«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զարհուրեցնում է վարչապետի ցինիզմը, թե հողերը հանձնողները պետք է պատժվեն, ո՞ւմ է ասում․ այո՛, հողերը հանձնվել են, և ժողովուրդը պահանջելու է՝ մեղավորները պատժվեն. Ն. Զոհրաբյան

10/11/2020

Իշխանական «ֆեյքերն» ու քարոզիչները հերոսաբար ստում էին, որ Շուշին մեր վերահսկողության տակ է, ընդամենը մեկ ժամ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատեց, որ Շուշին մասնակի կորցրել էինք նոյեմբերի 5-ին, իսկ ամբողջությամբ՝ 7-ին, այսօր նոյեմբերի 10-ն է, իսկ իշխանությունը շարունակում էր ստել, ասել՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են, ի՞նչ է սա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հասկանո՞ւմ եք սա ինչ է, չեմ ուզում ավելի կոշտ գնահատականներ հնչեցնել, շոկ էր ժողովրդի համար տեղի ունեցածը, ինչո՞ւ էր շոկ, որովհետև ժողովուրդն ուտում, սնում կլանում էր Արծրուն Հովհաննիսյանի ռաֆինացված, զտված, շաքարակալած ինֆորմացիաները: Ես չեմ մեղադրում Արծրուն Հովհաննիսյանին, նա կատարել է պատվեր, ես իր փոխարեն նման պատվեր չէի կատարի:  Այդ ամենի արդյունքն այն է, ինչ տեղի ունեցավ գիշերը, հանրությունն առերեսվեց իրականությանը, ճշմարտությանը, որն ստիպեց հանրությանը դուրս գալ»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ ԲՀԿ–ական պատգամավորները, տեսնելով, որ վիճակը դառնում է անկառավարելի, շտապել են Կառավարության շենքի մոտ, որ թույլ չտան բախումներ: «Մեր կոչը եղել է մեկը՝ հանգստացեք, զսպեք կրքերը և համախմբվելով բոլոր կուսակցությունների ուժերը գտնել ռացիոնալ լուծում: Բայց ինձ զարմացնում է մի բան, հետևում եմ ստորագրումից հետո վարչապետի արած այդ մի քանի լայվերը, գրառումները, ինձ զարհուրեցնում է ցինզիմը, երբ ասում է՝ հողեր հանձնողները պետք է պատժվեն, ո՞ւմ է ասում, հողերը հանձնվե՞լ են, այո, հանձնվել են, իսկ ո՞ւմ է ասում, ինձ հետարքրքիր է: Այո պետք է պատժվեն և հայ ժողովուրդը պահանջելու է պատժել բոլոր նրանց, ովքեր հանձնեցին տարածքները»,- շեշտեց նա։

ԲՀԿ–ական պատգամավորը նաև նշեց, որ վարչապետը շարունակում է պոպուլիզմով զբաղվել, բայց հիմա դա չի անցնելու: «Կամ այդ պոպուլիզմը՝ վրեժ պետք է լուծենք, գնացեք էս արեք, էն արեք … բավական է արդեն, եթե ինչ-որ ժամանակ էդ պոպուլիզմը, այդ էժան դեմագոգիան անցնում էր, հիմա էլ չի աշխատելու, էլ չեք կարողանալու ո՛չ տուգանքներով, ո՛չ ինչ-որ նախագիծ բերելով 6-8 տարի ազատազրկմամբ, բոլորիս լռեցնեք: Դուք եք պատասխանատուն տեղի ունեցածի համար: Մի՛ փորձեք հանրության մեջ գտնել շերտեր, որոնց մեջ կարթնացնեք էդ վտանգավոր բնազդները և երկրում կհրահրեք քաղաքացիական պատերազմ, մենք թույլ չենք տալու, այն, ինչ եղավ՝ բավարար է մեր ժողովրդին, այս ցավը, իսկապես բավարար է»,- նշեց նա:

«Մեր մայրերն իրենց որդիներին են կորցրել, ես երեկ Հայորդաց տանն էի, որտեղ Շուշիից, Ստեփանակերտից եկած մեր հայրենակիցներն էին, գնացե՛ք, տեսեք իրենց ողբերգությունը, ձեր կինը թող գնա տեսնի էդ ողբերգությունը, թե ինչ են ապրում մարդիկ, ովքեր զրկվել են իրենց տներից և այլևս հնարավորություն չեն ունենալու վերադառնալ իրենց տները, այնպես որ, չփորձեք ռեպրեսիաներով, ինչը անելու եք միանշանակ, մարդկանց լռեցնել այդ օրենքի նախագծով: Այդ օրենքի նախագծով չեք կարողանալու հարց լուծել, այս անգամ հաստատ չի ստացվելու, որովհետև գինը վճարված շատ մեծ է, գինը վճարված՝ թիվը չասեմ, որ խուճապ չառաջացնեմ զոհված երեխաների արյուն է, գինը՝ կորսված տարածքներն են»,- հավելեց նա: