«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Մեզ ուղղված շատ մեղադրանքներ իրար բացառող են. վարչապետ

28/12/2020

Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե ինքը չի կարող կազմակերպել արտահերթ ընտրություններ, երբ Սյունիքի ճանապարհները վտանգավոր են, և ադրբեջանցիները ելումուտ են անում այնտեղ: 

 

Վարչապետն ասել է.

 

«Այդպիսի բան չի եղել: Ոչ մի ադրբեջանցի ՀՀ սահմանից ներս չի մտել: Մի կողմից՝ ասում են՝ չկան սահմաններ, մյուս կողմից՝ ադրբեջանցիներն ազատ ելումուտ են անում Հայաստանի սահմաններում: Ո՞ր սահմանները նկատի ունեն: Ամենակարևոր փաստարկներից մեկն այն է, որ մեզ ուղղված շատ մեղադրանքներ իրար բացառող են: Մի դեպքում մեզ քննադատում են նրա համար, որ միջոցներ չենք ձեռնարկել պատերազմը կանխելու համար, մյուս կողմից՝ մեզ մեղադրում են նրա համար, որ միջոցներ ենք ձեռնարկում՝ նոր պատերազմը կանխելու համար:

 

Ի վերջո, ՀՀ-ն անկախություն է ստացել որոշակի տարածքում: Ես վկայակոչել եմ 2010 թ. ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, որտեղ Սյունիքի մարզի Որոտան գյուղը սահմանակցում է Ադրբեջանին։ Տրվում է կոնկրետ նկարագրություն դեռ 2010 թվականին: Ադրբեջանի վարչատարածքային բաժանումը ի՞նչ կապ ունի ներքին վարչատարածքային բաժանման հետ: Եթե իրենք նկատի են ունեցել, որ ՀՀ տարածքի ներսում գոյություն է ունեցել Ադրբեջանի տարածք, այդ ինչպե՞ս են ասում, որ Ադրբեջանի ներկայացուցիչները մտել են ՀՀ տարածք, այսինքն՝ ՀՀ ներսում կա Ադրբեջա՞ն: Մարդիկ հստակ գրել են օրենքով, որ կա՛մ արևելքից, կա՛մ հյուսիսից, նայած որ տեղանքում, օրինակ՝ Շուռնուխ, Որոտան, Սոթք համայնքների սահմանագիծը համընկնում է Ադրբեջանի և ՀՀ սահմանի հետ:

 

Այսինքն՝ այսօր տեղի է ունենում այն, ինչ նկարագրված էր 2010 թ. այդ օրենքի մեջ: Ինչո՞ւ է դա տեղի ունեցել կամ տեղի ունենում: Նոր պատերազմից խուսափելու համար: Հիմա, ենթադրենք, երբ, օրինակ՝ Սերժ Սարգսյանը, հայտնի հարցազրույցի մեջ ասում է, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել թողնել յոթ շրջանները: Այդ յոթ շրջանների մեջ Զանգելանը և Կուբաթլուն էլ էին, չէ՞ մտնում: Նկատի է առնվում նույն բանը: Այս պարագայում, այն միջոցները, որոնք ձեռնարկվել են, ձեռնարկվել են Սյունիքի անվտանգության ապահովման համար: Ես նախկինում ասել եմ, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի ավելի քան 90 տոկոսը, ցավոք սրտի, եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, այդ համատեքստում եղել է բանավոր ըմբռնում, որ էդտեղ մենք պետք է սահմանային կետերի, այլ ոչ թե սահմանի ճշգրտում իրականացնենք:

 

Այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար: Ձեռնարկված միջոցների էությունն այն է, որ վերահսկողության տակ գտնվող գոտին համընկնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածքների հետ, միջազգային երաշխիքներն աշխատեն, և ոչ միայն: Կոնկրետ ՌԴ անվտանգային պարտավորությունները ՀՀ նկատմամբ գործարկելու որևէ խոչընդոտ չլինի:

 

Շատ են հարցնում, թե պատերազմի ընթացքում ինչո՞ւ Ռուսաստանն օգնության չհասավ, երբ Արցախում պատերազմ էր տեղի ունենում: Ռուսաստանի դիրքորոշումն այն էր, որ մենք փոխադարձ օգնության պայմանագիր կնքել ենք ՀՀ տարածքի համար, իսկ մարտական գործողությունները, որոնք տեղի են ունենում մեր պայմանավորվածության տարածքից դուրս, մենք այնտեղ չենք կարող անվտանգային աջակցություն ցուցաբերել:

 

Այս մասին հրապարակային հայտարարվել է: Նույն տրամաբանությամբ հարցնում ենք, թե ինչո՞ւ միջոցներ չեն ձեռնարկվել պատերազմը կանխելու համար: Պատերազմը կանխելու միայն մեկ տարբերակ կար՝ 7 տարածքների վերադարձը: Հիմա Զանգելանի և Կուբաթլուի հատվածում որոշումը կայացվել է նոր պատերազմը կանխելու համար և այն տրամաբանությամբ, որ այդ պատերազմը կարող է, եթե էսկալացիա տեղի ունենա, անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, որը կարող է անվտանգային միջազգային համակարգերը չգործարկել մի պարզ պատճառով: Պարզվի, օրինակ՝ որ մենք ենք մեղավոր, որ այդ պատերազմը սկսվել է, որովհետև, օրինակ՝ ՀՀ միջազգայնորեն չպատկանող տարածքում ներքաշվել ենք ռազմական գործողությունների մեջ»:

Հեղինակ`Դավիթ Մուրադյան, 1Lurer.am