«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը գիշերը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային գրոհի

13/03/2024

Ռուսաստանի մի շարք շրջաններ մարտի լույս 13-ի գիշերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի զանգվածային գրոհի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռյազանի մարզի նահանգապետ Պավել Մալկովը իր Տելեգրամ ալիքում հայտնել է, որ Ռյազանի նավթավերամշակման գործարանը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման։

«Նախնական տվյալներով՝ կան տուժածներ», - գրել է Մալկովը՝ հավելելով, որ դեպքի վայրում աշխատում են բոլոր օպերատիվ ծառայությունները։

ՏԱՍՍ գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհից հետո միջին ծանրության վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 2 մարդ։

Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևն իր հերթին հայտնել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը ոչնչացրել են ավելի քան 30 ԱԹՍ։

«Ըստ խոցված օբյեկտների մնացորդների ընկնելու վայրերից ստացված օպերատիվ տվյալների՝ մի շարք մունիցիպալիտետներում կան ենթակառուցվածքի և բնակելի տների աննշան վնասվածքներ», - գրել է նահանգապետը՝ հավելելով, որ տուժածներ չկան։

Իսկ Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն իր Տելեգրամ ալիքում գրել է, որ Կիրիշիի շրջանի նավթավերամշակման գործարանի մոտ խոցվել է ինքնաթիռային տիպի ԱԹՍ։ Տուժածներ և ավերածություններ չկան։

Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է, որ գիշերը մարզի տարածքում խոցվել է Ուկրաինայի զինվորականների կողմից արձակված 8 ԱԹՍ, որոնք ոչնչացվել են, տուժածներ և ավերածություններ չկան։

Իսկ Լիպեցկի մարզի նահանգապետ Իգոր Արտամոնովն իր Տելեգրամ ալիքում առավոտյան ժամը 07։09-ին գրել է, որ Ուկրաինայի կողմից մոտենում են ԱԹՍ-ներ, բոլոր ուժերը և միջոցները բերված են առավելագույն պատրաստության վիճակի։ Ժամը 08։00-ին նա հայտնել է օդային գրոհի վտանգը չեղակելու մասին։

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր հերթին հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները գնդակոծել են Շեբեկինո քաղաքը, տուժել է մեկ մարդ։ Քաղաքում անջատվել է էլեկտրական հոսանքը։ Այս գնդակոծությանն, ըստ նահանգապետի, հաջորդել է ևս մեկ գնդակոծություն, կոտրվել են բազմաբնակարան շենքի մի քանի բնակարանների ապակիները։ Մարտի 12-ին նահանգապետը հայտնել էր մարզի գնդակոծության հետևանքով 1 զոհի, 10 վիրավորի մասին։

Վորոնեժի մարզի երկնքում ևս գիշերը ԱԹՍ է խոցվել, իսկ Կուրսկի մարզում հրթիռային գրոհի վտանգ է հայտարարվել։ Ըստ իշխանությունների՝ խոցվել է երկու ուկրաինական ԱԹՍ։

Ուկրաինական կողմն էլ հայտնել է, որ Սումիի մարզի բազմաբնակարան շենքերից մեկի վրա գիշերը ռուսական ԱԹՍ է ընկել։ Շենքի մի հատված փլուզվել է։  Ըստ տեղի իշխանությունների՝ վիրավորվել է 5 երեխա։

b57a26d8-97c8-4e36-b346-c0f40ea7d764.jpg (65 KB)

Իսկ Կրիվոյ Ռոգի իշխանությունները հայտնել են, որ քաղաքի վրա մարտի 12-ի երեկոյան ՌԴ զինված ուժերի հարձակման զոհերի թիվը հասել է 4-ի, տասնյակ մարդիկ վիրավոր են, այդ թվում՝ 9 երեխա։

247a7f6c-551d-43a4-a941-d1b530a6119e.jpg (30 KB)