«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հորդորում եմ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին. Էստոնիայի արտաքին գործերի նախարար

12/04/2021

«Ես Ադրբեջանին հորդորում եմ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին»,-Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանի հատուկ քննարկման ընթացքում հայտարարեց Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարինա Կալյուրանդը:

Նա նշեց՝ հետևել է արցախյան 44-օրյա պատերազմին և շեշտեց՝ միշտ ասել է՝ պատերազմը լուծում չէ: Միևնույն ժամանակ նկատեց՝ ներկայումս բավականին բարդ է լինել հավասարակշռված, քանի որ ճնշումը, պահանջներն ու սպասումները երկու կողմից էլ բավականին բարձր են:

Մարինա Կալյուրանդը քննադատեց Ադրբեջանին, որ ամեն կերպով խոչընդոտում է գերիների վերադարձի գործընթացին: Նա փաստեց, որ Ադրբեջանը չի տրամադրում բավարար տեղեկություն գերիների իրավիճակի հետ կապված, մինչդեռ դա ՄԻԵԴ-ի պահանջն է:

Խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների մասին՝ Մարինա Կալյուրանդը հայտարարեց. «Ես չեմ պաշտպանում նրա հայտարարությունները: Ուզում եմ ևս մեկ անգամ հայտարարել, որ եռակողմ հայտարարության ստորագրմամբ՝ բոլոր կողմերը պարտավորություն են ստանձնել վերադարձնել գերիներին: Մինչդեռ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարում են, որ այդ մարդիկ գերիներ չեն, այլ ահաբեկիչներ են: Այդ դեպքում պետք է լիներ դատական գործընթաց, իրավական ընթացակարգեր, բայց քանի որ նման բան չկա, ես Ադրբեջանին հորդորում եմ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին»: