«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նյու Ջերսիի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցում «Հայ Դատի» կողմից շատ լուրջ աշխատանք է տարվել. Սուրեն Սարգսյան

01/07/2021

ArmDaily.am-ի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքին, ասաց, որ նորմալ պրակտիկա է։ «Պառլամենտական ընտրություններից հետո բնականաբար շնորհավորում են երկրի ղեկավարին և բացի դրանից շնորհավորում են նաև այն ժամանակ, երբ որ արդեն ձևավորվում է կառավարություն։
Այսինքն, ես կարծում եմ, որ կշնորհավորի Բայդենը Փաշինյանին նաև պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Պրակտիկա կա, նախկինում էլ է այդպես եղել, Հայաստանի ղեկավարներին մշտապես Միացյալ Նահանգների ղեկավարները շնորհավորել են ընտրվելու կապակցությամբ՝ ամենավերջին օրինակը Սերժ Սարգսյանի շնորհավորանքն էր նախագահ Օբամայի կողմից ու դրանից հետո Փաշինյանն է Թրամփի կողմից շնորհավորական նամակ ստացել, այնպես որ այս պրոցեսը շարունակական պրոցես է»,-ասաց Սարգսյանը։
Անդրադառնալով ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից երեկ Արցախի անկախություն ճանաչելու փաստին, նա ասաց, որ այս հանգամանքը և քարոզչական տեսանկյունից է կարևոր և նախադեպի առումով, որովհետև սա նախադեպ է նաև այլ նահանգների համար։ «Նախադեպ է նաև այլ նահանգների համար, որպեսզի նրանք նույնպես հետագայում ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Տեսեք, արդեն տասը նահանգ ճանաչել է, նշանակում է, որ կա հնարավորություն, որպեսզի այլ նահանգներ նույնպես ճանաչեն։ Երբ որ ճանաչած նահանգների քանակը շատանա՝ արդեն հնարավորություն կլինի նահանգներից այլ մակարդակների անցնելու, ենթադրենք, ֆեդերալ և այլն։ Բայց սա շատ հեռահար պրոցես է և դրան հասնելու համար շատ ջանք և եռանդ է պետք ամբողջ աշխարհում հայ համայնքի կողմից, որպեսզի աշխատի»,-ասաց Սարգսյանը։
Միջազգայնագետը նշեց, որ այս առումով բացառիկ է համարում «Հայ դատի» հանձնախմբի աշխատանքը Նյու Ջերսիի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցում.«Կարծում եմ շատ լուրջ աշխատանք է տարվել և այդ աշխատանքը շարունակվում է»։