«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալիևը Սերժ Սարգսյանի օրոք չէր համարձակվի պատերազմ սկսել․ Ստանիսլավ Տարասով

05/01/2024

2018 թվականի մայիսին Հայաստանում նոր քաղաքական ուժի իշխանության գալուց ի վեր ակնհայտ դարձավ, որ Ղարաբաղը հանձնվելու է, բայց մենք չէինք պատկերացնում, որ հենց այսպես։ Այդ մասին հարցազրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը։ 

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հակասական, անհասկանալի հայտարարություններ էր անում, թե՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ինչին հաջորդեցին անհասկանալի գործողություններ․ «Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի կառավարությունը չի մշակել Ղարաբաղյան հարցում գործողությունների սցենար, բաց է թողել Ղարաբաղի հատուկ կարգավիճակի հարցում կողմնորոշվելու, պատերազմից խուսափելու, Ադրբեջանի հետ պայմանավորվելու, տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու, Ադրբեջանի հետ նորմալ համակեցություն ապահովելու օբյեկտիվորեն առկա հնարավորությունները»,- ասել է Տարասովը։ 

«Այժմ, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո, երբ հայերը լքեցին Ղարաբաղը, Հայաստանը փորձում է խաղաղության պայմանագիր կնքել, որը կընկալվի որպես երկրորդ կապիտուլյացիայի ակտ: Մենք չենք տեսնում այն ռեսուրսներն ու ուժերը, որ կարող են օգնել հայերին», - նշել է քաղաքագետը։

Ըստ Տարասովի՝ Հայաստանը, կորցնելով Ղարաբաղը, միաժամանակ սկսել է կորցնել նաև Ռուսաստանին՝ որպես դաշնակից և գործընկեր․

«Հայաստանի իշխանություններն ուզում էին, որ ՀԱՊԿ երկրները՞ կռվեն հայերի փոխարեն։ Մենք հո հայերին չե՞նք հրավիրել Սիրիայում կամ Ուկրաինայում պատերազմելու։

Հայաստանը, փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, հայտնվել է լիակատար մեկուսացման մեջ, Թուրքիայի և Ադրբեջանի կողքին։ 

Հարցն այն է, որ Հայաստանի իշխանությունները պետք է գրագետ մոտենային այս իրավիճակին, լսեին գործընկերների առաջարկությունները։

Պուտինն անկեղծորեն խոսել է Ղարաբաղյան հարցը հայերին ձեռնտու ձևով լուծելու իշխանության կողմից բաց թողնված հնարավորությունների մասին»։ 

Քաղաքագետը նշել է, թե Ալիևը Սերժ Սարգսյանի օրոք չէր համարձակվի պատերազմ սկսել․ «Սերժ Սարգսյանի իշխանության դրական և բացասական կողմերի մասին թող դատեն հայերը, բայց Հայաստանի նախորդ ղեկավարությունը շատ փորձառու և ուժեղ էր:

Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայիս իշխանությանը, ապա գործ ունենք դեմագոգների հետ, որոնք փորձ չունեն։ Հայաստանի իշխանությունները ժողովրդի շահը վաճառում էին ձմերուկի կամ սպանախի պես, և նրանք պարտվեցին՝ կորցնելով և տարածքներ, և մարդկային կյանքեր։ Ինչի՞ համար էր դա արվում, երբ այդ հարցը կարելի էր այլ կերպ լուծել»։ 
https://www.24news.am/