«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայոց պատմություն, թե՞ Հայաստանի պատմություն. Աշոտ Ներսիսյան

25/01/2024

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Օրերս լայն հնչեղություն է ստացել մի հարց, որն իր էությամբ ընդհանուր առմամբ ոչինչ չի բովանդակում, այլ ոմանց «ինքնատիպ» մտածողության արդյունք է, որն օրենքի նախագիծ է դարձել կառավարությունում: Հարցը վերաբերում է նրան, թե ինչպե՞ս է ճիշտ կոչելը մեր ժողովրդի պատմությունը`«Հայոց», թե «Հայաստանի պատմություն»: Երկրորդին կողմ են իշխանության որոշ ներկայացուցիչներ: Նրանց հիմնավորումն է` «Հայաստանի պատմություն» կոչելով մենք կներկայացնենք պետականությունների պատմությունը, որոնք մեր, կարելի է ասել, բարձունքի շրջաններն են, իսկ «Հայոց պատմությունը» մատուցում է հիմնականում պետականություններից զուրկ անկումների շրջանը: Մյուս փաստարկն այն է, որ այլ ժողովուրդներ իրենց պատմությունը կոչել են պետությունների անունով:

Հարցն արհեստական է հետևյալ պատճառներով.

1. «Հայոց պատմություն» եզրույթը նշանակում է հենց պետականության պատմություն, որովհետև նրա արմատը «Հայք» բառն է, ինչպես կոչվել է մեր պետականությունը դարեր շարունակ, որի հոլովված ձևը Հայոցը նշանակում է Հայքի պատմություն և երկրորդ առումով նրանում ապրող ժողովրդի` հայերի պատմություն: Քերթողահայր Խորենացու «Պատմություն Հայոցը» հենց հայոց պետականությունների պատմությունն է:

2. Պետությունների պատմության գերակայությունը առկա է գրեթե բոլոր հայոց պատմություններում և աղետ է համարվում դրանց անկումը:

3. Երբ շեշտվում է, թե Հայաստանի պատմություն ասելով կմատուցենք մեր պետականությունների պատմությունը, ոչ թե ժողովրդի, ապա դա ամենևին չի նշանակում, որ մեր բոլոր անկախ պետականությունների ընթացքը եղել է վերելքային: Մենք ունեցել ենք կիսանկախ պետականությունների շրջաններ, երբ եղել ենք ավելի ուժեղ, հարուստ և զարգացած: Օրինակ, Երվանդունիների շրջանը, Զաքարյանների շրջանը, մարզպանության շրջանը: Մեր ամբողջ պատմությունը մինչև մոնղոլ -թաթարների նվաճումները և Կիլիկիայի թագավորության անկումը պետականությունների պատմության շրջան է, որը շարադրվել է «Հայոց պատմություն» եզրույթի տակ, որը նշանակում է պետության և ժողովրդի պատմություն միաժամանակ:

4. Նրանք, ովքեր գտնում են, որ Հայաստանի պատմություն ասելով պետք է շարադրել պետականությունների պատմությունը, պետք է իմանան, որ «Հայաստան» եզրույթն ավելի շատ վերաբերում է պետականությունների անկման շրջանին, և մասնավորապես թուրքա- պարսկական կռիվների, երբ երեք անգամ բաժանվեց մեր բնօրրան հայկական լեռնաշխարհը, որը բաժանողներն Հայաստան էլ չէին կոչում. այդ անունը կար մեր պատմական հիշողության մեջ, իսկ այդ շրջանում հայոց պատմություն ասելով նկատի ունեին մեր ժողովրդի պատմությունը: Ուրեմն, Հայաստանի պատմություն ասելով ավելի շատ պետք է նկատի առնել մեր պետականությունից զերծ պատմության շրջանը: Իսկ եթե սրան որպես հակափաստարկ ներկայացվի այն, որ Հայաստանը Մեծ Հայքի կամ Հայքի հոմանիշն է, ուրեմն այդ դեպքում ինչու՞ ենք փոխում մեր պետությունների պատմությունը ներկայացնող «Հայոց պատմություն» հրաշալի եզրույթը:

Հայաստանի հանրապետություն անվամբ մեր պետությունը ծնվել է 1918-ին, նրա իրավահաջորդ պետությունները կոչվել են ՀԽՍՀ և Հայաստանի երրորդ Հանրապետություն, որոնց պատմությունը գրվել է առանձին, կամ դարձյալ «Հայոց պատմություն» խորագրի տակ, որը նույն Հայաստանի պատմությունն է նաև:

5. Ինչ վերաբերում է նրան, որ շատ պետություններ իրենց պատմությունը շարադրում են իրենց անունով, ապա այդպես է ենթադրել նրանց մշակած պատմության փիլիսոփայությունը: Մի բան, որը մենք չունենք, հակառակ դեպքում արքայատոհմերի անկումն ուղիղ համեմատական չէինք համարի պետականությունների անկմանը,որոնք տևել են դարեր: Եվ վերջապես պետք է նկատի ունենալ մեր լեզվի առանձնահատկությունները, գրաբարյան հարուստ լեզվի բազմիմաստությունը:

«Հայաստանի պատմություն» հասկացողությունը ենթադրում է ավելի շատ պետության տեսակի կամ կառավարման համակարգի նրբերանգները, վարչակարգը կամ վարչաձևը: Ռուսները և այլ ժողովուրդներ ունեն նաև «Ռուսաստանի պետության և իրավունքի պատմություն» առարկան: Միգուցե մենք էլ այդպիսի մի բան ձեռնարկենք: Հակառակ դեպքում ստացվում է, որ գրաբարյան մի եզրույթ փոխարկում ենք գրական հայերենի գրեթե նույն նշանակության եզրույթով: Դրանով մեր պետությունը չենք ուժեղացնում, թուլացնում ենք: