«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀՊԱՆՑԻԿ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ. ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

31/03/2021

Հայաստանի ներքաղաքական դաշտում հարաբերական կայունություն է կարծես: Այն տպավորությունը կա, որ վերջանում է մի մեծ թատերախաղ, որի արարներին ենք ականատես արդեն հինգ ամիս: Նոյեմբերյան հաշտության հայտարարարության ստորագրման հաջորդ օրվանից ի վեր հայ ժողովուրդն ապրեց իր պատմության մղձավանջային շրջաններից մեկը, որը դեռևս չի ավարտվել, բայց արդեն ակնհայտ է , որ ոմանք հաշտվել են եղածի հետ, ապրած ցավն ու դառնությունը սեղմել են ատամների տակ, ոմանք դեռևս սպասումների մեջ են, թե ե՞րբ, ի վերջո, կգտնեն կորցրած հարազատին, ոմանք դեռ  քաղաքական պայքարի մեջ են՝ հանուն իշխանության, բայց թուլացող պայքարի: Մի բան ակնհայտ է, որ Ն. Փաշինյանին գահընկեց անելու «Հայաստանի փրկության շարժման» գործադրած ջանքերն ի դերև ելան: Դա ունի իր պատճառները՝ ա/ ինչքան էլ պատրված լինելու կսկիծը խորն էր, ժողովրդի զգալի մասը այդ շարժման թիկունքում տեսավ նախկին իշխանության առաջին դեմքերին, որոնց վերադարձի հնարավորությունից ավելի  գերադասեց պարտված իշխանության չհեռանալը, բ/ այդ ուժերը չունեցան արտաքին լուրջ հենարան, որի դերը տվյալ իրավիճակում Ռուսատանից բացի ցանկացած հզոր մի այլ տերություն էլ չէր ստանձնի,  իսկ Ռուսաստանին ամենևին ձեռնտու չէր, որպեսզի, ինչպես, քանիցս շեշտել ենք, այլ անձ տեսնի նոյեմբերյան համաձայնությունը մեր կողմից ստորագրած անձի փոխարեն: Այս առումով հաստատ նա հաշվի է առել նաև Թուրքիայի դիրքորոշումները, գ/ անձի ընտրությունը՝ որպես ընդդիմադիրների առաջնորդի: Ոչ մեկը չի կարող ժխտել, որ Վ. Մանուկյանը ժողովրդի մեջ նստած չէր որպես խարիզմատիւկ կերպար և, բացի այդ, չկար մի նոր արտաքին և ներքին քաղաքական ուղենիշ, որով նա և իր հետ գտնվող զանգվածները հավատ և հույս ներշնչեին: Նա՞ կգար իշխանաության, թե՞ մեկ ուրիշը, միևնույնն է, տվյալ պարագայում անելու էր այն, ինչ ցանկանում են ռուսները, որը նույնն է, որ թուրքերը: Ուրեմն ի՞նչ իշխանփոխություն և ինչու՞: Այս հարցն ինքն իրեն կարող է տալ ցանկացած բանական մարդ և կգտնի նույն պատասխանը: Այս պատճառները, բնականաբար, չէին կարող արգելք չհանդիսանալ «Հայաստանի փրկության շարժման» կողմից առաջ քաշած պահանջների չիրականացմանը, այն է՝ Ժամանակավոր կառավարության ստեղծմանը մեկ տարի ժամկետով, որը կկազմակերպեր ընտրություններ և կձևավորեր նոր իշխանություն: Չարդարացան նաև այն հույսերը, որոնք կապվեցին Օնիկ Գասպարյանի և մյուս բարձրաստիճան սպաների հայտարարության հետ, հույսեր, որոնց հիմքը  զինվորական հեղաշրջմամբ իշխանափոխությունն էր: Արդյունքում՝ հաղթեց արտահերթ ընտրության գաղափարը, որը պետք է կազմակերպեն այս իշխանությունները, թեպետ դեռ պարզ չէ, ո՞ր օրենսգրքով: ԲՀԿ –ն և ԼՀԿ անմիջապես համաձայնվեցին գնալ արտահերթ ընտրությունների՝ արտաքուստ պահպանելով ընդդիմադիր լինելու քողը: Գ. Ծառուկյանն արդեն լծվել է գործի, իշխանությունները նույնպես, «Հայրենիք» կուսակցությունն էլ, կարծես թե, գնալու է դրան: ՀՅԴ կուսակցույթւոնը և Վ. Մանուկյանը դեռևս շարունակում են պնդել հինը և պահանջում են Փաշինյանի հրաժարականը, մի բան, որ եթե պատերազմի ավարտի քաղաքական եռուն շրջանում չհաջողվեց, հիմա դժվար թե հաջողվի: Չի բացառվում, որ ՀՅԴ – ն էլ, ի վերջո, մասնակցի դրանց: ՀԱԿ – ը կարծես թե չի գնալու դրան: Ռոբերտ Քոչարյանը վաղուց է հայտարարել, որ ինքը, եթե լինեն արտահերթ ընտրություններ, կմասնակցի դրանց: Բայց դժվար է պնդել, թե նա ո՞ր ուժի հետ կգնա: Մի բան ակնհայտ է, որ արտահերթ ընտրությունների գնալու որոշումը լրիվ համընկավ ՍԴ որոշման հետ, որով Ռ. Քոչարյանի դատական գործի հիմքը, 300.1 հոդվածը, համարվեց հակասահմանադրական: Զարմանալին այն է, որ դրա վերաբերյալ, ինպես նախկինում, չհնչեց վարչապետի դատապարտող խոսքը, իսկ մինչև այդ ոչ պակաս զարմանալի, որ այսպիսի որոշման գնաց իր ջանքերի արդյունքում անդամներով  փոխված և նոր նախագահ ունեցող ՍԴ – ն: Չի բացառվում, որ տեղի են ունեցել միջնորդավորված բանկցություններ և այս դեպքում միջնորդ կողմը Ռուսատանն է թերևս: Եթե տեղի ունեցածը վերագրենք պատահականություններին, կարծես թե դրանք տրամաբանոոթյունից դուրս շատ են ստացվում: Գ. Ծառուկյանի և ԼՀԿ մասով համոզված ենք, որ կա հստակ պայմանավորվածություն,, որ վերջիններս կմտնեն խորհրդարան: Բայց եթե կա այդ պայմանավորվածությունը, ուրեմն մենք վերստին գլորվում ենք հետ՝ մինչիշխանափոխության ժամանակշրջանը, երբ նախապես որոշվում էր, թե ո՞վ է գնալու խորհրդարան: Այլ խոսքով՝ կրկին իշխանության վերարտադրություն, այս անգամ Ն. Փաշինյանի նախաձեռնությամբ: Մեզ մնում է հուսալ, որ ընտրություններն իրոք ժողովրդավարական են լինելու, թվեր չեն նկարվելու և խորհրդարան են մտնելու հավաքած ձայների հննարավորությամբ և ոչ թե՝ կեղծիքներով և կաշառքով: Սա մտահոգիչ է, մանավանդ, որ մոտիկ անցյալում, եթե չենք սխալվում, ԲՀԿ – ի վրա գործ էր հարուցվել կաշառքով ձայներ բերելու հիմքով: Հարկավ խորհրդարան ներկայացնելու հայտ են արդեն ներկայացրել այլ ուժեր ևս, որոնց այնտեղ մուտքը դյուրին խնդիր չէ, որի պատճառներին կանդրադառնանք այլ առիթով: Եվ վերջապես, թող Աստված տա ֆանտազիայի ժանրից լինի մեզ երբեմն անհանդստացնող   այն մտորումը, որ ամեն ինչ ծրագրվում է Ռուսատանի, Թուրքիայի, ԱՄՆ և այլ տերությունների ղեկավարներից էլ հզոր անձանց գրասենյակում, անձինք, որոնք ամեն քայլ կատարում են նրբորեն, դետալ առ դետալ  և ժողովուրդներին խաբկանքի գիրկը տանելով, անում են այն, ինչ բխում է աշխարհակառավարման իրենց մութ ծրագրերից: