Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա. Միլլեր
Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ այն աշխատում է առևտրային կապերը դիվեսիֆիկացնելու և հումանիտար կարիքները լուծելու ուղղությամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ չբացառելով, սակայն, որ հայ-ադրբեջանական խնդիրները նաև քննարկվեն ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը, թեպետ, ըստ նրա, հանդիպման հիմնական օրակարգում այդ հարցը չէ։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպմանը մասնակցելու են նաև պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը:
Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել այդ հանդիպումը։ Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողության համար»։