«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ալիևի ստերը. բացահայտում է ժեստերի լեզուն․ տեսանյութ

07/10/2020

Իլհամ Ալիևի բանավոր խոսքում ու ժեստերում անհամապատասխանություններ կան՝ պարզել է հաղորդակցման հոգեբանության մասնագետ Գրիգոր Բադալյանը՝ ուսումնասիրելով Ադրբեջանի նախագահի՝ հոկտեմբերի 4-ի ուղերձը: Միջազգային ընդունված պրակտիկա է, այսպես կոչված, body language-ի՝ մարմնի լեզվի ուսումնասիրությունը, որի միջոցով մասնագետները պարզում են մարդու ասածի իսկությունը՝ վերբալ և ոչ վերբալ խոսքի համեմատությամբ: Հոգեբանն ասում է՝ Ալիևը մի բան հայտարարում էր, այլ բան վկայում ժեստերով:

Գրիգոր Բադալյան (հաղորդակցման հոգեբանության մասնագետ) - «Իսկ ժեստերի լեզվում տվյալ անհամապատասխանությունները խոսում են, որ տվյալ մարդը կա'մ գտնվում է, օրինակ' սթրեսային վիճակում, այսինքնч խոսում է այնպիսի բանից, որն իր համար սթրեսածին է, կա՛մ, մեծ հավանականությամբ, չի հավատում սեփական խոսքերին»:

Ամբողջ ուղերձի ընթացքում, ըստ հոգեբանի, Ալիևն 8 անգամ փոխել է վերբալ վարքը: «Իսկ գուցե տեսախցիկների՞ց էր կաշկանդվում» հարցին հոգեբանը պատասխանում է. «Այդ դեպքում անհարմարության զգացողությունն աստիճանաբար պետք է անցներ կամ անընդհատ նույն բնույթի լիներ: Սա այդ դեպքը չէ»,- ասում է մասնագետը:

Գրիգոր Բադալյան - «Նրա մոտ տեղի է ունենում վարքի փոփոխություն: Վարքի փոփոխությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ մարդը չի հավատում սեփական խոսքերին»:

Օրինակ՝ Իլհամ Ալիևը հայտարարում է, թե հայերի կողմից պատմություն է կեղծվում, միաժամանակ դրսևորում է վարքագիծ, որով ինքն իր ասածը կասկածի տակ է դնում:

Ոչ մասնագետի համար սրանք գուցե սովորական միկրոշարժումներ են, բայց մասնագետի համար՝ բավականին մեծ տեղեկության աղբյուր՝ բացատրում է Բադալյանը:

Գրիգոր Բադալյան - Մասնավորապես, մենք տեսանք սթրեսի երկու նշան: Առաջինը, որ նրա մոտ տեղի է ունենում հազ՝ կոկորդի մաքրում: Սթրեսի ժամանակ սովորաբար մարդու, ցանկացած կենդանի օրգանիզմի մոտ ջրի քանակությունը պակասում է, ու մարդ ստիպված է լինում մաքրել կոկորդը, շրթունքները և այլն: Մասնավորապես, սա դրա դրսևորումներից մեկն է: Երկրորդ փոփոխությունը, որ մենք տեսանք, նրա մարմնի տատանողական շարժումն է: Մասնագիտական լեզվով դա անվանում են լիմբիական փախուստ. դա նշանակում է, որ տվյալ անձը ցանկանում է լքել տվյալ միջավայրը:

Հաջորդ օրինակը. Իլհամ Ալիևը հայտարարում է ադրբեջանական զինուժի կողմից ռազմատեխնիկա գրավելու մասին: Որ տեղեկությունը կեղծ է՝ դարձյալ ժեստերն են փաստում:

Գրիգոր Բադալյան - «Հատկապես այդ պահը, երբ ասում է, որ մեր տեխնիկան իրենք գրավել են, տվյալ պահին ձեռքը բացում է, հետո փակում է: Այսինքն՝ եթե հավատում է իր խոսքին, ձեռքը ցույց է տալիս փակ վիճակում, սակայն եթե չի հավատում, անգիտակցորեն ձեռքը բացում է: Նմանատիպ դրսևորումները ցույց են տալիս, որ մարդը չի հավատում իր խոսքին»:

Եվ ամեն անգամ Ալիևի մոտ նույն դրսևորումներն են ի հայտ գալիս պատմական տարածք արտահայտությունն անելիս:

Գրիգոր Բադալյան - «Մեծ հավանականությամբ, նա տալիս է այն ինֆորմացիան, որին չի հավատում»:

Ալիևի ուղերձը մասնագետին մտածելու տեղիք է տալիս, որ Ադրբեջանի նախագահը խնդիրներ ունի սեփական ժողովրդի հետ:

Գրիգոր Բադալյան - «Երբ անդրադառնում է սեփական ժողովրդի մասին խոսքին, մենք տեսնում ենք, որ նրա մոտ կրկին տեղի է ունենում ոչ վերբալ վարքի փոփոխություն, այսինքն՝ դրսևորվում են անհանգստության, լարվածության սթրեսածին նշաններ: Կարող ենք եզրակացնել, որ, ամենայն հավանականությամբ, կա որոշակի անջրպետ՝ նախագահի և սեփական ժողովրդի միջև: Դրանք կարող են լինել ներքին կոնֆլիկտներ, անհամաձայնություններ, ժողովուրդը չի վստահում նրան, և ինքը գիտի դրա մասին»:

Մասնագետն ընդգծում է Իլհամ Ալիևի ուղերձի՝ ամենաշատ սթրեսային նշաններ պարունակող հատվածը: Դա այն կտորն է, որտեղ նա հայտարարում է, թե՝ հաղթանակ կտանեն:

Գրիգոր Բադալյան - «Տվյալ հատվածում Ալիևը խոսում էր այն մասին, որ նրանք հաղթում են, և Ղարաբաղը Ադրբեջան է: Մենք տեսանք մի քանի կարևոր փոփոխություններ... իջեցրեց աչքերը, սեղմեց շրթունքները, սթրեսի ժամանակ այդպես ենք անում, դա անգիտակցական հակազդում է: Հետ է քաշվում, ուզում է փախչել...»: 

Եվ վերջին մեկ տարում հոգեբանի արած բացահայտումը. այս ժամանակահատվածում Ադրբեջանի նախագահի վարքում փոփոխություններ են տեղի ունեցել. սկսել է կրկնօրինակել Թուրքիայի նախագահին:

Աղբյուր՝ 1lurer.am