«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ընդդիմություն հրեական ոճով. Արայիկ Մկրտումյան

16/10/2023

Իսրայելա-պաղեստինյան պատերազմը, բացի ռազմական գործողություններից ու քաղաքական դրդապատճառերից, մեկ այլ ուշագրավ կողմ էլ ունի, որը հատկապես ակնառու է մեզ համար: Պատերազմը սկսելուն պես Իսրայելի ընդդիմությունը մի կողմ դրեց իշխանության հետ ունեցած բոլոր վեճերը և միավորեց իր ջանքերը նրա հետ՝ հայտարարելով, որ սա պայքար է հանուն պետության: Հիշեցնենք, որ իսրայելական ընդդիմությունը վերջին տասը ամիսներին Նաթանյահուի կառավարության ամենակոշտ քննադատներից է եղել՝ նրան մեղադրելով հնարավոր բոլոր մեղքերի ու ձախողումների համար: Ընդ որում Իսրայելում հատկապես վերջին մի քանի ամսում բավական թեժ ներքաղաքական իրավիճակ էր և պաղեստինցիների հարձակումը, թվում է թե, հրաշալի առիթ էր ընդդիմության համար ապացուցելու, որ Նաթանյահուն տապալել է երկրի կառավարումը, որի հետևանք է նաև այդ դաժան պատերազմը:

Բայց, որքան էլ որ զարմանալի է, ընդդիմությունը մի կողմ դրեց այդ ամենը և լծվեց երկրի պաշտպանության գործին, մեդիայում նաև լուսանկարներ տարածվեցին, թե ինչպես են իսրայելյան նախկին պաշտոնյաները միացել զինվորական ու քաղաքացիական անձնակազմերի աշխատանքներին: Հայաստանում այդ առիթով սրախոսեցին, թե պատկերացնո՞ւմ ենք, արդյոք ՀՀ նախկին վարչապետներից կամ նախագահներից մեկն ու մեկը նման բան աներ:

Շատ վատ է, որ չենք պատկերացնում և շատ վատ է, որ մեզ մոտ նման քայլերը կամ ծիծաղ են առաջացնում կամ զարմանք: Դա առաջին հերթին մեր մտածողության և ապա քաղաքական որակի մասին է խոսում: Դա մեր համակարգային մեծագույն բացերից մեկի վկայությունն է և սկզբունքային անմիաբանության, ցույց է տալիս, որ Հայաստանում չկա միասնականության և հանուն պետության պայքարի հիմնաքարային տրամաբանությունը:

1991թ. հետո Հայաստանում անցկացված ցանկացած քաղաքական ընտրություն համարվել է կեղծված և ընդդիմությունը միշտ պահանջել է իշխանությունների հրաժարականը: Հայաստանում գրեթե չի եղել մեկ տարի, որ տվյալ օրվա ընդդիմությունը ցույցեր չանցկացնի և իշխանությանը չմեղադրրի, համապատասխանաբար իշխանություններն էլ երբեք կառուցողական չեն եղել և աշխատել են ճզմել ընդդիմությանը: Եվ հենց սա էլ եղել է հայաստանյան իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների հիմնական տրամաբանությունը:

Ընդհանրապես այդ ամենը քիչ թե շատ նորմալ կհամարվեր, եթե այդ ոճը չկիրառվեր նաև պատերազմական կամ այլ վտանգավոր իրավիճակներում: Անկախ նրանից, թե իշխանությունը Ռ. Քոչարյանի ձեռքերում էր, և թե հիմա Ն. Փաշինյանի, ընդդիմությունը ցանկացած առիթ օգտագործել է միայն քաղաքական նպատակներով՝ հակառակորդին սևացնելու և դատապարտելու համար:

Նույնիսկ Ադրբեջանում, ուր վստահորեն կարելի է ասել, որ կառավարման դիկտատորական համակարգ է տիրում, կա անվերահսկելի կոռուպցիա, պատերազմական իրավիճակում ընդդիմությունը սովորաբար միանում է իշխանությանը և ներքաղաքական բախումները հետաձգվում են: ԱՄՆ-ում սկզբունքային հակառակորդներ հանրապետականներն ու դեմոկրատները միմյանց դեմ պայքարում են մրցակցային, այլ ոչ թե թշնամական տրամաբանությամբ: Մեծ Բրիտանիայում ընդդիմությունն իրեն կոչում է «նորին մեծության ընդդիմություն», ցանկանալով շեշտել, որ իրենք ընդդիմադիր են հանուն Անգլիայի, ոչ թե հանուն իրենց կուսակցական նեղ շահի:

Բայց եթե նույնիսկ ողջ աշխարհում ընդդիմությունը պատերազմի ժամանակ հարձակվեր իշխանության վրա, մենք չպիտի դա նորմալ համարեինք ու դարձնեինք կիրառվող պրակտիկա: Այն ինչ արեց իսրայելական ընդդիմությունը, մեզ շատ մեծ դաս պիտի լիներ, դաս, որն իր մեջ կրում է համընդհանուր նպատակի, հանուն պետության և հայրենիքին ծառայելու մեծ գաղափարը, և որին ստորադասվում է մնացյալ ամեն ինչ:

Բայց Հայաստանում երբեք նման բանի ականատես չենք եղել: 2020թ. կորոնավարակի և այնուհետև 44-օրյա պատերազմի օրերին մենք չենք տեսել, որ իշխանությունն ու ընդդիմությունը միավորեն ջանքերը: Նրանք պայքարել են խնդիրը լուծելու համար, բայց առանձին-առանձին և երբեք հարցը չի դրվել համընդհանուր տրամաբանության մեջ: Մեր մեջ դեռևս անձնական ստորացում է համարվում ենթարկվելը և մեզնից ամեն խումբ միավորման կոչ անելիս ակնկալում է, որ իրեն միանան, այլ ոչ թե ինքը միանա:

44-օրյա պատերազմում մենք ականատես եղանք, որ որոշ նախկին պաշտոնյաներ իրենց մասնակցությունն ունեցան պաշտպանության գործում, ինչպես օրինակ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը, բայց համագործակցություն ասվածն այդպես էլ դրանից այն կողմ չգնաց:

Ի՞նչ հետևություն կարելի է անել այս ամենից: Այն, որ նախ,հարկ է  տարբերել խմբային պայքարը պետության դեմ պայքարից և այնպես անել, որ իշխանության դեմ պայքարը չվերածվի պետության դեմ պայքարի: Իսրայելը հիմա այդ օրինակն է մեզ ցույց տալիս:

Հարկ է հիշել, որ մեզանում հայերն իրենց համեմատում են հրեաների հետ՝ խելքով, ունակությամբ, խորամանկությամբ, տարբեր լավ ու վատ գծերով, բայց նույնիսկ մենք ընդունում ենք, որ նրանք համախմբված են, իսկ մենք՝ ոչ: Ու հարց է առաջանում, թե արդյո՞ք մեր չհամախմբվածությունը պարզապես փաստ է, որը մենք արձանագրում ենք, թե այն, ի վերջո, ընկալվելու է որպես վտանգավոր թուլություն, որի դեմ պայքարելու ենք:

Այսօր Իսրայելը հանուն պետության պայքարի լավ օրինակ է տալիս, որը մեզ համար դաս պիտի լինի: Ի վերջո պատերազմում պարտվում է ոչ թե իշխանությունը, այլ պետությունը:
Ցանկացած իշխանություն միշտ ունի առաջարկելու և ցանկացած ընդդիմություն՝ ընդունելու այդ առաջարկը: Մենք դա չհասկացանք 2020-ին ու հաջորդող երեք տարիների սրացումների ու աղետների ժամանակ: Հիմա, երբ տարածաշրջանը կանգնած է փոթորկի առաջ և մարդիկ հարցնում են, թե ո՞րն է լուծումը, կա միայն մեկ պատասխան՝ միասնություն և առաջին հերթին քաղաքական միասնություն: Եթե Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը միանան, ապա ողջ հայությունը կմիավորվի: Իսրայելը ցույց տվեց, որ հանուն պետության, կարելի է ու պետք է մի կողմ դնել անձնական, խմբային ամեն ինչ: Այս ընկալումը մեզ համար չափազանց կարևոր է։

Արայիկ Մկրտումյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող