«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եզրակացություններ Ալիևի վերջին հայտարարություններից․ Աշոտ Ներսիսյան

17/01/2024

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Անցյալ շաբաթ մամլո ասուլիսի ժամանակ Ալիևի աղմկահարույց հայտարարությունները բավական լայն քննարկումների առիթ հանդիսացան: Շատերը դրանք համարեցին խաղաղության պայմանագրի ձախողում: Այս առումով մենք վաղուց ենք հայտնել մեր տեսակետը, այն է` խաղաղության պայմանագիր չի կնքվելու, քանի դեռ չեն ավարտվել գլոբալ հակամարտությունները և մասնավորապես ռուս-ուկրաինականը: Հիմա այդ հարցը թողնենք: Ալիևի հայտարարություններից առանձնացնենք հետևյալները.

1. Հայաստանը պետք է տա ճանապարհ Զանգեզուրով առանց հայկական մաքսակետերի հսկողության, որպեսզի Ադրբեջանի քաղաքացին իր մի տարածքից ազատ տեղաշարժվի մյուսը: Այսինքն, եթե ադրբեջանցին Նախիջևանից գնացք է նստում և մեկնում Ադրբեջանի արևմտյան շրջաններ, ինչի պտի մաքս վճարի: Թերևս այստեղ Ալիևի տեսանկյունից տրամաբանություն կա, բայց խնդիրը վերաբերում է նրան, թե այս դեպքում դառնալով տարանցիկ երկիր, մենք ինչու չպետք է մաքս գանձենք: Կամ ինչպես կարելի է չվերահսկել մեր երկրով անցնող ճանապարհը: Հայկական կողմը հայտարարում է, որ երբեք այդպիսի ճանապարհ չի տալու, որը ենթադրում է Ադրբեջանի կողմից այն զինու ուժով բացում կամ ճանապարհ Հայաստանի շրջանցումով, որի դեպքում այն տնտեսապես որոշ առումով կշրջափակվի: Կտան արդյոք ՀՀ իշխանություններն այդ ճանապարհը, դժվար է պնդել, բայց մի բան ակնհայտ է, որ չտալու դեպքում պետք է պատրաստ լինեն պատերազմելու: Չգիտենք, ուշադիր չկարդալու հետևանք էր արդյոք պատգամավոր Պապոյանի երեկվա հայտարարությունն այն մասին, որ նոյեմբերյան համաձայնագրի 9-րդ կետով Զանգեզուրի միջանցքը ոչ մեկի վերահսկողությանը չի տրվում: Այնտեղ պարզ հետևյալն է գրված. «Տրանսպորտային երթևեկության հսկողությունն իրականացնում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության մարմինները»:

Բայց, ինչպես բազմիցս նշել ենք, Արևմուտքի ջանքերով մենք շեղվեցինք այս պայմանագրից, որի արդյունքում կորցրեցինք Արցախը: Իսկ ինչպես կարող է Ալիևը լուծել զանգեզուրյան եթե ոչ միջանցքի, ապա` անխոչընդոտ ճանապարհի հարցը: Ենթադրում ենք, որ հետևյալ կերպ: Կարող է հարձակվել Սյունիքի վրա, մեզանից նոր զոհեր խլել, որից հետո ռուսները մեղքը կգցեն մեր վրա, ինչպես Արցախի պարագայում, ապա կկանգնեցեն ընդհարումը և կտան ճանապարհն` ապահովելով իրենց վերահսկողությունը: Իսկ Արևմուտքն այս պարագայում ոչինչ չի կարողանա անել:

2. Ալիևը հայտարարեց, որ ամենևին չի պատրաստվում զորքերը հետ քաշել Հայաստանի սուվերեն տարածքից: Սա նշանակում է, որ փաստացի մենք չունենք 29,8 հազ. քառ. կմ տարածքը: Հիմա մենք երկու ընտրություն ունենք`կամ զենքով հեռացնենք կամ էլ զիջենք այդ տարածքները ևս: Արևմուտքն, ինչպես համոզվել ենք արդեն, այս առումով ոչինչ չարեց և չի անելու: Պարսկաստանին ավելի շատ մտահոգում է Զանգեզուրը, իսկ այս տարածքներից դուրս գալու պահանջ նա երբեք չի դրել: Նույնը վերաբերում է անկլավներին: Ռուսների հետ հարաբերությունների վատթարացումը կարող է հանգեցնել նրան, որ այդ հարցով էլ լինի ընդհարում և նրանք միջամտեն` հարցը կարգավորելով իրենց համար ցանկալի կերպով: Նրանց համար կարևորը ողջ տարածաշրջանում իրենց ազդեցության պահելը և ճանապարհները վերահսկելն է: Նրանց այս դեպքում այնքան էլ չի հետաքրքրում, թե քանի քառ կմ տարածք, ի վերջո, կմնա Հայաստանից: Ամեն օր մի հնարավորություն մեզնից տանում է, իսկ մեր իշխող և ընդդիմադիր ուժերը զբաղված են իրար ճիշտ ու սխալ հանելով: Այդ խնդիրները արդեն պետք է թողնել պատմաբաններին: