է, իսկ մեր տարածաշրջանում քաոս է, որը կարող է կուլ տալ շատ-շատերին:

Հիմա անհնար է որևէ հստակ կանխատեսում անել, թե Ադրբեջանը երբ կհարձակվի: Գուցե վաղը, գուցե մեկ կամ մի քանի  ամասից, դա կախված է մի շարք գործոններից, ինչպես օրինակ ռուս-ուկրաինական, արաբա-պաղեստինյան  պատերազմներից: Խնդիրն ավելի է բարդանում, քանի որ Զանգեզուրի միջանցքին դեմ և կողմ պետությունները այս կամ այն կերպ ներառված են վերը նշված հակամարտություններում, իսկ դա նշանակում է, որ հիմա հեռակա կարգով լուծվում է նաև Զանգեզուրի միջանցքի հարցը:

Հիմա առավել քան երբևէ ՀՀ-ը պետք է կրկնակի զգուշավորությամբ խաղա այս մեծ խաղը: Խաղադրույքը շատ բարձր է, տանուլ տալը ճակատագրական:

Արայիկ Մկրտումյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող