Կապանի օդանավակայանի տեսանյութը ադրբեջանցիները երեկ են նկարահանել. Կապանի քաղաքապետ
Mediaport տելեգրամյան ալիքը տեսանյութ էր տեղադրել այսօր, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները տեսանկարահանում Կապանի օդանավակայանն ու այնտեղ կա տեղադրված Ադրբեջանի դրոշը:
ArmDaily.am-ի հետ զրույցում Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը տեղեկացրեց, որ ադրբեջանցիները տեսանյութը երեկ կամ երեկ չէ առաջին օրն են նկարահանել:
«Իմ իմանալով տեսանյութը նկարահանվել է երեկ կամ երեկ չէ առաջին օրը, իսկ ադրբեջանցիները այդտեղ վաղուց են տեղակայված, կարող եմ ասել, որ դեկտեմբերի 20-ից նրանք այդտեղ են։ Հիշո՞ւմ եք, որ անընդհատ ասում-խոսում, բարձրաձայնում էի, որ անվտանգության գոտի է պետք, որ հետո գալու են մեր քթի տակ են հայտնվելու, այ դրա մասին էի ասում»,-ասաց Փարսյանը:
Կապանի քաղաքապետն ասաց, որ այս իրողություններն աչքի առաջ ունենալով էր բարձրաձայնում անվտանգության գոտի ունենալու անհրաժեշտության մասին:
ArmDaily.am-ի այն հարցադրմանը, թե արդյոք ադրբեջանցի զինվորականների կողմից հարձակման վտանգ կա՝ քաղաքապետը նշեց, որ ադրբեջանցի զինվորականները սահմանապահներ են ու նրանց տեղակայման վայրում որևէ զինտեխնիկա չկա: Նա նշեց,որ հայ սահմանապահներն էլ են կանգնած ու պատշաճ կատարում են տարածքի անվտանգության ապահովումը: