«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սպառնալիքին պետք է պատասխանել սպառնալիքով

29/10/2021

Սյունիքի մարզում հայկական զորքերն անգամ պատերազմի սպառնալիքի դեպքում չպետք է հետ քաշվեին, քանի որ նախորդ տարեվերջին ռազմավարական նշանակության բարձունքները հայկական վերահսկողության տակ էին։ Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի մարզի Բարձրավան համայնքի վարչական ղեկավար Օնիկ Ավագյանը։ Նա նշեց, որ այսօր ռազմավարական նշանակության բարձունքներն արդեն թշնամու ենթակայության տակ են, այս պայմաններում հայկական կողմի համար դժվար կլինի գործողություններ իրականացնելը։

Նշենք, որ Բարձրավանը Սյունիքի մարզի այն երեք համայնքներից է, որոնք շրջափակման մեջ էին մնացել, երբ ադրբեջանցի զինծառայողները փակել էին Գորիս-Կապան ճանապարհը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասել է, որ իր որոշմամբ են նախորդ տարվա դեկտեմբերին հայկական զորքերը Սյունիքում հետ քաշվել։ «Այդ որոշումը կայացվել է պատերազմից խուսափելու համար։ Իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու, և իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ»,- ասել էր Փաշինյանը։

Բարձրավանի վարչական ղեկավարի խոսքով՝ Սյունիքում այդ օրերին իրենք փորձել են դիմադրություն կազմակերպել, բայց թույլ չեն տվել։ «Մենք էլ էինք պատերազմին մասնակցել և մեզ համար էլ անհասկանալի ձևով եղավ այդ ամենը։ Էն գլխից մեզ ասել էին՝ ով որտեղ կանգնած է, այնտեղ էլ կանգնելու է։ Մենք էլ խրամատավորվել էինք, դիրքավորվել էինք, մեր բլինդաժներն էինք սարքել, որ այդ դիրքում պիտի կանգնեինք։ Հետո միանգամից հրաման տվեցին, որ՝ այդ դիրքերն էլ թողեք։ Մեզ համար անհասկանալի էր այդ ամենը։ Ճիշտն ասած, Շուռնուխի Արշակյան Հակոբի հետ ներքևում գոնե մի հատվածում փորձեցինք դիմադրություն կազմակերպել, նման մի բան անել, բայց երկու օր կանգնեցինք, հետո մեզ հասկացրեցին, որ ամբողջ գիծը բաց է, եթե մնաք այստեղ, գալու են ձեզ ձերբակալեն»,- մանրամասներ ներկայացրեց նա։

Ըստ Օնիկ Ավագյանի՝ այսօր արդեն իրենք տեղեկանում են, որ պատերազմի սպառնալիք է եղել։ «Բայց սպառնալիքին պետք է պատասխանել սպառնալիքով, ես դա գիտեմ։ Այն ժամանակ բոլոր բարձունքները, ճնշող դիրքերը մեր ձեռքին էին, էդ ամբողջ գիծը։ Դա մեզ շատ մեծ առավելություն էր տալիս։ Մենք այդ դիրքերի շնորհիվ կարող էինք իրենց ցանկացած առաջխաղացում կանգնեցնել։ Հիմա այս իրավիճակում այդ ճնշող դիրքերը մենք հանձնել ենք իրենց», նշեց նա։

Օնիկ Ավագյանը հավելեց, որ միանշանակ է՝ ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ տարածք և պետք է հետ շպրտվեն։ «Հստակ է, որ ներխուժած են մեր տարածքներ։ Տեղեր կան, որ մեր տարածքներում թուրքի զորքը նստած է», նշեց նա։