«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արմեն Սարգսյանի բերած պատճառաբանությունները տրամաբանությունից հեռու են. երբ նա ստանձնում էր պաշտոնը, վստահ եմ, որ Սահմանադրությունը կարդացել էր.Հայկ Մամիջանյան

24/01/2022

Արմեն Սարգսյանի բերած պատճառաբանությունները, իմ կարծիքով, տրամաբանությունից հեռու են, որովհետև ապրոն Սարգսյանը, երբ ստանձնում էր պաշտոնը, վստահ եմ, որ Սահմանադրությունը կարդացել էր։ Ուստի նույն երգը երգել 4 տարի շարունակ, 4 տարի խոսել լիազորությունների պակասից՝ ճիշտ չէ, ինքը գիտեր այդ պաշտոնի լիազորությունների մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին:

Ըստ Մամիջանյանի՝ Արմեն Սարգսյանը անգամ չէր կատարում այն սուղ լիազորությունները, որոնցից անդադար բողոքում էր՝ բացահայտ հակասահմանադրական օրենքների նկատմամբ իր վերաբերմունքը, բազմիցս ներքաղաքական այս կամ այն ճգնաժամի վերաբերյալ կրավորական կեցվածքը.

«Այո, ինքը լուսանցքում էր շատ ու շատ գործընթացների պարագայում, այդ թվում՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության կնքման հետ կապված, ինչպես ինքն էր ասել։ Բայց դրան հակազդելու որոշակի գործիքակազմ ուներ Արմեն Սարգսյանը, ու՞ր էր նա: Եթե համարում էր, որ իր կարծիքը չեն լսում, չեն օգտագործում իր ամբողջ գործիքակազմը, այս հրաժարականը կարող էր ավելի շուտ տալ, կարող էր կամովին չհրաժարվել որոշակի գործիքակազմի՝ հօգուտ ԱԺ-ի: Այնպես որ նրա պատճառաբանությունները չեն դիմանում որևէ քննադատության»:

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ դեռևս շատ մանրամասներ չկան Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ, ուստի չի կարող խորը վերլուծել դրա պատճառները:

Պատգամավորը նաև նշեց, որ «Պատիվ ունեմ»-ը դեռ չի քննարկել նախագահի թեկնածու առաջադրելու հարցը, որոշման դեպքում՝ խմբակցությունը հայտարարություն կտարածի:

Իսկ թե «Պատիվ ունեմ»-ը կաջակցի նախագահի՝ ՔՊ-ի թեկնածուին, Մամիջանյանն ասաց.

« Ես մաքսիմում կարող եմ աջակցել Նիկոլ Փաշինյանին, որ իրերը հավաքի և վերջապես հեռանա»,-ասաց նա: