«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եթե պատերազմը լիներ «հայ-ադրբեջանական», վաղուց ամեն ինչ ավարտված կլիներ

16/08/2021

Ալիեւի հերթական հարցազրույցը հերթական ալիքն է բարձրացրել երեւանյան «իսթեբլիշմենթում», թեեւ Բաքվի հանցախմբի պարագլուխը որեւէ նոր բան չի ասել: Նորից նույն երգն է՝ տարածքային ամբողջականության ճանաչում, միջանցք, խաղաղության պայմանագիր եւ այլն: Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը նուրբ դիտարկում է անում՝ Ալիեւի նյարդայնությունը կապված է նրա սպասելիքների հետ, եւ այդ սպասելիքների ձեւավորմանը դեմ չի գնում իշխանությունը:

Ավելացնենք՝ այս երեւույթը նոր չէ, այլ սկսել է 1994-ից անմիջապես հետո, երբ երեւանյան քաղդասը այդպես էլ չի կողմնորոշվել, թե ինչ անել հաղթանակի հետ, հրաժարվելով կամ ընդունակ չլինելով ձեւավորել Արցախի եւ ընդհանրապես ազգային-պետական հարցերում նախաձեռնություններ եւ ներգրավվելով Բաքվի իրավունքների շրջանակում «հայ-ադրբեջանական» գործընթացին: Դա էլ սկսել է ձեւավորել Բաքվի սպասելիքները:

Երեւանյան քաղդասի անհամարժեքությունն ու բարդույթները, եւ ընդհանրապես հայ հանրության գերակշիռ մասի մոտ արմատավորված ցածր ինքնագնահատականը առավել ցայտուն դրսեւորվում են նոյեմբերի 9-ից հետո, որը լինելով միակողմանի պարտավորեցնող փաստաթուղթ, միեւնույն ժամանակ ընձեռում է լայն հնարավորություններ՝ իրավիճակը շրջելու համար: Սակայն այս միտքն ինքնին արդեն տարօրինակ է թվում երեւանյան քաղդասին, ուր մնաց ավելի բազմաքայլ քաղաքականությունը, որը լիովին անհասու է դրան:

Փոխարենը, ընտրվեց «կապիտուլյացիան» ու «կայուն խաղաղությունը», որի դեպքում առանձնապես մտավոր ջանքեր ու քայլեր չեն պահանջվում՝ կարելի է Ալիեւին հղումներ անել ու 9 ամիս շարունակ չդնել Արցախի ճանաչման կամ վերամիավորման հարցերը, Հայաստանն իջեցնելով այսպես կոչված «ադրբեջանի» մակարդակին ու որպես ազգ ու պետություն լեգիտիմացնելով այն:

Եթե պատերազմը լիներ «հայ-ադրբեջանական», այլ ելք կունենար, եւ այսպես կոչված «ադրբեջանը» կկիսեին Հայաստանն ու Թուրքիան, ինչն ավելորդ է ասել՝ չէր հանդուրժի Ռուսաստանը: Ռուսաստան-Թուրքիա «հավասար կիսելու» քաղաքականությունը տվյալ պարագայում կարող էր ապահովվել Հայաստանի պարտությամբ: Սա մենք չենք ասում, այլ՝ Մոսկվան ու Անկարան: Հայաստանը պատերազմել է Ռուսաստանի ու Թուրքիայի դեմ, իսկ «ադրբեջանը» նրանց պրոքսի-գործիքն է: Պետք չէ նսեմացնել հայ զինվորների սխրանքը:

Հայկական քաղդասին սկզբի համար կարելի էր խորհուրդ տալ հրաժարվել «ադրբեջանա-թուրքական ագրեսիա» ոչինչ չասող ու չպարտավորեցնող եզրից: Առավել եւս, որ Մոսկվայի պրոքսի գործիքը որոշակի հանգամանքներում կարող է դուրս շպրտվել արանքից, եւ ավելին՝ դա պետք է դառնա հայ քաղաքական դասի լուծելիք խնդիրը՝ հայկական իրավունքների վերականգնման ճանապարհին: Եվ այստեղ հարց է առաջանում՝ կա՞ նվազագույն պատկերացում նման խնդիրների վերաբերյալ:

Հայ-զինվորների սխրանքը թույլ տվեց պահել հայկական իրավունքների ու պահանջների օրակարգը: Խորհրդարան անցած ուժերը, որոնք կարծես թե սկսում են հասկանալ, թե ինչ է իրենց սպասվում, ուղիղ ու հավասար պատասխանատվություն են կրում հետագա զարգացումների համար: