«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թշնամու ռազմավարության մեջ փոփոխություն է նկատվում. ռազմական փորձագետ

11/08/2021

Օգոստոսի 11֊ին՝ ժամը 08։29֊ի և 08։58֊ի սահմաններում, թշնամին անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի ուղղությամբ։

Մեկնաբանելով իրավիճակը՝ «Արցախպրես»֊ի հետ զրույցում ռազմական փորձագետ Վլադիմիր Հարությունյանը նշել է, որ վերջին օրերին ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները շփան գծի տարբեր հատվածներում ցույց են տալիս, որ թշնամու մարտավարության մեջ կոնկրետ փոփոխություն է նկատվում։

«Եթե նախկինում ( 2020թ. նոյեմբերի 10֊ից հետո) ադրբեջանական կողմը սադրանքների էր դիմում հրաձգային զինատեսակներից միայն օդ կրակելով, ապա վերջին շրջանում  տարբեր զինատեսակներից այդ կրակոցները դարձել են թիրախային, որոնք կայունության պահպանման առումով իրենցից լուրջ սպառնալիք են ներկայացնում։ Սա մեկ անգամ ևս վկայում է, որ թշնամու զինուժը ոչ միայն անիմաստ է դարձնում իր երկրի ղեկավարի այն հայտարարությունները, թե իբր արցախյան հակամարտության էջը փակված է, այլև փորձ է անում նպատակայնորեն ստվերել տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը»,֊ նշել է փորձագետը և ավելացրել, որ նման վարքագիծը չի կարող դրսևորվել առանց պաշտոնական Անկարայի համաձայնության։

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ հակառակորդը փորձում է նաև հոգեբանական ճնշում գործադրել արցախցիների վրա:Հոգեբանական պատերազմի հնարք է կիրառում՝ ձգտելով ինֆորմացիոն դաշտում հասարակությանը պառակտել և բերել ներքին բախումների։