«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մերձավոր Արևելքի սպասվող ռազմականացումը. Վահան Վարդանյան

12/10/2023

Պաղեստինում բռնկված նոր պատերազմը Իսրայելի ու ՀԱՄԱՍ խմբավորման միջև կարճ ժամանակամիջոցում աշխարհաքաղաքական նոր գործընթացների հիմք ստեղծեց։ Դեռ պարզ չի թե ռազմական գործողությունները որքան կտևեն, բայց այս պատերազմի ֆոնին արդեն նշմարվում են տարածաշրջանի սպասվող հակամարտությունները։

Որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ն հայտարարել է ի աջակցություն Իսրայելի Միջերկրական ծովի արևելյան հատված ավիակիրային հարվածային խումբ ուղարկելու մասին։ Այս նավատորմի կազմում է մտնում ԱՄՆ-ի կողմից ստեղծված գերժամանակակից Ջերալդ Ֆորդ ավիակիրը, ինչը արդեն վկայում է ռազմական օգնության մակարդակի մասին։ Բացի այդ The Wall Street Journal-ի կողմից տեղեկություն է տարածվում, որ ԱՄՆ-ն պլանավորում է երկրորդ՝ Դուայթ Էյզենհաուեր ատոմային ավիակիրը Միջերկրական ծովի արևելյան ափ ուղարկելու մասին։ Մեծ Բրիտանիա նույնպես պլանավորում է իր ատոմային ավիակիրը Միջերկրական ծովի արևելյան ափ ուղարկել։

Սրան զուգահեռ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ դադարեցնում է Իրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, Եմենի գլխավոր ռազմաքաղաքական խմբավորումներից մեկը՝ հուսիտներին պատկանող Անսար Ալլահ խմբավորումը սպառնում է ներգրավել հակամարտությանը, եթե դրանում ներգրավի ԱՄՆ-ն, լիբանանյան Հզբոլահ շարժումը պարբերաբար սադրող գործողություններ է իրականացնում լիբանանա-իսրայելական սահմանին և արդեն արձանագրվում են ռամական բախումներ, Սիրիայում և Իրաքում գործող տարբեր խմբավորումներ ևս հայտարարել են հակամարտությանը ներգրավելու պատրաստակամության մասին։

Նախ հասկանանք թե ինչո՞վ է պայմանավորված ԱՄՆ-ի ակտիվությունը։ Մերձավոր Արևելքը երկար տարիներ համարվել է ԱՄՆ-ի ազդեցության գոտին։ 2008 թվականից սկսած ԱՄՆ զորքերը սկսեցին լքել Իրաքի տարածքը՝ փաստացի թուլացնելուվ իրենց ազդեցությունը տարածաշրջանում։ Դրանից հետո Մերձավոր Արևելքում մի շարք ռազմական հակամարտություններ տեղի ունեցան, որանց արդյունքում տարածաշրջանում կտրուկ մեծացավ Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի ազդեցությունը։ Հենց օրինակ Սիրիան այսօրվա դրությամբ փաստացի բաժանված է այս երեք պետությունների ազդեցության գոտիների։ Վերջին տարիներին տարածաշրջանում կտրուկ մեծանում է նաև ԱՄՆ-ի գլխավոր մրցակից Չինաստանի դերը։ Ըստ այդմ Իսրայելում բռնկված պատերազմը, առավել ևս եթե այն դուրս գա Իսրայելի սահմաններից հարմար առիթ է ստեղծում ԱՄՆ-ի համար տարածաշրջանում իր ազդեցությունը վերականգնելու և իր մրցակիցներին թուլացնելու համար։ Չափից դուրս մեծ ռազմածովային խմբավորում է կուտակվում՝ Իսրայելին օգնելու և լոկալ զինվորական խմբավորմանը ճնշելու համար։

Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում ՀԱՄԱՍ-ի, Հզբոլահի, Անսար Ալլահի և մի շարք այլ խմբավորումների ֆենոմենը։ Ի տարբերություն տարածված կարծիքի, այս խմբավորումները սովորական ահաբեկչական կազմակերպություններ չեն։ Նրանք ըստ էության մասնավոր բանակներ են, որոնք անցնում են հատուկ ջոկատայինների մակարդակի պատրաստվածություն, ունեն ռազմատեղնիկական մեծ հագեցվածություն, կառավարման ու ռազմավարական պլանավորման բարձր մակադակ։ Բոլոր այս կազմակերպությունները զինված են իրանական զենքերով, իսկ իրանական ռազմաարդյունաբերությունը հատկապես վերջին տարիներին մեծ զարգացում է ապրել։ Առանձին վերցրած այս կազմակերպություններից որևէ մեկը չի կարող հաղթել Իսրայելին, բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ այս կազմակերպությունները փաստացի Իրանի մի մասն են հանդիսանում։ Սրանով մենք կարող ենք ավելի լիարժեք պատկերացում կազմել իրանա-իսրայելական հակամարտության մասին։ Հատկապես վերջին տարիներին երկու երկրները միմյանց դեմ հենակետեր են կառուցել։ Իսրայելը Իրանի դեմ ռազմաբազաներ էր կառուցել Իրաքում, Միացյալ արաբական էմիրատներում, Ադրբեջանում, Ուզբեկստանում, որոնց շնորհիվ արդյունավետ դիվերսյոն հարձակումներով ոչնչացնում էր Իրանի բարձրաստիճան զինվորական, քաղաքական ու գիտական ոլորտի պաշտոնյաներին։ Իրանը նույն սկզբունքով Իսրայելի դեմ հենակետեր է ստեղծել Լիբանանում, Սիրիայում, Պաղեստինում, որոնց շնորհիվ այսօր հարվածներ է հասցնում Իսրայելին։ Բացի այդ իր ռազմաքաղաքական ցանցն է ստեղծել Լիբիայում ու Իրաքում։ Բանականաբար Իսրայելը այս հարվածը կուլ չի տա, կարծում եմ տեսանելի ապագայում մենք ականատես ենք լինելու իրանա-իսրայելական լիարժեք պատերազմի։

Այսօրվա դրությամբ ունենք հետևյալ իրավիճակը՝ Իրանա-իսրայելական հակամարտությունը որակական նոր փուլ է տեղափոխվում, Պարսից ծոցի երկրներում կտրուկ մեծանում է Չինաստանի ազդեցությունը՝ որը պլանավորում է իր ռազմաքաղաքական ազդեցությունը տարածել ռանվազն մինչև Միջերկրական ծովի ափեր, ԱՄՆ-ն՝ օգտագործելով իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը հսկայական ռազմածովային բանակ է կուտակում Միջերկրային ծովի արևելյան ափին, ինչպես նաև ռազմաօդային հավելյալ ուժեր կենտրոնացնում Մերձավոր Արևելքի իր բազաներում։ Սիրիական պատերազմից սկսած տարածաշրջանում ամուր կերպով հաստատվել է Ռուսաստանը, իսկ Թուրքիան պարբերաբար ռազմական օպերացիաներ է կազմակերպում Սիրիայում ու Իրաքում՝ փորձելով իր դիրքերն ամրապնդել տարածաշրջանում։

Չմոռանանք որ Մերձավոր Արևելքը՝ բացի էներգետիկ մեծ պաշարներից հանդիսանում է նաև 21-րդ դարի ամենաեկամտաբեր ռեսուրսներից մեկի՝ ռազմավարական նշանակության ճանապարհների հանգույցներից մեկը։ Այս ճանապարհներից առնվազն երկուսը պլանավորվում է անցկացնել Հայաստանի Հանրապետության տարածքով՝ ուստի մենք անմասն չենք մնալու Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձություններից։

Ամփոփելով կարող եմ կանխատեսել, որ Մերձավոր Արևելքին աննախադեպ ռազմականացում է սպասվում։ Տարածաշրջանում սկսվելու են ռազմական նոր հակամարտություններ և Հայաստանի Հանրապետությունը պետք է խիստ հավասարակշռված ու հաշվենկատ քաղաքականություն վարի՝ աշխարհաքաղաքական գործընթացներում չկործանվելու համար։

Վահան Վարդանյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող