«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումն ու տարածաշրջանում նոր էսկալացիայի միտումները. Վահան Վարդանյան

23/11/2023

Որևէ մեկի համար գաղտնիք չէ որ հայ-ռուսական հարաբերությունները հատկապես Քառասունչորս օրյա պատերազմից հետո կտրուկ վատացան։ Ենթադրվում էր, որ դաշնակցային հարաբերությունների սառեցումով որոշակի հանդարտեցում կսկսվի, բայց վերջին շրջանի իրադարձությունները վկայում են, որ հայ-ռուսական հարաբերությունները պաշտոնական մակարդակում կարող են թշնամանքի հասնել։ Սա իր հերթին կարող է տարածաշրջանում նոր էսկալացիայի խթաններից մեկը դառնալ։

Մասնավորապես վերջերս ռուս-ուկրաինական ճակատում երկարատև ընդմիջումից հետո ուկրաինական կողմը վերսկսեց օպերատիվ մարտավարական հրթիառային Точка-У համակարգերի կրառումը։ Ուկրաինացիները ակտիվորեն կիրառում էին այս համակարգը պատերազմի առաջին փուլում, բայց 2022 թվականի աշնանը նրանց թիվը զգալիորեն կրճատվեց՝ հրթիռների սպառման և սեփական ուժերով դրանք արտադրելու անկարողության պատճառով։ Բայց արևմտյան երկրների աջակցությամբ Ուկրաինային հաջողվեց որոշակի քանակությամբ համալրել այդ հրթիռների պաշարները՝ Չեխիայում, Լեհաստանում և Եմենում պահվող հրթիռները Ուկրաինա ուղարկելով։ Ուկրաինայի կողմից Точка-У հրթիառային համակարգերով հարվածները վերսկսելուց հետո ռուսական լրատվամիջոցներում՝ այդ թվում նաև մերձիշխանական լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ Ուկրաինային Точка-У-ի մի քանի մարտական կայան և մոտ 200 հրթիռ խոստացել են փոխանցել Հայաստանի իշխանությունները։ Թեև Հայաստանը պաշտոնապես հերքեց այս լուրը, բայց Ռուսաստանի հսարակական, քաղաքական և ռազմական շրջաններում այս լուրը որպես ճշմարտություն է ընկալվում։ Նույն ռուսական մեդիադաշտում շրջանառվում է նաև այն տեղեկությունը, թե ԱՄՆ-ում ակտիվորեն քննարկվում է նաև Հայաստանի զինված ուժերում գտնվող Оса-АК զենիթահրթիռային համակարգերը Ուկրաինային փոխանցելու հարցը։

Բացի վերոնշյալ տեղեկատվությունից ուշադրության է արժանի ևս մեկը։ Վերջերս ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբեթովը Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը խնդրել է ՀԱՊԿ օրակարգից հանել Հայաստանին հատկացվող օգնության վերաբերյալ փաստաթուղթը։ ՀԱՊԿ-ի քարտուղարի խոսքերով Հայաստանը որևէ հետաքրքրություն չի դրսևորել փաստաթղթի հաստատման համար, իսկ փաստաթղթի հետ կապված աշխատանքների ավարտից հետո ընդհանրապես ուզում է հեռացնել այս հարցը օրակարգից։ Այս ամենից բացի ռուսական լրատվականներում տեղեկություն է շրջանառվում, որ Հայաստանի կառավարությունը փաստաթղթեր է նախապատրաստում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար։

Վերլուծելով մեդիադաշտի այս վերջին իրադարձությունները, կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները հստակ քայլերով շարունակում են գնալ դեպի վատթարացում։ Բացի այդ, տարածաշրջանում էլ ավելի է ընդգծվում Արևմուտքի ներկայությունը՝ հաճախակի դարձած ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը (այդ թվում և բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների), Ֆրանսիայի կողմից զենքի մատակարարումները Հայաստան, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի վերջին շրջանում արված հայտարարությունները՝ թե Հայաստանը խաբվում է Արևմուտքի աջակցությանը, ուղղակիորեն խոսում են այդ մասին։

Անշուշտ Արևմուտքը ունի հսկայական ռազմական ռեսուրս Հայաստանում զենքի բավարար մատակարարումներ իրականացնելու համար, բայց դեռևս իրականացվող մատակարարումները չնչին են և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը դեռ վաղ է անվանել ռազմավարական։ Բացի այդ պահպանվում է Ռուսաստանի մեծ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա և Ռուսաստանը դեռևս իր տնտեսական լծակներից որևէ մեկը չի օգտագործել։ Եթե Հայաստանը վստահորեն վճռել է դառնալ Արևմուտքի դաշնակիցը, ապա իր հաշվարկներում պետք է հաշվի առնի  ոչ միայն Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի հավանականությունը, այլև տնտեսական պատժամիջոցների հավանականությունը։ Այս դեպքում մենք պետք է ոչ միայն այլընտրանքային սպառազինության կայուն մատակարարում ունենանք, այլև տնտեսական տարբեր ոլորտների՝ հատկապես էներգետիկ ռեսուրսների այլընտրանք։ Թեև Արևմուտքը այս բոլոր ռեսուրսների պակասը չունի, բայց հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական բարդ դրությունը, այս հարցի լուծումը եթե չասենք անհնարին, ապա առնվազն շատ բարդ է լինելու մեզ համար։ Կարծում ենք գաղտնիք չի լինի ասել, որ Վրաստանը, որպես Հայաստան իրականացվող մատակարարումների կայուն տարածք որևէ առումով վստահություն չի կարող ներշնչել՝ հաշվի առնելով նրա աշխարհագրական դիրքն ու տնտեսական կախվածությունը թուրք-ադրբեջանական կապիտալից։

Այս ամենին ավելացնենք նաև Հայաստան-Ադրբեջան չլուծվող հակամարտությունը։ Վերջերս Հայաստանի կառավարությունը հրապարակել էր այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի իրագործմամբ ապաշրջափակվելու են տարածաշրջանի բոլոր ճանապարհները և Հայաստանը փաստացի վերածվելու է միջազգային առևտրատնտեսական խաչմերուկի։ Այս նախագծին պաշտոնական մակարդակով դեմ է արտահայտվել Ադրբեջանը՝ առաջարկելով ստեղծել ճանապարհների շրջանաձև ցանց, որը նշանակում է Հայաստանը բոլոր կողմերից շրջանցող ճանապարհներներ։ Այս ճանապարհների ճյուղերը միայն կարող են անցնել Հայաստանով, եթե վերջինս «բարեկամության ձեռք մեկնի» Ադրբեջանին։ Ակնհայտ է, որ Ադրբեջանին ձեռնտու չէ «Խաղաղության խաչմերուկը», քանի որ դրանով Հայաստանի տնտեսությունը թռիչքաձև աճ կգրանցի, իսկ Ադրբեջանին ձեռնտու չէ տարածաշրջանում հզոր Հայաստան, այդ պատճառով նա ամեն կերպ խոչնդոտելու է մեր զարգացումը։ Վերջերս Ադրբեջանը սպառազինության վաճառքի միլիարդավոր դոլարների հասնող նոր պայմանագրեր է կնքել Իսրայելի հետ ու չնայած Գազայում ընթացող պատերազմին, իսրայելական զենքերը շարունակում են մատակարարվել Ադրբեջանին։

Տարածաշրջանի հարցում տեսիլքներ ունենալ պետք չէ, բոլորը պատրաստվում են պատերազմի, այն կսկսվի, երբ հանգամանքները բարեհաջող դասավորվեն։ Մենք կարծես թե որոշել ենք ում կողմից ենք լինելու, մնում է որ մեր ընտրությունը հանգեցնի մեր ազգային-պետական շահերի իրականացմանը, այլ ոչ պետության ու ազգի ոչնչացմանը։

Վահան Վարդանյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող