«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ զինանշանի, օրհներգի և դրոշի մասին. Աշոտ Ներսիսյան

05/02/2024

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Վերջին շրջանում ավելի հաճախակի է դարձել ՀՀ զինանշանի, օրհներգի և սահմանադրական փոփոխությունների մասին խոսակցությունը և բանավեճը, որը գալիս է իշխանությունների դիրքորոշումից, որը հօգուտ փոփոխության է և որը քաղաքական խնդիր է դարձել, քան որ նման պահանջ է ներկայացնում Ալիևը: Եթե ալդպես էլ է, ապա նրան մերժելը ամենևին չի կարող ենթադրել, որ կարող է հանգեցնել նոր ագրեսիայի: Դա բացառվում է, իսկ թե ինչու, հաջորդիվ: Հիմա հերթով ներկայացնենք զինանշանի և օրհներգի փոփոխությունների խնդրին, ի դեպ, որոնց հարցը նախկինում էլ է քննարկման առարկա դարձել, նույնիսկ նոր օրհներգի մրցույթ է հայտարարվել: Ինչ որ է: Ներկայացնենք մեր դիտարկումները:

Առաջին. ՀՀ զինանշանի և մասնավորապես Արարատ լեռան պատկերը նրա վրայից հանելու մասին: Այդ զինանշանն 1918թ. ստեղծել է Հ. Կոջոյանը, որին օժանդակել է Ալ. Թամանյանը: Հանուն ճշմարտության շեշտենք, որ այն լավագույնը չէ, կրում է մեր հին պետականությունների և իշխանական տների խորհրդանիշները, բայց աստիճանաբար, վերջին ժամանակներս, կորցրել է իր նախկին տեսքը, որից մեզ էր երևում մռնչացող առյուծը, և կտուցը բաց արծիվը, և որից ուժ էր ճառագում: Հիմա մենք տեսնում ենք բերանները կնքած կամ ծեփած առյուծ և արծիվ, որոնք կարծես խորհրդանշում են մեր թույլ և անլեզու լինելը: Զինանշանն այս տեսքով գոյություն ունի վաղուց: Ինչ վերաբերում է մասիսներին, որոնք կային նաև ՀԽՍՀ զինանշանի վրա և ավելի գեղեցիկ էին, ապա դրանց հանելը փաստորեն այն հիմնավորմամբ, թե թշնամին դրանում տեսնում է պահանջատիրություն, ամենևին չի հիմնավորվում: Արարատը մի լեռ է, որը մեզ համար սուրբ է, քանի որ խորհրդանիշ է որպես լեռ, որից ջրհեղեղից հետո երկրորդ անգամ արարվել է մարդկությունը` սերվելով այնտեղից իջած Նոյից, որը նշանակում է, որ այն խորհրդանիշ կարող է դառնալ ցանկացած այլ ժողորդի համար և երկրորդ, այն խորհրդանիշն է հայ ինքնության և հավաքական կամքի, որի մեր զինանշանի վրա լինելը չի նշանակում որևէ հավակնություն, իսկ եթե այն Արարատը նորից հետ բերելու մեր վեհ երազանքը կարող է արտահայտել, ապա դա ամենևին չի նշանակում, որ այն հանելով հակառակը կապացուցենք թուրքերին, որոնք շատ լավ գիտեն մեր հնարավորությունների չափը և որ այն զինանշանից ջնջելով, անհնար է ջնջել մեր սրտերից: Նույնիսկ խորհրդային շրջանում թույլ տրվեց այն պահել մեր զինանշանի վրա, քանի որ հակառակը կխոցեր մեր հոգին: Քանիցս հանդիպել ենք, որ թուրքերն Ստալինին բողոքել են, թե հայերն իրենց զինանշանի վրա նկարել են Մասիսը, որն իրենցը չէ: Նա պատասխանել է` Ձեր դրոշի վրա էլ կիսալուսինն է, ձե՞րն է: Արարատը պետք է մնա հայոց զինանշանի վրա հավերժ:

Երկրորդ: Հիմնի մասին: Այն հանպատրաստից ընդունվել է 1918-ին, ընդ որում առանց Նալբանդյանի խոսքերից որևէ բառ փոխելու: 1919թ.-ին, երբ պետության վիճակը կայունացավ մի փոքր, այն խմբագրվեց: «Մեր թշնամուց ոտնակոխ» տողը դարձավ «Մեր թշնամին ոտնակոխ»:

«Տար ծածանե թշնամու դեմ» տողին էլ հաջորդում էր հետևյալը` « Թող կործանի Տաճկաստան»: Ամբողջ քառատողն այս էր`

«Նայիր նրան եռագույն է,

Նվիրական մեր նշան,

Տար, ծածանե թշնամու դեմ, Թող կործանի Տաճկաստան»:

ԻՆքնին սխալ է, մեկ պետության կործանումը հիմնում համարել քեզ նպատակ, բայց այն օրերի համար այն լրիվ հատկանշական էր: Երրորդ հանրապետության հռչակումից հետո այն փոխվեց, հայտնի է թե ինչ տեսք ստացավ, բայց չենք կարծում, որ այն լավագույնն է և այս պատճառով դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ այն նույնպես փորձ է արվել փոխել:

Երրորդ. Եռագույնի մասին: Այն նույնպես ստեղծվել է Առաջին հանրապետության տարիներին: Ընդ որում ոչ մի իմաստ չի դրվել գույների մեջ: Այդ մասին վկայում է Ս. Վրացյանը: Ըստ նրա, երբ 1918թ. ամռանը ՀՀ դրոշի համար կտոր էին որոնում, հազիվ կարողանում են գտնել կարմիր, կապույտ, կանաչ և դեղին կտորներ: Երբ դրանք համադրում են, Քաջազնունուն ավելի շատ դուր է գալիս կարմիր,կապույտ, դեղին համադրությունը և այսպես ծնվում է մեր եռագույնը, որի գույներն իմաստավորվել են հետո, մանավանդ, որ դեղին կամ ծիրանի գույնը հնում, մասնավորապես Արշակունյաց շրջանում հարգի է եղել. նրանք հագնում էին դեղին - ծիրանի զգես, երբ պալատում էին: Կոշիկներն էլ կարմիր գույնի էին:

Կարծում ենք, որ մեր եռագույնը մեր համար սրբություն է և այն ոչ մի այլ գույներով փոխել պետք չէ, թեպետ որ հաճախ ենք հանդիպում դրոշների, որոնց դեղինը նարնջագույնի է փոխարկված:

Ամփոփենք: Արարատ լեռը մեր ազգի ինքնության, նաև մարդկության ծագման խորհրդանիշն է, որը զինանշանից հանելը մեծագույն և անողոք հարված կլինի մեր ինքնության և պետականության ամրապնդման հավատին, և այդ ամրապնդումը հանելով է կարծես հիմնավորում: Ինչ էլ նրա վրայից հանվի, ինչ էլ փոխվի, Արարատը պետք է մնա:

Եռագույնի կշիռն էլ ավելի պետք է բարձրացվի, բացառելով նարնջագույնը նրանից: Ինչ վերաբերում է օրհներգին, թերևս այն կարելի է խմբագրել, ավելի ուժեղ երանգներ տալ, բայց ամենևին չկպնելով «եռագույն» եզրույթին:

Հանգիստ պետք է լինել, Ադրբեջանը Մասիսը չհանելու դեպքում մեր վրա չի հարձակվի: Այդ երբվանից են խորհրդանիշները կամ զինանշանները դարձել պատերազմի պատճառ: