«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԳԵՂԵՑԿՈՒՀԻ ԱՆԻԻ ՎԱՃԱՌՔԸ. ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

25/03/2021

  1. ԳԵՂԵՑԿՈՒՀԻ ԱՆԻԻ ՎԱՃԱՌՔԸ

Բագրատունինների հայոց թագավորությունը (885-1045) Գագիկ 1-ի գահակալումից (890-1020) հետո, մի անձի, որը լինելով ուժեղ ռազմական և քաղաքական նկարագրի տեր՝ կարողացավ միառժամանակ միավորել իր գավազանի շուրջը կենտրոնախույս ձգտումներ ունեցող ուժերին, քայքայում և թուլացում ապրեց, ավելին՝ նորից մասնատվեց, ինչը, բնականաբար, դյուրություններ  ստեղծեց արտաքին թշնամու համար՝ իրականացնելու իր դավադիր ծրագրերը: Միթե՞ հնարավոր չէր միավորվել մեկ ուժի շուրջը, մի կողմ դնել իշխանատենչության անհագ ծարավը և միահամուռ վերացնել պետությանն սպառնացող վտանգը: Անշուշտ, հնարավոր էր: Բայց փառքն ու հարստությունը ավելի զորեղ էին: Գագիկն ուներ երկու որդի՝  Հովհաննես-Սմբատ և Աշոտ 4 - րդ: Առաջինը՝ թուլամորթ և մորթապաշտ, թեպետ մշակույթ սիրող, երկրորդը՝ քաջ – պատերազմիկ: Վերջինս ըմբոստացավ եղբոր դեմ, բայց նրան չօգնեցին հայկական մյուս թագավորները (Վանանդի, Սյունիք, Գուգարքի և այլն): Հայ իշխաններ Սահակ և Վահան Պահլավունիները, Պետրոս Գետադարձը, Կարսի Աբաս թագավորը միջամտեցին և նրանց միջև կնքվեց հաշտություն, համաձայն որի՝ Անի քաղաքն ու նրա շրջակայքը հանձնվեց Հովհաննես – Սմբատին, իսկ գավառներն՝ Աշոտին: Հարց է առաջանում՝ ինչու՞ չմիավորվել Աշոտ 4 – րդի շուրջը, միակամ դարձնել պետությունը, թեկուզ և մեջտեղից հեռացնելով Հովհաննես - Սմբատին, այլ գնալ այսպիսի քայլի (1022), որը ոչնչով հեռանկարային չէր: Պատճառներն արդեն մասամբ մատնանշեցինք: Ճիշտ է, պայմանագրով նախատեսվում էր Հովհաննես - Սմբատի մահից հետո Աշոտին ճանաչել հայոց թագավոր և Անին էլ հանձնել նրան, բայց այս լուծումը անիրատեսական էր, քանի որ ոչ մեկը չէր կարող կանխատեսել, թե ինչ անականկալներ կարող են լինել: Աշոտն այսպես էլ չհասավ հաջողության: Հայաստանում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ իրար միավորվելու փոխարեն բոլորը ցանկանում էին թիկունք փնտրել դրսում, տվյալ պարագայում՝ Բյուզանդիայում, հանձին՝ կայսր Բարսեղ 2 – ի: Իսկ վերջինս Տայքում, Վրաստանում և Աբխազիայում իր դեմ 1022 – 23թթ. բարձրացած ապստամբության ճնշումից հետո պահանջեց Կարսն ու Անին: Եվ ահա, Հովհաննես Սմբատն իր ողորմելի կյանքն ու գահը փրկելու համար գնաց ամոթալի, դավաճանական գործարքի:  Նա 1023թ. մի կտակ գրեց, որով իր մահից հետո Անին և նրա շրջակայքը հանձնվելու էր Բյուզանդիային: Այս առումով կարևոր դերկատարություն ունեցավ սևասիրտ և սևահոգի Պետրոս Գետադարձ կաթողիկոսը, որն էլ հենց կտակը տարավ կայսրին: 1041թ. գրեթե միաժամանակ մահացան Աշոտը և Հովհաննես - Սմբատը, ամենայն հավանականությամբ թունավորվեցին: Եթե Աշոտն սկզբում չմահանար, միգուցե դեպքերն այլ ընթացք ստանային, բայց, ըստ երևույթին, դավադիրներն այդ հաշավարկներն արել էին: Սևասիրտ կաթողիկոսն անցավ գործի, մարդ, որի դեմ ընբոստացել էին Անիի բնակիչները՝ նրան համարելով հայրենիքի դավաճան: Նրա հանցակիցն էր Վեստ Սարգիս Սյունեցի իշխանը, որը հափշտակեց Անիի գանձերը և թաքնվեց միջնաբերդում: Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ոտքի կանգնեցին հայ հայրենասիրական ուժերը՝ պետականությունը պահպանելու ցանկությամբ համակված: Աշոտ 4 – ի որդին Գագիկ 2 – ը 1042 –ին օծվեց  հայոց թագավոր: Վեստ Սարգիսը քշվեց Անիից և հետո ձերբակալվեց: Դրվեց Հայաստանը միավորելու խնդիր: Բայց կտակն իրականացնելու պահանջով Անիի վրա շարժվեց Մոնոմախ կայսրը, որին ամեն կերպ Անին գրավել էին խրախուսում Պետրոս Գետադարձը և Վեստ Սարգիսը, որն ազատվել էր բանտից:  Սակայն բյուզանդական զորքը ջարդվեց: Եվս երկու ջարդ էլ կերավ 1044թթ – ին՝ Անիի պարիսպների տակ: Այս ամենից հետո կայսրը դիմեց նենգության և Պետրոս Գետադարձի խորհրդով, իբր հաշտություն կնքելու համար, Կ. Պոլիս հրավիրեց Գագիկին և ձերբակալել: Ի վնաս հայրենիքի անզուգականորեն գործեց կաթողիկոսը, որի համոզումներին տեղիք տվեց Գագիկը: Ավելին, միամիտ պատանին մեկնելուց առաջ նրան հանձնեց երկրի կառավարումը և Անիի դարպասների բանալիները, որոնք ժողովրդից թաքուն նա ուղարկեց կայսրին՝ հայտնելով, որ ժողովուրդը որոշել է Անին հանձնել նրան: Գագիկը չհամաձայնվեց Անին հանձնել կայսրին և այլևս Հայաստան չվերադարձավ, իսկ բյուզանդական զորքերը նորից շարժվեցին Անիի վրա, բայց Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ահավոր ջարդ կրելով՝ հետ շպրտվեցին: 1045 – ին պարտված զորքերը նորից Կարինի շրջանից, ուր ապաստանել էին, շարժվեցին Աննի վրա, բայց այս անգամ դիմադրություն տեղի չունեցավ: Վեստ Սարգիսը և Պետրոս Գետադարձը լայն քարոզչություն էին տարել բանակում և քաղաքի բնակչության մեջ, նրան հոգեբանորեն անկման և պարտության էին  տարել ու պառակտել, թուլացել էր վճռականությունը, բանակի եռանդը կորել էր: Ավելին՝ դավաճանները համոզել էին իշխաններին և, նույնիսկ Վահրամ Պահլավունուն, չկռվել: Այս ամենից հետո նրանք կեղծ սուգ սարքեցին, ողբացին թագավորության կորուստը, ապա՝ գաղտնի հրավիրեցին բյուզանդական զորքերի հրամանտար Ասիտին, որ գա և գրավի Անին: Արդյունքում՝ բյուզանդական զորքերն առանց դիմադրության մտան Անի և գեղեցկուհի քաղաքամայրն ընկավ առանց դույզն իսկ դիմադրության: Փաստորեն շքեղաշուք Անին ծախվեց՝ փառքի և հարստության դիմաց:
Ինչպես համոզվում ենք՝ շատ դրվագներ կան այստեղ, որոնք հիշեցնում են Շուշիի անկումը: Հիմա ո՞վ էր ավելի շատ մեղավոր՝ բյուզանդացին, թե՞ հայ դավաճանը: Եզրակացությունը շատ մտածելու արդյունքում չէ, որ կգտնեք:
Վերջում ցանկանում ենք մի դրվագ հիշել Մեսրոպ արքեպ. Աշճյանի հետ նրա մահից առաջ ունեցած մի զրույցից: Նա մի անգամ պատմում էր, որ եթե չենք սխալվում, Վասպուրական աշխարհում, չենք հիշում կոնկրետ՝ որ վայրում, գտել էր  Պետրոս Գետադարձի գերեզմանը, որի վրա կարդացել էր զղջման խոսքեր: Նաև ասում էր, որ 1000 գյուղ է ունեցել՝ որպես սեփականություն: Մենք միշտ հայհոյում ենք հիմնականում օտարին: Վերջապես գալու՞ է այն օրը, որ համարձակ խոսենք մեր սխալներից ևս, եթե գա՝ հաստատ մի բանի կհասնենք: Բայց խիստ կասկածում ենք, մանավանդ այն իրադարձությունների հետնախորքի վրա դատելով, որոնց այսօրվա ականատեսն ենք: