«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուս-ուկրաինական հակամարտության փակուղին և զարգացման հնարավոր ուղիները. Վահան Վարդանյան

15/11/2023

Ռուս-ուկրաինական հակամարտությունը վերջին ամիսներին ակնհայտորեն փակուղի է մտել։ Կողմերից ոչ մեկը չի կարողանում վճռական հաջողության հասնել հակառակորդի նկատմամբ, պատերազմի յուրաքանչյուր օր երկու կողմից ծախսվում են տասնյակ հազարավոր արկեր, ԱԹՍ-ներ ու հրթիռներ, քաղաքներն ու ենթակառուցվածքները (առավելապես Ուկրաինայի) ոչնչանում են, բայց պատերազմի վերջը դեռ չի երևում։ Միանշանակ կարող ենք պնդել, որ հակամարտությունը փակուղի է մտել, բայց եթե որոշ ժամանակ առաջ պատերազմի լճացումն, իսկ այնուհետև սառեցումը հակամարտության հետագա ընթացքի միակ հնարավոր տարբերակն էր համարվում, ապա հիմա իրավիճակը փոխվում է։

Առհասարակ եթե փորձենք զուգահեռներ անցկացնել, ապա իր բնույթով ռուս-ուկրաինական պատերազը առավելապես նման է շատերի կողմից մոռացված իրանա-իրաքյան պատերազմին (1980-1988 թթ․)։ Այս պատերազմը, թեև իր երկար ընթացքին, այդպես էլ չհանգեցրեց կողմերից որևէ մեկի հաղթանակին։ պատերազմող կողմերը ունեին այդ ժամանակների համար ամենազարգացած սպառազինությունը, բայց ինչ-որ պահի պատերազմը վերածվեց լճացած հակամարտության, որտեղ երկու կողմերը հյուծվում էին՝ չկարողանալով հասնել բեկումնային կետի։ Այս պատերազմի հետևանքով միակ պետությունը, որ իր համար հետևություններ կատարեց Իրանն էր։ Պատերազմի ավարտից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սկսեց ակտիվորեն աշխատել հեռահար կառավարվող անօդաչու թրչող սարքերի ստեղծման ու զարգացման ուղղությամբ, քանի որ պատերազմի ողջ ընթացքում թանկարժեք ռազմական ինքնաթիռներն ու հրթիռները հակառակորդի տնտեսական ենթակառուցվածքների ոչնչացման հարցում արդյունավետություն չդրսևորեցին։

Ռուս-ուկրաինական հակամարտությունում առկա է այս նույն խնդիրը։ Թեև երկու կողմերը ակտիվորեն սկսել են աշխատել հեռահար կառավարվող անօդաչու սարքերի արտադրման համար, դրանց պակասը դեռ շատ է զգացվում։ Դրան գումարենք հսկայական ռազմաճակատ, որն իրենից ներկայացնում է տափաստանա-դաշտավայրային տարածություն՝ լցված քաղաքային խիտ ցանցով։ Այսպիսի տեղանքում առանց մեծ քանակությամբ ճշգրիտ թիրախային հարվածների, զորքերի առաջխաղացումն անխուսափելիորեն հանգեցնում է անձնակազմի ու զինտեխնիկայի հսկայական կորուստների, ինչպես դա տեղի էր ունենում իրանա-իրաքյան պատերազմում։

Այնուամենայնիվ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է խուսափել իրանա-իրաքյան պատերազմի ընթացքից և դրա պատճառը կարող է դառնալ Իսրայելում սկսված պատերազմը։ Ինչպես հայտնի է, Ուկրաինան Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունները կարողանում է շարունակել, բացառապես ՆԱՏՕ-ի մատակարարումների հաշվին։ Ըստ որոշ գնահատականների, ՆԱՏՕ-ի մատակարարումների դադարեցման դեպքում Ուկրաինան լավագույն դեպքում մեկ շաբաթ կարող է դիմանալ։ Ռուսաստանն իր հերթին, թեև մեծ դժվարություններով, բայց կարողացել է մեծացնել իր ռազմական արդյունաբերությունը։ Արևմտյան վերլուծաբանների կարծիքով պատերազմի սկսվելուց հետո, ռուսական արդյունաբերությունը աճել է երեք անգամ։ Այսինքն հակամարտությունը շարունակելու համար, արդեն 2024 թվականին Ուկրաինային հատկացվող ռազմական աջակցությունը պետք է զգալիորեն մեծացվի։ Դրան գումարենք այն փաստը, որ վերջին ամիսներին տեղի ունեցած Ուկրաինայի հակահարձակումը ձախողվեց և անձնակազմի ու զինտեխնիկայի հսկայական կորստի պատճառ դարձավ։ Ուկրաինական բանակի մարտունակությունը վերականգնելու համար նոր միջոցներ են հատկացվում, խոսքը գնում է տասնյակ միլիարդների հասնող նոր զինտեխնիկայի և անձնակազմի նոր վերապատրաստումների մասին։

Հիմա Մերձավոր Արևլեքում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներից Իսրայելը նույնպես պատերազմի մեջ է, չնայած վերջին օրերին իսրայելական բանակի գրանցած հաջողություններին, պատերազմի արագ ավարտի մասին խոսք չի գնում։ Մերձավոր Արևելքում բոլորը պատրաստվում են երկարատև հակամարտության և Իսրայելին հատկացվող աջակցությունը արդեն մեծ ծավալների է հասնում։

Կարող ենք արձանագրել, որ եթե Արևմուտքը մոտ շրջանում սեփական տնտեսությունը չմոբիլիզացնի և պատերազմի պահանջներին չհամապատասխանեցնի այլևս չի կարողանալու միաժամանակ երկու մեծ հակամարտություն սպասարկել։ Ստեղծված իրավիճակում միայն ժամանակը ցույց կտա ինչպե՞ս կվարվի Արևմուտքը ԱՄՆ-ի գլխավորությամբ՝ զիջումների կգնա, թե՞ կսաստկացնի ռազմական գործողությունները։ Բոլոր դեպքում Ռուս-ուկրաինական պատերազմի շարունակվելու դեպքում էլ ավելի են տուժելու ոչ միայն հակամարտող կողմերը (Ռուսաստան, Ուկրաինա, Արևմուտք), այլև լուրջ տնտեսական ու հումանիտար հետևանքներ են առաջանալու ամբողջ աշխարհի համար։
Վահան Վարդանյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող